Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Նոյեմբեր 22,2008 00:00

Արդարադատության նախարարից նման քայլ են ակնկալում փաստաբանները

«Դիֆենս» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Կարեն Անդրեասյանը, փաստաբան Արարատ Անտոնյանն ու «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հ/կ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը երեկ «Փաստարկ» ակումբում, կոնկրետ օրինակներ բերելով, խոսեցին Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին: Ս. Ներսիսյանի ձեւակերպմամբ, բոլոր երկրներում հեղինակային իրավունքի խնդիրները միշտ հանրության եւ իշխանությունների ուշադրության կենտրոնում են. «Հեղինակային իրավունքը ուղիղ կապով առնչվում է տնտեսության հետ, եթե այն զարգացած չէ, ապա տնտեսությունն էլ զարգացած չէ, որովհետեւ արվեստի ստեղծագործությունները վաճառքի օբյեկտներ են, ու հանրությունը պետք է իմանա՝ արդյո՞ք օրինական են օգտագործվում դրանք, թե՞ ոչ: Հեղինակային իրավունքի ոչ զարգացածությունը բացասաբար է անդրադառնում պետության հեղինակության վրա»: Նա տեղեկացրեց, որ վերջերս իրենք դիմել են դատարան՝ ընդդեմ «Սայաթ-Նովա» համալիրի, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւ «Ֆոկուս գովազդ ստուդիո» ՍՊԸ-ի («Ջիանի» ռեստորանի): «Արդյունքները հետաքրքիր էին. երեք հայցապահանջն էլ նույնն էր, առաջին երկուսի դեպքում կարճ ժամկետներում օբյեկտիվ վճիռ կայացվեց: «Ջիանիի» հետ կապված դատը տեւեց ութ ամիս, կայացվեց խայտառակ վճիռ»,- նշեց Ս. Ներսիսյանը: Ըստ Կ. Անդրեասյանի, որը համագործակցում է «Հայհեղինակի» հետ, Հայաստանում քաղաքացիները շատ դժվարությամբ են վերականգնում իրենց խախտված իրավունքները. «Հեղինակային իրավունքների խախտումն իրականում նույն գողությունն է, կապ չունի մարդուց կգողանաս նրա դրամապանա՞կը, թե՞ ստեղծած աշխատանքը: Դրամապանակի գողությունը հաճախ այնքան չի ցավեցնում, ինչքան ստեղծագործության գողությունը, որովհետեւ վերջինս ստեղծագործողի համար սեփական երեխայի պես մի բան է»: Կ. Անդրեասյանի ներկայացմամբ, Հայաստանում առաջին անգամ է, որ համակարգված ձեւով դատական արշավ է սկսվել հեղինակային իրավունքները խախտողների դեմ. «Հայաստանում կան նորմալ դատավորներ, կա արդարադատություն: Ինչպես նշվեց, մեր երեք գործերից երկուսում կայացվել է արդարացի վճիռ, կողմերը նույնիսկ չեն բողոքարկել: Անդրադառնալով «Ջիանիի» վճռին, պետք է նշեմ, որ դատավոր Կարինե Պետրոսյանը հավանաբար անձնական թշնամանք ուներ մտավոր սեփականության նկատմամբ, որովհետեւ այդպես էլ չհասկացանք՝ նրա մոտ անձնական պայքար է հեղինակային իրավունքների դե՞մ, թե՞ ինչ-որ մոտեցում, որը պետք է հետագայում ճշտվի: Գուցե լրագրողներդ պարզեք նրա կայացրած վճռի պատճառը, որովհետեւ նա իր վճռով խաչ է ուզում քաշել հեղինակային իրավունքի պաշտպանության ինստիտուտի վրա»: Իրավապաշտպան Կ. Անդրեասյանը հավելեց նաեւ, որ իրենք պատրաստվում են Ս. Ներսիսյանի անունից ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին դիմում-բողոք ուղարկել՝ խնդրելով, որ Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Կ. Պետրոսյանի նկատմամբ, որը քննել է «Հայհեղինակի» գործն ընդդեմ «Ֆոկուս գովազդ ստուդիո» ՍՊԸ-ի, այսինքն՝ «Ջիանի» ռեստորանի՝ լիցենզային պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին, հարուցի կարգապահական վարույթ: Բանախոսները նշեցին, որ «Ջիանիի» գործով դատարանը կայացրել է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումներով վճիռ: Կ. Անդրեասյանը շեշտեց. «Կազմակերպության հայցի հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ Ընկերությունն, առանց օրենքով սահմանված լիցենզային պայմանագրի կնքման, հրապարակային կատարումներ կազմակերպելու միջոցով օգտագործել է տարբեր հեղինակների ստեղծագործությունները: Դատարանն իր իրավական վերլուծություններում հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասը, փորձել է մեկնաբանել «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածն ու նշել, որ հրապարակային կատարում իրականացնելու համար ընկերությունը պետք է ստեղծագործությունը անմիջապես կատարեր, ու հանգել է այն «հայտնագործությանը», որ դա անհնար է: Դատական քննության ընթացքում ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված եւ դատարանի կողմից հայցի մերժման հիմքերում նշված ծառայությունների մատուցման պայմանագիրը վերաբերում է հարակից իրավունքներին: Դատարանը չկարողանալով կամ չցանկանալով տարանջատել հեղինակային իրավունքը հարակից իրավունքից՝ հեղինակային իրավունքի պայմանագիրը, օրենքի կոպիտ խախտումով, նույնացրել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հետ»:

Կ. Անդրեասյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք առաջիկայում վերաքննիչ դատարանում բողոքարկելու են դատավոր Կ. Պետրոսյանի կայացրած վճիռը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել