Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 22,2008 00:00

Բժշկությունը թատրոն չէ

«Ուսումնասիրություններից պարզվել է, որ մանկական մահացության մեծ մասը կախված է ոչ միայն մանկաբուժության, այլեւ մոր եւ մանկան ծառայություններից: Այդ առթիվ մեզ հաջողվեց ապացուցել, որ առողջության պահպանման առաջնային ծրագիրը ոչ թե մեկ բժշկի թատրոն է, այլ մեկ բժշկի կողմից կազմակերպվող, աջակցող եւ վերահսկող, բայց թիմային աշխատանք, որի մեջ մեծ դեր պետք է ունենա մանկաբուժությունը»- երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա հավաստմամբ, թեեւ հատկապես մարզերում մանկաբուժության ոլորտում անելիքները դեռ շատ են, սակայն կան նաեւ ձեռքբերումներ. «Կատարելով որոշակի ուսումնասիրություններ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը 2004-ին հաստատեց, որ Հայաստանը միակն է ԱՊՀ երկրներից, որ կարող է հասնել մանկաբուժության ոլոտում իր առջեւ դրված նպատակներին»:

Երեխաներին մի շարք հիվանդություններից զերծ պահելու համար Ա. Բաբլոյանը մայրերին խորհուրդ է տվել առնվազն 6 ամիս նրանց կրծքով կերակրել: Նա տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանում մանկական հիվանդություններից տարածված են փորլուծությունը եւ սնուցման հետ կապված մի շարք այլ հիվանդություններ:

Անթառամը սրտին դարման չէ

«Հայաստանում սրտանոթային հիվանդությունների թիվը չի աճել, այդ հիվանդությունները չեն երիտասարդացել, պարզապես ախտորոշման հնարավորություններն են մեծանում: Առանց լուրջ մասնագիտական վիճակագրության՝ նման կարծիք հայտնելը նույնն է, ինչ, ասենք, որ վերջին տարիներին ձմեռը շուտ է գալիս: Պարզապես, այսօր հանրապետության կլինիկաները քիչ թե շատ կարողանում են զինվել նոր սարքավորումներով եւ հիվանդություններն ախտորոշել՝ ավելի հեշտ է լինում»,- երեկ լրագրողերին ասել է «Զեյթուն» սրտանոթային բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը: Նրա հավաստմամբ, այժմ մարդիկ ավելի հաճախ են բժշկի դիմում, որը բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին է խոսում, սակայն դա չի նպաստում հիվանդության կանխարգելմանը, քանի որ վիրահատության համար մեծ գումարներ են պահանջվում. «Տարեկան 2000-2200 մարդ է վիրահատվում, մինչդեռ նման հիվանդների թիվը պետք է հինգ-վեց հազարից ավելի լինի»: Այս հարցն էլ լուծելու համար նա առաջարկում է քթի պլաստիկ վիրահատության համար պետբյուջեից գումարներ չհատկացնել, քանի որ «դա լավ հագնվելու նման մի բան է, իսկ սրտի վիրահատության համար պետք է հատկացնել, քանի որ կյանքը փրկելու խնդիր է»:

Ըստ Շ. Խաչատրյանի, սրտային շատ հիվանդությունների դեպքում բուժման միակ միջոցը վիրահատությունն է. «Իշեմիկ կամ ինֆարկտածին հիվանդությունների կանխարգելման համար հարկավոր է վիրահատական միջամտություն, մենք կանխարգելման երկրորդ միջոց չենք հայտնաբերել, ասենք՝ անթառամ ծաղիկով բուժում իրականացնելը»:

Սեփ. լր.

Ինֆորմացիան գաղտնի են պահում

«2008-ի 1-ին կիսամյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտելու համար որեւէ պաշտոնյա չի ենթարկվել տույժ-տուգանքների: Միայն վերջերս Հրազդանի քաղաքապետարանը ենթարկվել է 50.000 դրամ տուգանքի»,- երեկ Լոռու մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» փորձագետ Մարինե Հակոբյանը: Նրա խոսքերով. «Յուրաքանչյուր համայնք պետք է սահմանի տեղական տուրքերի վարձավճարների եւ աշխատատեղերի դրույքաչափերն ու վարձատրությունների չափերը, եւ դրանք, ինչպես նաեւ կատարված վճարումների ցուցակները պետք է փակցված լինեն բոլորի համար տեսանելի եւ մատչելի վայրում: Մինչ օրս, սակայն, որեւէ համայնքում վերը նշված ինֆորմացիան փակցված չեմ տեսել: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել եւ ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան եւ պարտավոր չէ հիմնավորել, թե ինչու է դա իրեն անհրաժեշտ: Սակայն որեւէ պաշտոնյա չի կարող մերժել ինֆորմացիայի տրամադրումը առանց հիմնավորման»:

Հատուկ քննարկմանը ներկա համայնքապետարանների ներկայացուցիչների համար Մ. Հակոբյանը նշեց, որ համայնքները պարտավոր են հրապարակել բյուջեն եւ տարեկան ծրագրերը, կամ գոնե դրանց այն հատվածները, որոնք հետաքրքրում եւ հուզում են հասարակության լայն շրջանակներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել