Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ «ԹՈՒՅԼ ՕՂԱԿՆԵՐ»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"Արդյոք «Մարտի 1»-ին ոստիկանության գործողությունների միակ պատասխանատուները նախկին ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի նախկին հրամանատա՞րն են:

Ինչպես երեկ մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մեր պետական մեքենան ժամանակ առ ժամանակ «սբոյ» է տալիս, որի արդյունքում տեղ-տեղ շահում է նաեւ մեր հասարակությունը: Խոսքը վերաբերում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի արած պատասխանատու հայտարարությանը՝ մարտյան դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից դիպուկահարի՝ «սնայպերի» առկայության մասին: Ու քանի որ պետական գործող մեքենան հիմնված է ստի ու կեղծիքի վրա, հասկանալի էր, որ օրերից մի օր այդ սուտն ու կեղծիքը ջրի երես էին դուրս գալու: Հենց այս տրամաբանությամբ էլ մի գեղեցիկ օր ՀՀ հատուկ քննչական ծառայության «Մարտի 1»-ի գործի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ստիպված եղավ պաշտոնապես հաստատել, որ մարտի 1-ին հրազեն է կիրառվել, կիրառվել են հատուկ միջոցներ, իսկ երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նա դժկամությամբ հաստատեց ընդդիմության գործիչների կողմից արդեն քանի ամիս հնչող պնդումը, թե այդ դեպքերի ժամանակ եղել են դիպուկահարներ: Իհարկե, Վ. Հարությունյանը առայժմ խոստովանեց միայն մեկ դիպուկահարի առկայության մասին, բայց դա հույս է ներշնչում, որ մոտ ապագայում նա կասի ավելին, եւ ողջ ճշմարտությունը 10 զոհերի սպանության հանգամանքների մասին ջրի երես դուրս կգա: Քննչական խումբը այս փաստը թաքցնելը բացատրեց «Մարտի 1»-ի գործով անջատված մասով ընթացող նախաքննությամբ, որն, իբր, նպատակ ունի բացահայտել զոհերի սպանության, հարյուրավոր մարդկանց վիրավորվելու հանգամանքը, ճշտել ոստիկանության գործողությունների օրինաչափությունը եւ այլն: Բայց մենք հո գիտենք, որ եթե օտարերկրացի լրագրողը Նիկոյանի լեզվից չքաշեր, մենք «սնայպերի» գոյության մասին հայտարարություն այդպես էլ չէինք լսելու: Վ. Հարությունյանը երեկ նաեւ ասաց՝ «հայտնաբերված են հազարից ավելի տարբեր տեսակի պարկուճներ, որոնց պատկանելությունը պարզելու համար դրանք համեմատվում են ոստիկանության զորքերի տրամադրության տակ եղած բոլոր զենքերի, դիակներից հայտնաբերված գնդակների հետ»՝ հավելելով, թե «մոտ ժամանակներս» այդ փորձաքննության եզրակացությունը կստանա: Հայտնի է, որ առայժմ որեւէ միջազգային փորձագետ «Մարտի 1»-ի գործով փորձաքննություններ անցկացնելու մեջ ներգրավված չէ: Ասել է թե՝ այդ փորձաքննության արդյունքը լինելու է «հայրենական արտադրության»: Պարզ չէ միայն, թե ինչու էր դրա համար պահանջվել 8 երկար ու ձիգ ամիս:

«Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի քննարկումների առարկա էր դարձել նաեւ ոստիկանության աշխատակիցների եւ զինծառայողների ստացած վնասվածքների բնույթը՝ հրազենայի՞ն էին, թե՞ բեկորային: Պարզվել էր, որ նրանցից 42-ն էին բեկորային վնասվածք ստացել, որից 19-ը՝ մետաղական բեկորային: Հրազենից սպանված մեկ զինծառայող կա, որն, ըստ քննչական խմբի ղեկավարի, սպանվել է ցուցարարների կողմից: Ավելին, ըստ Վ. Հարությունյանի, դիպուկահարի մասնակցությունը մարտիմեկյան «օպերացիային» «օգտակար է եղել, որովհետեւ Լեո փողոցում կրակոցից սպանվել է զինվորական, մարտական նռնակ է նետվել զինվորների վրա, էլի փորձ է արվել կրակել զինվորների շարքի ուղղությամբ, եւ դիպուկահարը մեկ կրակոց է արձակել, որով կանխել է կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ»: Հիշեցնենք, որ, ըստ Ս. Նիկոյանի, չկա որեւէ փաստ, որը կապացուցի, թե ցուցարարներից որեւէ մեկը հրազեն է կիրառել: Բայց, ըստ քննչական խմբի ղեկավարի՝ կա, եւ նրան, իբր, որոնում են ու դեռ չեն գտել: Իսկ ընդդիմության ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը դեռ ամիսներ առաջ էր պնդում՝ եթե ոստիկանների վրա կրակած ցուցարար եղել է, հետախուզում հայտարարեք, հրապարակեք նրա լուսանկարը, ցուցադրեք այդ դրվագը, տեսնենք, մենք էլ նրան որոնենք: Չէ՞ որ քննչական մարմինը այդպես շատ անգամ է վարվել, ինչո՞ւ է հիմա սուսուփուս փնտրում: Քննչական խմբի ղեկավարը չի էլ հստակեցնում, թե իր ասած այդ մեկ դիպուկահարի մեկ կրակոցից 10 զոհերից հատկապես ո՞ր մեկն է սպանվել: Երեւի էլի նախաքննության գաղտնիք է:

Մի ուշագրավ փաստ էլ արձանագրվեց «Մարտի 1»-ի հանձնաժողովի վերջին նիստում: ՀՀ երկու փոխոստիկանապետերի՝ Արմեն Երիցյանի եւ Հովհաննես Հունանյանի «հարցաքննությունն» այդ նիստում տպավորություն ստեղծեց, թե իրավապահները փորձում են մարտի 1-ի իրենց գործողությունների ողջ պատասխանատվությունը բարդել երկու հոգու վրա՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի եւ նրա տեղակալ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի վրա, եւ դա ձեւակերպել օրենքի դաշտում: Այսպես, մարտի 1-ի երեկոյան «օպերացիայի» հիմնական հրամանատարը, ում հրահանգները կատարել են, Ալեքսանդր Աֆյանի ասելով՝ եղել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ Հովհաննես Հունանյանի ասելով՝ ներկայիս փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը: Մաշտոցի պողոտա-Պարոնյան եւ Լեո փողոցների հատվածում իրականացված գործողությունները, որտեղ էլ, ի դեպ, իսկական մարտական գործողություններ եւ զոհեր են եղել, ղեկավարել եւ հրահանգներ է տվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի պնդմամբ՝ այնտեղ, «որտեղ գտնվում է ոստիկանության զորքերի հրամանատարը, բոլորը ենթարկվում են նրան: Ոստիկանության զորքերի հրամանատարը ղեկավարում է օպերացիան, եթե կան զանգվածային անկարգություններ»: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր մի բարձրաստիճան աղբյուրը, սակայն, պնդեց, որ նման բան չկա, եւ ՀՀ ոստիկանապետն ինքն է որոշում, թե որեւէ պարագայում, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կասեցնելիս, ով պիտի ղեկավարի ոստիկանության եւ ոստիկանության զորքերի գործողությունները, ուստի՝ հենց ոստիկանապետն էլ կրում է այդ օպերացիայի պատասխանատվությունը:

Թե մարտի 1-ի երեկոյան դեպքերի պատասխանատվությունը, ի վերջո, ում ուսերին կբարդվի եւ ով կլինի այս պարագայում «թույլ օղակը», թերեւս, կորոշի ինքը՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել