Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Նոյեմբեր 22,2008 00:00

ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հերթական անգամ փայլել է իր ինքնատիպությամբ։ Լրագրողները նրան հարցրել են Սամվել Նիկոյանի եւ դիպուկահարի պատմության մասին։ Գալուստ Սահակյանը, որպես «քաջատեղյակ», հայտարարել է, որ նրանք, ովքեր «մարտի 1-ին ստեղծել էին հայտնի վիճակը», ովքեր «ոչ սահմանադրական ճանապարհով ցանկանում էին երկրում իշխանությունը յուրացնել», նրանց տրամադրության տակ էլ եղել են դիպուկահարները: «Նրանց հրահանգով էլ ծնվել են դիպուկահարները, եթե դրանք եղել են»,֊ «մանրամասնել» է պարոն Սահակյանը։ Լրագրողները փորձել են ավելի մանրամասնել, այսինքն՝ Գալուստ Սահակյանը նկատի ունի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանո՞վ են գործել դիպուկահարները: Գալուստ Սահակյանն ազնվորեն խոստովանել է, որ չգիտի՝ Տեր-Պետրոսյանի՞ հրամանով, թե՞ նրան կարգադրողների, որոնք, ըստ Գալուստ Սահակյանի, «օտար ափերից են»։ Իսկ ԼՂ խնդրին նվիրված նախագահի նախաձեռնությամբ կուսակցությունների ղեկավարների հետ երեկ անցկացված խորհրդակցությունը շատ բարձր գնահատելով՝ պարոն Սահակյանը նախագահի այս նախաձեռնողական քայլը որակել է որպես «նոր քաղաքական մշակույթի ձեւավորում»։ Հանրապետականը վստահ է, որ ԼՂՀ բանակցություններում հայկական կողմի համար կարեւորագույն խնդիրը ԼՂՀ կարգավիճակի հարցն է. «Այսօր կուլմինացիան կարգավիճակն է։ Մնացածը բաց դիվանագիտական քննարկումների հետեւանք է լինելու»,- նշեց Գալուստ Սահակյանը։ «Ես որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունեմ մադրիդյան սկզբունքների մասին: Գիտեմ, որ որոշակի սկզբունքներ ձեւավորվել են, եւ առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացած սկզբունքների մեջ չեմ խորանում, չեմ էլ ուզում խորանալ: Մեր տեսակետն է՝ լուծումը պետք է լինի փաթեթային, որի կենտրոնում ԼՂ կարգավիճակի խնդիրն է: Ես տեղյակ չեմ մադրիդյան սկզբունքներից»,- նշեց պատգամավորը: Նաեւ հայտարարեց, որ եթե բոլորը՝ քաղաքական ուժերն ու հասարակությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում սատարեն Սերժ Սարգսյանին, ապա հայկական կողմի համար դրական լուծում կստանա նաեւ սահմանների հարցը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել