Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇՔՆ ՈՒ ՄԻՏՔԸ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ» Է

Նոյեմբեր 22,2008 00:00

Բրյուսել մեր այցի ընթացքում համոզվեցինք, որ եվրոպական պաշտոնյաներն առաջնայնությունը տալիս են Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի կարգավորմանը, որոնց համեմատ՝ ներքաղաքական խնդիրների լուծումը մղվում է երկրորդ պլան:

Մարտի 1-ին հաջորդած օրերին եվրոպական պաշտոնյաները մեկը մյուսից խիստ գնահատականներ էին տալիս Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ասենք, Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Եվրամիության նախագահությունը հայտարարություններ էին հրապարակում, որտեղ Հայաստանի իշխանություններին կոչ էր արված ազատ արձակել բոլոր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքը իրականացնելու համար, իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննություն եւ այլն: Իսկ Եվրոպական խորհրդարանն անգամ լիագումար նիստում ընդունեց այս նույն կոչերով լի մի բանաձեւ:

Այսօր էլ հայ ընդդիմադիրների մի զգալի մասը շարունակում է մնալ բանտերում: Սակայն եվրոպացի պաշտոնյաներն այլեւս գրեթե չեն խոսում այդ մասին՝ փոխարենը ողջույնի խոսքեր ասելով Հայաստանի նախագահի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին: Նոյեմբերի 5-6-ին Բելգիա այցելության ժամանակ եվրոպացի պաշտոնյաների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումների ընթացքում, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, որեւէ խոսք չէր եղել Հայաստանում ներքին քաղաքական խնդիրների, քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների մասին եւ այլն: Զրույցների առանցքում հայ-թուրքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում արձանագրված տեղաշարժերն էին:

Մոտավորապես նույն ոգով էին արտահայտվում այն գործիչները, որոնց հետ հայ, ադրբեջանցի եւ վրացի լրագրողներս հանդիպեցինք այս շաբաթ Բրյուսելում: Նրանք միայն մեր հարցերից հետո էին անդրադառնում իրենց ոչ վաղ անցյալի հայտարարություններին՝ Հայաստանում ժողովրդավարության բացթողումների մասին: Մինչդեռ սեփական նախաձեռնությամբ՝ խիստ դրվատանքով էին խոսում «ֆուտբոլային դիվանագիտության» մասին: Մի դիվանագիտություն, որն իրականում սկսվեց ու վերջացավ ֆուտբոլային հանդիպումով՝ չեղան համաձայնություններ, Հայաստանի նկատմամբ թուրքական կողմի դիրքորոշումը եւ առաջադրված նախապայմանները մնացին անփոփոխ, սահմանը մնաց փակ, իսկ «Կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման՝ Թուրքիայի նախաձեռնությունից առայժմ միայն վերնագիրը կա եւ դրա մասին քաջալերիչ հայտարարությունները: Այո, կա նաեւ հեռանկարը, որ 2009-ի հոկտեմբերին էլ Սերժ Սարգսյանն է Գյուլի հրավերով գնալու Ստամբուլ՝ միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը:

Բրյուսելյան մեր այցի ընթացքում Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Անտոնիո Միսսիրոլին մեր հարցին, թե, արդյոք, չափազանցություն չե՞ն «ֆուտբոլային դիվանագիտության» եւ տարածաշրջանում Թուրքիայի մեծացող դերակատարության մասին պնդումները՝ պատասխանեց. «Թուրքիան օբյեկտիվ մեծ դեր ունի տարածաշրջանում՝ նայեք քարտեզին: Եվ երբ տեսնում ենք, որ ջարդվում են ամեն տեսակի տաբուները՝ դա լավ նշան է»: Այս ամենը մատուցվեց այն համատեքստում, որ Եվրամիությունը չի ուզում ներմուծել հակամարտություններ:

Բելգիայի մայրաքաղաքում տեղեկացանք, որ Հայաստանի քաղբանտարկյալները հրաժարվել են հանդիպել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին՝ բողոքելով «եվրոպական բյուրոկրատական կառույցների» երկդիմությունից ու անհետեւողականությունից, ու նաեւ նրանից, որ նրանք չեն կատարում ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման իրենց ստանձնած պարտավորությունները: Այս առնչությամբ Բրյուսելում մեր հանդիպումների մասնակիցներից մեկն ասաց, թե Հայաստանի իշխանությունների հետ շփումների ընթացքում իրենք միշտ ասում են, թե այս հարցերը պիտի լուծվեն, բանտարկյալները պիտի ազատ արձակվեն: Սակայն հարցին, թե ի՞նչ արձագանք եք ստացել՝ պատասխանեց. «Ոչ մի նոր բան»:

Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի մամուլի քարտուղար Քրիստինա Գալախը, որը նույնպես նշեց, թե Թուրքիայի նախագահի այցը մեծ խթան էր հարաբերությունների զարգացման համար, եւ իրենք տեսան Հայաստանում մի կառավարություն, որն ավելի է հակված բարեփոխումների՝ մեր դիտարկմանը, թե տպավորություն կա, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման դիմաց Եվրոպական միությունը պատրաստ է աչք փակել Հայաստանի ժողովրդավարական թերությունների վրա՝ այսպես արձագանքեց. «Համաձայն չեմ բոլորովին: Խոսքի ազատությունը, ընդդիմության ազատ գործելու իրավունքը՝ սրանք հիմնարար սկզբունքներ են Եվրոպական միության համար: Մենք չենք փակել մեր աչքերը: Դուք լսել եք մեր բողոքի ձայները: Եվ մենք այսօր էլ ենք աջակցում մամուլի ազատությանը եւ այլ հիմնարար իրավունքների պաշտպանությանը»:

Մեր հանդիպումների բոլոր մասնակիցներն անդրադառնում էին այն փաստին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները վերջերս ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար բարձր մակարդակի խորհրդատուների խումբ ուղարկելու մասին: Նրանք հույս ունեն, որ այս խումբը իրական եւ դրական ազդեցություն կունենա բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն, այնուամենայնիվ, առավել խոսում էին այն ակնկալիքների մասին, թե «ֆուտբոլային դիվանագիտությունը» չի ավարտվի միայն իրար հետ ֆուտբոլ նայելով, եւ այս տարածաշրջանում, ի վերջո, կտիրի կայունություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել