Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՁԱՅՆՆ ԱՐԴԵՆ ՀՆՉԵԼ Է

Նոյեմբեր 21,2008 00:00

Ինձ միշտ հիացրել է գետի անվախճանական հավատարմությունը իր ափերին, չնայած որ ջրերը շարունակ հեռանում են, որ ծով հասնելով՝ նորից ետ վերադառնան, երբեք չլքած իրենց ափերը, որը հայրենիքն է իրենց, քանի որ ափերը կենդանի են, ինչքանով կա անվերջ հեռացող, բայց միշտ հաստատուն գետը: Եվ եթե ջրերի կյանքը մեզ անհասու է, քանի որ գտնվում է Աստծո գաղտնի հրամանի մեջ, ապա կարծես թե պատմության գաղտնի հրամանը մեզ պիտի որ հասկանալի լինի: Մեր հին ցեղին հատկապես, քանի որ ժամանակների մեջ ապրած տառապանքը մեզ պետք է ճանաչել տար, խորացներ մեր ապրած աշխարհի իրական իմացությունը եւ գոնե մեր ներսում հեռու պահեր մեզ երկակի խաղերից՝ դարձնելով մեզ ոչ թե պատեհապաշտ քամիներին հետեւորդ, այլ հաստատուն բեւեռ…

Մտածում եմ նաեւ, որ երիցս ճիշտ էր հրաշալի Հրանտ Մաթեւոսյանը, երբ ասում էր, թե՝ Պետրոս Մեծը երկրներ գրավեց, ստեղծեց մեծ կայսրություն, բայց այդ ամենը կմնային ընդամենը գրավյալ տարածքներ, եթե չլինեին Լեւ Տոլստոյը եւ ռուս գրականությունը, որ Պետրոս Մեծի ստեղծած կայսրությունը դարձրին հայրենիք: Ահա այդպես, քանի որ արդեն վաղուց ժամանակի թմբիրից արթնացող ռուսական մտքի մեջ որպես համազգային զանգի ղողանջ հնչում էր մեծն Նիկոլայ Գոգոլի անհանգիստ փնտրտուքներից տառապած ձայնը, որն ասում էր, թե՝ ո՞ւր է այն մարդը, որ պիտի հնչեցնի «Առա՜ջ Ռուսաստան» խոսքը, որ մյուս ժողովուրդներն ու տերությունները սթափվեին եւ կողքի քաշվելով ճանապարհ տային իր ուժն արդեն ճանաչած Ռուսիային:

Այնինչ, հայոց մեր կյանքում այսօր կարծես թե ոչ ոք չի հիշում միջնադարյան թանձր քնից արթնացած, ազգային ինքնությունը գիտակցած, առաջին մեծն մունետիկ Խաչատուր Աբովյանի հայտնի վեպի առաջաբանում, գրեթե երկու հարյուր տարի հնչող, սիրտ սարսռացնող ձայնը, որ ասում էր՝ Դուք ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում… Այո, մոռացել ենք եւ կարծես թե սկսել ենք մենք էլ մեզ չճանաչել, քանի որ մեր երկրի համար ճակատագրական այս պահին, երբ կարծես տեսանելի է դառնում Ղարաբաղի անկախությունը, փոխանակ հետեւենք Աբովյանի հնչեցրած ձայնին, շարունակ կասկածի, անվստահության մոլախոտ ենք ցանում մեր թվացյալ քաղաքական արտերում ու շարունակ վերլուծում ենք, վերլուծում, գուշակում, փորձում հաստատել գոյություն չունեցողը եւ նսեմացնել մեր երկրի արդեն ինքնահաստատվող դեմքը: Վերլուծաբանում ենք առանց խորաթափանցության՝ մոռանալով, որ մեր ազգային նպատակին հասնելու հաստատակամությունը վեհացնելու է մի ամբողջ սերունդ, իսկ նպատակին հասնելու հաստատակամության բացակայությունը կփչացնի սերունդներ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել