Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կվերածվի Պաղեստինի»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի դեպքում կանխատեսում է «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը:

«Ես երջանիկ կլինեմ, եթե Սերժ Սարգսյանը հողերը չվերադարձնելու երդում տա ոչ միայն կուսակցությունների ղեկավարների առջեւ, այլեւ ժողովրդի, քանի որ նա ՀՀ Սահմանադրությամբ հենց ժողովրդի նախագահն է»,- ասաց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ արձագանքելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ տպավորություններ ունեք նախագահի նախաձեռնությամբ նախորդ օրը կայացած ԼՂՀ հարցի քննարկումներից: «Ես ուզում եմ, որ ազգային կարեւորություն ունեցող հարցերը լինեն թափանցիկ եւ քննարկվեն ազգի հետ, ոչ թե զոմբիացված սպառողների մի մասսայի, ինչի վիճակին իշխանությունը փորձում է հասցնել մեզ: Ես հասկանում եմ, որ իշխանական ոլորտում քիչ են հմուտ դիվանագետները, քաղաքական գործիչները, փոխարենը՝ շատ են վաճառականները, եւ գոնե որպես վաճառականների եմ իրենց հարցնում՝ ի՞նչ եք ակնկալում փոխզիջումներից, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը. կարո՞ղ է սեւ խավիարն է պակասել ձեր սեղաններին կամ նավթի խողովա՞կ եք ակնկալում՝… նավթը 20 տարուց վերջանալու է, գոնե Ադրբեջանում: Ես ուզում եմ հասկանալ, ուզում եմ, որ ինձ բացատրեն, թե ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»,- ասում է մեր զրուցակիցը:

Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ «Միացման» անդամները նախաձեռնություն չեն ցուցաբերում նախագահի հետ հանդիպելու եւ նրանից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները, գուցե Սերժ Սարգսյանն իրենց էլ համոզի, որ չի պատրաստվում ոչ մի թիզ հող վերադարձնել: Պարոն Խզմալյանը տեղեկացրեց, որ իրենք դիմելու են նախագահի հետ հանդիպման համար: Ինչ մնում է համոզելուն կամ համոզվելուն՝ «Սերժ Սարգսյանը պարտավոր չէ համոզել ամեն մի կազմակերպության, նրա սահմանադրական պարտքն է համոզել ազգին, ժողովրդին: Մենք պարզապես ցանկանում ենք զգուշացնել ՀՀ բոլոր պաշտոնյաներին, որ Հայաստանի ազատագրված տարածքներից որեւէ հողակտորի զիջումը, վաճառքը կամ խոստումն այդ ուղղությամբ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Իրենք ոչ միայն պատմության, այլեւ ժողովրդի դատաստանի առաջ են կանգնելու, քրեական պատասխանատվության են ենթարկվելու: Եթե այստեղ մարդիկ ցանկանում են Նոբելյան մրցանակներ ստանալ՝ Քեմ Դեվիդս սարքելու համար, ապա թող հիշեն, թե ինչ ճակատագիր ունեցան Իցհակ Ռաբինը եւ Սաադաթը: Այնպես որ, մենք ցանկանում ենք նրանց պարզապես զգուշացնել, ի վերջո, իշխանավորներն էլ մեր ազգակիցներն են, եւ մենք նրանց մասին էլ ենք մտածում»:

Քանի որ վերջին շրջանում նաեւ իր հարցազրույցներում նախագահ Սերժ Սարգսյանը մատնանշում է ԼՂՀ հարցի հայամետ լուծման իր տրամադրությունները՝ ինչի՞ համար են «Միացում» նախաձեռնության անհանգստությունները հարցին էլ Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Արցախի ներկայիս սահմաններից ցանկացած նահանջ բերելու է պատերազմի, քանի որ ազատագրված տարածքների զիջման դեպքում Հայաստանը վերածվելու է Պաղեստինի: Գլխավոր գործոնն արդեն լինելու է դեմոգրաֆիկ գործոնը, մանավանդ, որ խոսվում է միայն փախստականների վերադարձի մասին. ի՞նչ են անելու, Բաքվում բնակարաննե՞ր են կառուցելու հայ փախստականների համար: Թող հստակ տրվեն մեր հարցերի պատասխանները եւ իրենց «հայամետության» երաշխիքները»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս սերնդի կյանքի իմաստը ազատագրված տարածքների պահպանումն է. «Եթե կորցնում ենք այդ հողերը՝ իմ կյանքն անիմաստ է դառնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել