Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակման հետքերով

Նոյեմբեր 22,2008 00:00

Չորրորդ երեխայի մասին չգիտեին էլ

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր այցելել Շենգավիթ համայնքի բնակիչ Լեւոն Ավագիմյանը եւ դժգոհել, որ 2007-ի փետրվարի 5-ին երբ ծնվել է իր երրորդ երեխան, այդ առիթով տրվող միանվագ 200 հազար դրամը մերժել ու չեն տվել: Նրա պատմելով, 2008-ի օգոստոսի 8-ին ծնվել է իր չորրորդ երեխան եւ ինքը ոչ միայն չի ստացել չորրորդ երեխայի առիթով տրվող միանվագ 300 հազար դրամը, այլ նաեւ կտրել են մինչ այդ տրվող նպաստը: Նա մեր թերթին բողոքել էր, որ Շենգավիթի սոցիալական տարածքային գործակալության պետ Ռուզաննա Կռունկյանն իր հետ կոպիտ է վարվել, նույնիսկ վիրավորել է արժանապատվությունը՝ խորհուրդ տալով ընտանիքով ապրել աղբանոցում, որպեսզի ակնհայտ անապահովի կարգավիճակ ունենան՝ նպաստ ստանալու համար: «Առավոտին» տիկին Կռունկյանը ներկայացրեց փաստեր, որոնք ապացուցում էին քաղաքացի Ավագիմյանի դժգոհության անհիմն լինելը: «Որպեսզի երրորդ երեխայի ծնվելու փաստով քաղաքացին 2007-ին ստանար 200 հազար դրամը, պետք է մինչեւ երեխայի ծնվելը հաշվառվեր անապահով ընտանիքների համակարգում, սակայն, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, չի հաշվառվել այդ ժամանակահատվածում եւ նպաստառու է դարձել միայն այս տարվա փետրվարից, որի արդյունքում էլ զրկվել է գումարը ստանալու հնարավորությունից»:

Ինչ վերաբերում է չորրորդ երեխայի ծնվելու առիթով տրվող 300 հազար դրամին, ինչպես նաեւ անապահովության նպաստը կտրելուն, տիկին Կռունկյանը փաստեց, որ Լ. Ավագիմյանի չորրորդ երեխայի գոյության մասին իրենք անգամ չգիտեին էլ, քանի որ այդ երեխայի գոյությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ ծնողները չեն ներկայացրել իրենց գործակալություն. «Երբ մեզ ասացին, որ չորրորդ երեխան են ունեցել, նրանց ասել ենք, որ երեխայի փաստաթղթերը ծննդյան օրվանից 6 ամսվա ընթացքում ներկայացնեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություն, ինչը մինչ այս պահը չեն արել: Ժամանակն արդեն քիչ է, բայց դեռ ունեն այդ հնարավորությունը, եթե այդ ժամկետը բաց թողնեն՝ հետո պիտի գան ու դժգոհեն, թե մենք նպաստ չենք տվել»:

Նա նաեւ նշեց, որ այս ընտանիքը գրանցված է Շարուրի փողոցի օժանդակ շինությունում, մինչդեռ փաստացի ապրում են Հ. Հովհաննիսյան փողոցում: Բայց քանի որ, ըստ կարգի, նպաստը տալիս են փաստացի բնակության վայրում, այլ ոչ թե գրանցման հասցեում, իսկ Լ. Ավագիմյանը փաստացի բնակության վայրից որեւէ տեղեկանք չի ներկայացրել, այդ իսկ պատճառով նպաստից զրկվել են: «Մենք մի քանի անգամ ստուգումներ անելու նպատակով այցելել ենք նրանց բնակության վայր, սակայն դուռը փակ ենք տեսել, իսկ տեսուչներին հարեւաններն ասել են, որ Շարուրի հասցեում Լ. Ավագիմյանը չի ապրում, մեկ-մեկ կինն է գալիս-գնում: Երբ նրանք ասել են, որ Հովհաննիսյան փողոցում են ապրում, խորհուրդ եմ տվել տեղեկանքն այդտեղից բերեն, բայց ինձ Լ. Ավագիմյանն ասել է, որ Հովհաննիսյան փողոցից չեն կարող տեղեկանք բերել, քանի որ այդ հասցեում պարտքեր ունեն: Այդպես էլ փաստացի բնակության վայրից տեղեկանք չբերեցին, ինչը, ըստ օրենքի, հիմք էր նպաստը սեպտեմբերի 1-ից դադարեցնելու համար»,- ասաց Ռ. Կռունկյանը: Նա վրդովված էր նաեւ, որ Լ. Ավագիմյանը զրպարտել է իրեն, թե իբր ինքը խորհուրդ է տվել աղբանոցում ապրեն. «Ես հայ կին եմ, մայր, ինչպե՞ս կարող եմ բազմազավակ ընտանիքի հորը նման բան ասել, ընդհակառակը՝ նա է ինձ իմ աշխատասենյակում վիրավորել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել