Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին խոչընդոտեցին

Նոյեմբեր 22,2008 00:00

Մոտ մեկ ամիս առաջ «Միացում» նախաձեռնության անդամները նամակով դիմել էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ հանդիպում խնդրել՝ պարզաբանելու համար ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ ընթացող իրադարձությունները եւ փարատելու նախաձեռնության անդամների մտավախությունները, որոնք առաջացել են հիմնականում ոչ պաշտոնական ճանապարհով ստացված տեղեկություններից: Նամակը մնացել է անարձագանք: Եվ հիմա, երբ ակնհայտ է, որ ինչ-որ գործընթացներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում, նախաձեռնության անդամները որոշել են ավելի հետեւողական լինել եւ երեկ եւս մեկ նամակ հղեցին նախարարին՝ զգուշացնելով. «Հայաստանի ազատագրված տարածքի որեւէ հատվածի ենթադրվող հանձնումը Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործություն է եւ Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում հարուցում է որոշում ընդունողների եւ այն գործադրողների պատմական, բարոյական եւ քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն՝ որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք եւ քստմնելի դավաճանություն»: «Միացման» անդամներին ընդունելու պատրաստակամություն էր ցուցաբերել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն վերջիններս մերժեցին ոստիկանի միջոցով ուղարկված հրավերը: Ակցիայի մասնակիցները նախատեսում էին «Արցախ, Հայաստան, միացում», «Հող հանձնողը՝ դավաճան» վանկարկումներով արտգործնախարարության շենքից անցնել Հյուսիսային պողոտայով, սակայն հանդիպեցին ոստիկանների եւ կարմիր բերետավորների պատնեշին:

Իրավապահները Ռոբերտ Մելքոնյանի՝ հանրահայտ «Բազազի» եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ երթի արտոնման փաստաթուղթ էին պահանջում նախաձեռնության համակարգողներից: Բոլոր փաստարկները, որ ակցիայի մասնակիցների թիվը 100-ի չի հասնում՝ անօգուտ էին, ոստիկանները մնացին այն համոզման, որ ներկաների թիվը գերազանցում է 100-ը: Իսկ Արայիկ Պետրոսյանը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համառորեն համոզում էր, որ իրենք թյուրիմացության մեջ են եւ ոչ ոք չի պատրաստվում հող վերադարձնել: «Իսկ դուք այսպիսի բաներով ապակայունացնում եք վիճակը»,- Զարուհի Փոստանջյանի հետ լեզվակռվի մեկ այլ դրվագում վրա բերեց Ռոբերտ Մելքոնյանը:

Մեկուկես ժամ անց ժամանեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գերասենյակի ներկայացուցիչները եւ արձանագրեցին, որ ոստիկանները խոչընդոտում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելուն: Տեղի ունեցածի մասին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կբարձրաձայնի նաեւ ԱԺ ամբիոնից: Ըստ նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, այս միջադեպը մեկ անգամ եւս ապացուցում է իրենց մտավախությունների արժանահավատությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել