Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՌԵՐ ԱՍԵԼՈՎ՝ ԱՐՑԱԽԸ ՉԵՍ ՓՐԿԻ»

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասում է, որ, ի տարբերություն Երեւանում ճառողների, ինքը գործնական քայլեր է անում՝ Արցախի խնդրի լուծման ուղղությամբ:

– Պարոն Գրիգորյան, հատկապես նոյեմբերի 2-ին Մոսկվայում եռակողմ Հռչակագրի ստորագրումից հետո դարձյալ հրատապ է դարձել Արցախի թեման: Գրեթե ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն արդեն հայտնի է: Սակայն լռում է Երկրապահը:

– Սխալը հենց այնտեղ է, որ կարծում եք, թե Արցախը խոսելով է փրկվելու: Բայց ես ձեզ չեմ մեղադրում: Նույնիսկ պատերազմի ամենաթեժ տարիներին ձեր մատնանշած այդ քաղաքական գործիչներին թվում էր, որ Երեւանում նստած ճառեր ասելով, հայրենասիրական ելույթներով փրկում են Արցախը: Ես ու իմ ընկերներն էլ խնդրի կարգավորման մեր տարբերակն ունեինք՝ զենքը ձեռքներիս պահեցինք այնքան ժամանակ, մինչեւ մեզ պատերազմ պարտադրած ադրբեջանցուն հրադադար պարտադրեցինք: Ես այսօր էլ օրվա 24 ժամը հենց միայն Արցախի, Հայաստանի, մեր ազգի, մեր պետության անկախության մասին եմ խորհում: Եվ ոչ միայն պարապ նստած մտածում եմ, այլեւ գործնականում էլ անում եմ հնարավորը՝ Արցախի խնդրի հայանպաստ լուծմանն օժանդակելու համար:

– Այն, ինչ Երկրապահն արել է ռազմի դաշտում, արդեն հայտնի է: Այս օրերին կոնկրետ ի՞նչ եք անում:

– Այսօր հանրությունը տեղյակ է, չէ՞, թե ինչ է արել Երկրապահը 1988-94 թվերին: Մի 20 տարի հետո էլ հաստատ կիմանաք, թե 2008-ին ինչով էինք զբաղված: Բայց եթե չիմացվի ու չգնահատվի էլ՝ հոգ չէ: Մեր խնդիրն այն չէ, որ ասեն՝ տեսեք, երկրապահ-ազատամարտիկներն ինչ հայրենասեր են: Մեր խնդիրն այն է, որ հարցն իսկապես հայանպաստ լուծում ստանա, որ Հայաստան-Արցախի անվտանգությունը հավետ երաշխավորված լինի: Կան բաներ, որոնց մասին ես այսօր չեմ կարող խոսել, որովհետեւ այդ քայլերն արդեն կիմաստազրկվեն, իրենց նպատակին չեն ծառայի:

– Լավ, գոնե կարո՞ղ եք ներկայացնել ԵԿՄ դիրքորոշումը խնդրի հայանպաստ լուծման վերաբերյալ, ո՞րն է զիջումների այն առավելագույնը, որից ավելիին, ըստ ձեզ, չենք կարող գնալ:

– Ի՞նչ զիջումներ: Երկրապահի դիրքորոշումը հստակ է եւ արմատական ու ռոմանտիկ էլ չէ, այլ՝ իրատեսական: Սակարկվող տարածքների ամեն մի քարի, ամեն մի թփի տակ մեր նահատակված ընկերների արյունն է: Այդ հողը չափազանց թանկ է մեզ համար: Եթե մենք համաձայնենք տարածք հանձնելուն, մեր նահատակ եղբայրները, մեր Վազգեն սպարապետը մեզ չեն ների:

– Բայց չէ՞ որ կան միջազգային հանրության ճնշումները, եւ տարբեր ձեւաչափի բանակցություններից հետո խոսվում է տարածքներ զիջելու մասին:

– Անկեղծ որ ասեմ՝ ես գոհ չեմ մեր դիվանագիտությունից: Մենք հայրենական պատերազմ ենք մղել ու հաղթել, իսկ հայ դիվանագիտությունը չի կարողանում ամրագրել հաղթանակը: Եթե դիվանագետներն այն աստիճան ապաշնորհ գտնվեն, որ դարձյալ պատերազմը վերսկսվի, էլի Երկրապահի աջակցությանն են դիմելու: Այ, ասում եք միջազգային հանրությունը. որքան ես հասկանում եմ, նրանց համար ելակետը կամ մեծագույն արժեքը խաղաղությունն է: Բա ինչո՞ւ չենք փորձում պարզ մարդկային լեզվով բացատրել, որ հրադադարի կնքումը հայկական կողմի լրջագույն զիջումն էր՝ հանուն խաղաղության: 1994-ի մայիսին, երբ կնքվեց հրադադարը, Ադրբեջանի բանակում խուճապ էր եւ բարոյալքում: Մենք կարող էինք առանց կրակոցի քշել-վերցնել Նախիջեւանը, Եվլախը, Կիրովաբադը: Եթե իրենց այդ բազարային մտածողությամբ առաջնորդվեինք, այդ բոլոր տարածքները կվերցնեինք, հիմա էլ, ասենք՝ Կիրովաբադն ու Եվլախը կվերադարձնեինք, կասեինք՝ ահա մեր փոխզիջումը: Բայց մենք այդ կերպ չվարվեցինք: Բավարարվեցինք մեր բնական հայրենիքի այն չնչին հատվածի ազատագրմամբ, որը երաշխավորում է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Հասկացեք՝ վերջապես, այս տարածքներն այսօր նաեւ խաղաղության երաշխիք են:

– Փաստորեն, դուք լրիվ բացառո՞ւմ եք, որ հնարավոր է այսօր փաստացի գործող սահմանների որեւէ փոփոխություն:

– Չէ, լրիվ բացառել ես չասացի: Մեր դիրքորոշումը հետեւյալն է: Նախ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Ասում եք միջազգային հանրություն, չէ՞, իրենք էլ ասում են, որ աշխարհում ամենակարեւոր արժեքը, ամենամեծ կապիտալը մարդն է, որ մարդու իրավունքների երաշխավորումն է ամենակարեւորը: Դե թող հարգեն մի ողջ տարածքի մարդկանց իրավունքները՝ թույլ տան արցախցիներին ինքնորոշվել իրենց հողի վրա: Այ, երբ ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն կճանաչվի, դրանից հետո կարելի է բանակցությունների սեղանին քննարկել սահմանների հնարավոր փոփոխությունների հարց, կարելի է քննարկել, թե որ տարածքը՝ որի հետ կարող ենք փոխզիջել: Մեր տարածքներից էլ կա իրենց վերահսկողության ներքո՝ հողեր Մարտակերտից, Շահումյանն ու Գետաշենը, Արծվաշենը, Նախիջեւանը:

– Դուք վստա՞հ եք, որ պատերազմի վտանգի դեպքում երկրապահները դարձյալ զենք կվերցնեն եւ կմեկնեն առաջին գիծ: Չթաքցնենք, նրանք հիասթափվելու բազում պատճառներ են ունեցել:

– Ես կարող եմ երաշխավորել, որ բոլորը մեկ մարդու նման դարձյալ կկանգնեն հայրենիքի պաշտպանության դիրքերում: Հայրենիքի նվիրյալը, որը պատրաստ է եղել զոհվելու հանուն իր երկրի, կարող է նեղանալ իշխանությունից, ընդդիմությունից, բայց հայրենիքից ու ժողովրդից խռովելու իրավունք չունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել