Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենթական» պատասխան

Նոյեմբեր 21,2008 00:00

\"\"«Մարտի 1»-ի հանձնաժողովի նամակներին փոխոստիկանապետ Գ. Մհերյանի անհարգալից պատասխանը վրդովեցրել է հանձնաժողովականներին:

Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկ կայացած հերթական նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանը եւ ընդդիմության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը: Վերջիններս չէին եկել. նույն օրը, նույն ժամին, պարոն Զուրաբյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին, ի դեպ, հրավիրել էր նաեւ հանձնաժողովի անդամներին: Պարոն Նիկոյանը նշեց, որ եթե պարոն Զուրաբյանը որեւէ բան թաքցնելու կամ պարզաբանումից խուսափելու նպատակ չէր հետապնդում, ապա կարող էր գալ նիստին, իսկ ասուլիսը հետաձգել: Նրա խոսքով՝ հրավերը մնում է ուժի մեջ, եւ եւս մեկ անգամ գրավոր կներկայացնեն. «Այլապես ստացվում է, որ մինչեւ հիմա հանձնաժողովը դիմել է միայն ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներին, սակայն բոլորն էլ գիտեն, որ այնտեղ միայն ոստիկաններ չեն եղել»:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից նիստի մասին տեղեկացնում են հետեւյալը: Հանձնաժողովի նախագահը նամակով դիմել է ոստիկանությանը, պահանջելով, որպեսզի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքով ներկայացված զեկուցագրերը եւ դրանցով կատարված ծառայողական քննության արդյունքների պատճենները տրամադրվեն հանձնաժողովին: Ոստիկանությունը պատասխան նամակում նշել է, որ դրանք նախաքննական մարմնի մոտ են, որից հետո երկրորդ նամակն էր ուղղվել՝ որոշակի բացասական շեշտադրումներով: Պարոն Նիկոյանի խոսքով՝ փոխոստիկանապետ Գեւորգ  Մհերյանի պատասխանում նշած է. «Ի պատասխան ձեր գրությամբ արված հարցապնդմանը հայտնում եմ, որ ոստիկանությունը ցավում է նման պարզունակ հարցերով երրորդ անգամ դիմելու առթիվ»:  Պարոն Նիկոյանը եւ հանձնաժողովի անդամներն իրենց վրդովմունքն արտահայտեցին փոխոստիկանապետի պատասխանի առնչությամբ, ով հանձնաժողովի հարցադրումներին  «պարզունակ» որակավորումն է տվել: Պարոն Նիկոյանը նշեց, որ եթե Գեւորգ Մհերյանը  այս ոճով է պատասխանելու, ապա ինքը  կխնդրի ոստիկանապետին, որ պարոն Մհերյանը  այլեւս չպատասխանի հանձնաժողովի նամակներին: Ոստիկանության պետի տեղակալներ Արմեն Երիցյանը եւ Հովհաննես Հունանյանը պարզաբանումներ տվեցին մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ:

Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիական դեսպանատան մոտ ընդդիմության ղեկավարները բանակցությունները վարում էին ոչ թե իրավիճակը կարգավորելու, այլ ժամանակ շահելու եւ ցուցարարների թիվն ավելացնելու նպատակով: Նա նշեց, որ երբ ժամը 20-ի սահմաններում «սկսվել է հարձակումը ոստիկանական ուժերի վրա», ցուցարարների կողմից ռումբեր են նետվել, հնչել են կրակոցներ, նրա բնութագրմամբ՝  «մարտական հարձակում» է սկսվել ոստիկանների վրա: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել