Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ

Նոյեմբեր 21,2008 00:00

«Սթար» ֆուտբոլային առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումը 11-րդ անգամ նվաճելուց հետո Երեւանի «Փյունիկ» ակումբը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որը մրցաշրջանի յուրատեսակ ամփոփում եղավ:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին նախապես խնդրեց նախորդ օրը կայացած «Փյունիկ»-«Արարատ» ոսկե խաղի մրցավարության մասին իրեն հարցեր չտալ: «Ես երբեք մրցավարների աշխատանքին գնահատական չեմ տալիս,- ասաց նա:- Դրա համար կա հանդիպման տեսուչ: Կարող եմ օրինակներ էլ բերել, երբ մրցավարությունն աշխատել է ի վնաս «Փյունիկի»: Ասենք՝ «Միկայի» հետ նրա դաշտում կայացած խաղում, երբ մեր խփած մաքուր գոլը չհաշվվեց: Ես այդ օրն էլ խաղից հետո մամուլի ասուլիսում մրցավարությանը չանդրադարձա: Ընդամենը մի բան կարող եմ ասել. «Փյունիկն» իր ցույց տված գեղեցիկ ֆուտբոլով իրոք արժանի էր չեմպիոն դառնալու: Նայեք մեր թիմի կազմը: Անցած տարվանից մնացել է հինգը: Մյուսները հանդես են գալիս այլ երկրների ակումբներում: Վեց հոգի եկել է երիտասարդական թիմից եւ արդեն հասուն խաղ է ցուցադրում: Հավատացեք, շատ դժվար է ե՛ւ գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, ե՛ւ արդյունքի հասնել: Ինձ՝ որպես գլխավոր մարզչի, գուցե, միավորներից կամ ոսկե մեդալից ավելի շատ հետաքրքրում է իմ ֆուտբոլիստների խաղային ձեռագիրը, դաշտում ինչպե՞ս են դրսեւորվում, կարողանո՞ւմ են կատարել մարզիչների առաջադրանքները: Եվ այս առումով թե՛ առաջնության ընթացքում, թե՛ վճռորոշ խաղում ես գոհ մնացի տղաներից: Ինձ ավելի շատ հետաքրքրում են մեր թիմի խնդիրները, դրանք լուծելու ճանապարհները: Ես այդ ամենին նայում եմ նաեւ որպես ազգային հավաքականի մարզիչ: Երբ մեր երիտասարդականը հաղթեց Թուրքիային, ազգովի հպարտանում էինք: Եվ պետք չէ մոռանալ, որ այդ ժամանակ դաշտում 11 ֆուտբոլիստից 8-ը «Փյունիկից» էր: Այդ նույն տղաները, ձեր կարծիքով, երկրի առաջնությունում հաղթել ի վիճակի չէի՞ն, թե՞ արժանի չէին: Ավելին ասեմ, այսօր արտասահմանյան ակումբներ կան, որ շատ լրջորեն հետաքրքրված են մեր 18-19 տարեկան մի քանի տղաներով»:

Վարդան Մինասյանը մեծ հարգանքով արտահայտվեց «Արարատի» մասին: «Ես հարգում եմ մեր մրցակիցներին, իմ գործընկերներին եւ մեր ֆուտբոլիստներին էլ հրահանգել էի նույն կերպ վերաբերվել արարատցիներին: «Արարատն» իր կազմով այսօր ամենահզորն է մեր առաջնությունում: Դա գաղտնիք չէ: Նրանց խաղացողները, հատկապես լեգեոներականները, շատ արդյունավետ են գործում: «Արարատը» առաջնության մեկնարկում եւ ավարտին իսկապես բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց, ինչը, հավատացեք, մեզ ուրախացնում էր»:

Ինչպես գլխավոր մարզչին, այնպես էլ՝ «Փյունիկ» ակումբի նախագահ Կարեն Հարությունյանին մտահոգում է կայունապես գոլեր խփողների եւ հուսալի դարպասապահի բացակայությունը, մի բան, որը հայկական ֆուտբոլի խոցելի կողմերից է: «Ի տարբերություն, ասենք, նույն «Արարատի», մենք չունենք դրսից հրավիրվածներ: Բոլորը մեր ակումբի սաներն են: Ճիշտ է, մեր մի քանի ֆուտբոլիստներ 8-ական եւ ավելի գոլ են խփել, ինչը վատ արդյունք չէ, սակայն ինձ չի գոհացնում, որ ստեղծվող բազմաթիվ պահերի փոքր տոկոսն է օգտագործվում: Եկող մրցաշրջանում հանդես ենք գալու Չեմպիոնների լիգայում եւ լուրջ նպատակներ ենք դրել մեր առջեւ: Դրա համար անելու ենք ամեն բան՝ այդ բացերը արագ լրացնելու համար»,- շարունակեց մարզիչը: «Առավոտի» հարցին, թե կոնկրետ ի՞նչ է նախատեսվում անել, ակումբի նախագահը պատասխանեց. «Մենք գիտենք թիմի խաղային օղակների թույլ կետերը: Դրանք անպայման պետք է ուժեղացնել: Փորձում ենք դրսում կոնկրետ այդ կետերի համար ֆուտբոլիստներ գտնել: Կարծում եմ, լեգեոներականներ եկող տարի անպայման կունենանք: Բայց միայն արժանի լեգեոներականներ»:

Ասուլիսում գնահատական տրվեց ընդհանրապես այս առաջնության մակարդակին, որը, Վարդան Մինասյանի կարծիքով, եթե նախորդից շատ առաջ չի գնացել, ապա չի էլ նվազել, մտահոգություն արտահայտվեց մարզերում ֆուտբոլի բացակայության համար, խոսվեց նաեւ եկող մրցաշրջանում առաջնության տուրերը երկու օրում անցկացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի թե ակումբների մարզիչները, թե լրատվամիջոցները մյուս թիմերի խաղերին ներկա լինելու հնարավորություն ունենան, քննարկվեց «Պրոֆեսիոնալ լիգա» ստեղծելու հարցը, ինչը Կարեն Հարությունյանը Հայաստանի համար դեռ վաղ եւ անհնար համարեց եւ, որ ամենակարեւորն է, նշվեց, որ այսօր մեր բոլոր ակումբները պետք է ավելի շատ աշխատեն ազգային հավաքականին հնարավորին չափ պատրաստված կադրեր մատակարարելու ուղղությամբ:

«Արարատը» պատրաստվում է դիմել միջազգային ատյաններ

Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Կարո Թոփուզյանը «Առավոտին» հեռախոսով տեղեկացրեց, որ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է «Փյունիկի» հետ կայացած ոսկե հանդիպման կազմակերպման եւ կողմնակալ մրցավարության դեմ բողոքներ ներկայացնել միջազգային մարզական ատյաններ, մասնավորապես՝ ՖԻՖԱ եւ ՈՒԵՖԱ: «Բոլորը տեսան, թե ինչպես հանդիպման մրցավար Արարատ Ճաղարյանի կողմնակալ մրցավարությամբ արվեց ամեն բան, որպեսզի «Արարատը» չեմպիոն չդառնա,- փոխանցեց պարոն Թոփուզյանը:- Այս ամսվա վերջին մեր ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը ժամանելու է Երեւան: Նա պատրաստվում է մեծ ասուլիս հրավիրել, որտեղ էլ լրատվամիջոցներին ավելի մանրամասն տեղյակ կպահվի ակումբի անելիք քայլերի մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել