Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ գեղեցիկ բառեր են գրել իմ մասին»

Նոյեմբեր 22,2008 00:00

Երեկ այսպես պատասխանեց քաղբանտարկյալների մասին «Առավոտի» հարցին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ այցելեց խորհրդարան եւ հանդիպումներ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպումները փակ էին, եւ հասկանալի է, որ պաշտոնական տեղեկատվությունը՝ բավականին ժլատ: «Առավոտը» երեկ հասցրեց ոտքի վրա կարճ հարցազրույց ունենալ պարոն Համմարբերգի հետ: Մենք հարցրինք, թե ի՞նչ է մտածում «համաեվրոպական օմբուդսմենը» այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով կալանավորված քաղբանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի, եւ չեն ուզում հանդիպել պարոն հանձնակատարի հետ: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մեր հարցին պատասխանեց լայն ժպտալով եւ ասաց. «Հակառակը, շատ գեղեցիկ բառեր են գրել իմ աշխատանքի մասին, այսօր օրվա երկրորդ կեսին հանդիպելու եմ նրանցից ոմանց հետ»: Ավելի ուշ պարոն Համմարբերգը «Վարդաշեն» ՔԿՀ-ում իսկապես հանդիպել էր Շանթ Հարությունյանին եւ Սուրեն Սիրունյանին, իսկ մնացած քաղբանտարկյալներն իրենց խցերում դիմավորել են նրան ծաղրական ծափահարություններով եւ «Կեցցե արդարադատ Համմարբերգը» բացականչություններով:

Հիշեցնենք, որ իր այցի ընթացքում պարոն Համմարբերգը հայտարարել էր, որ ինքը նպատակ ունի «գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»: Նաեւ կարեւոր էր համարել, որ «իրական եւ փաստացի նկարագրություն տրվի, թե ինչ է կատարվել իրականում»: Նրա կարծիքով, եթե դա կարելի լինի անել, ապա այն օգտակար կլինի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապագա աշխատանքի համար։

Մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպումից հետո ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ ինքը եվրոպացի օմբուդսմենին ներկայացրել է հանձնաժողովի մինչ այժմ կատարած աշխատանքը եւ ողջունել է փաստահավաք խմբի ձեւավորումը: Մեր տեղեկություններով, պարոն Նիկոյանը նաեւ խոսել է այն մասին, որ ինքը որպես հանձնաժողովի նախագահ, հավասարապես քննադատվում է ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության կողմից: Պարոն Համմարբերգն էլ իր հերթին է «ողջունել» փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը եւ կարեւորել է հանձնաժողովի ու խմբի փոխգործակցությունը: Պարոն Համմարբերգը կարեւորել է մեկ այլ բան եւս՝ հասարակության վստահությունը փաստահավաք խմբի գործունեության նկատմամբ: Նշվել է, որ նման նախադեպեր եղել են տարբեր երկրներում, երբ մի քանի հանձնաժողովներ ուսումնասիրել են միեւնույն իրադարձությունները:

Երեկ, օրվա վերջում, եվրոպացի օմբուդսմենը հանդիպել է նաեւ «Ժառանգության» անդամների հետ: Կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը «Առավոտին» հայտնեց, որ հանդիպման ընթացքում իրենք խոսել են քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու եւ «Մարտի 1»-ի օբյեկտիվ բացահայտման անհրաժեշտության մասին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը պրն Համմարբերգին հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին, նաեւ՝ անհանգստությունը, որ Ղարաբաղի խնդրում եվրոպական կառույցները այնքան են շահագրգռված, որ ինչ-ինչ պայմանավորվածությունների դեպքում կարող են անուշադրության մատնել Հայաստանում ժողովրդավարության վիճակը։ Երեկ ուշ երեկոյան ավարտված հանդիպումից հետո Ա. Բախշյանը տեղեկացրեց, որ եվրոպացի Մարդու իրավունքների պաշտպանը լուռ լսել է իրենց եւ ոչինչ չի ասել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել