Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Նոյեմբեր 22,2008 00:00

\"\"

Նոյեմբերի 20-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Եդինայա Ռոսիա» համառուսաստանյան քաղաքական կուսակցության 10-րդ համագումարը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության պայմանագիր կնքած քաղաքական կուսակցությունների պատվիրակությունները։ «Եդինայա Ռոսիայի» համագումարին հրավիրված էր նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Համագումարի շրջանակներում տեղի ունեցավ «կլոր սեղան»-քննարկում՝ «Գլոբալ հիմնախնդիրներ. քաղաքական կուսակցությունների դերը ճգնաժամերի հաղթահարման գործում» թեմայով, որին մասնակցեցին հրավիրված պատվիրակությունների ղեկավարները։ Հրավիրված «կլոր սեղանի» շրջանակներում ԲՀԿ նախագահ
Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովի հետ։ Վերջինս բարձր գնահատեց եւ կարեւորեց համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, արձանագրելով, որ «Բարգավաճ Հայաստանը» լուրջ եւ կարեւոր դերակատարություն է ստանձնել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, եւ այդ դերակատարությունը գնալով դառնում է առավել զգալի եւ նշանակալի։ Կոնստանտին Կոսաչյովը ողջունեց Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ 2009 թվականի գարնանը Երեւանում համատեղ «կլոր սեղան» անցկացնելու վերաբերյալ, որը նվիրված կլինի հայ-ռուսական համագործակցության խնդիրներին եւ հեռանկարին։ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալը տեղեկացրեց նաեւ, որ իրենք ընդունել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերը եւ փետրվարին կայանալիք ԲՀԿ 4-րդ համագումարին կմասնակցի «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի նախագահության պատվիրակությունը։ «Կլոր սեղանից» հետո «Գոստիննի Դվոր» համալիրում բացվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ «Եդինայա Ռոսիայի» նախագահ, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ներկայացրեց Ռուսաստանի զարգացման համադրույթը՝ մինչեւ 2020 թվականը, ու խոսեց դրա իրագործման առաջնահերթությունների մասին։
Համագումարի շրջանակներում ԲՀԿ պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, շփումներ ունեցավ ՌԴ Պետական դումայի պատգամավորների եւ արտասահմանյան մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումները եւս մեկ անգամ վկայեցին, որ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նրանք տեսնում են լուրջ եւ վստահելի գործընկերոջ, որի դերակատարությունը գնալով դառնում է առավել նշանակալի եւ ազդեցիկ։ Երեկ, ուշ երեկոյան, Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան։
ԲՀԿ մամուլի ծառայություն
R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել