Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիաներ

Նոյեմբեր 21,2008 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցում էին քաղբանտարկյալների կանայք: Նրանց պահանջը նույնն է՝ ազատ արձակել իրենց ամուսիններին:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի կա

րծիքով, բոլոր հանցագործները նրանք են՝ «ովքեր կառավարության շենքի ներսում են հիմա գտնվում»: Չնայած անձրեւոտ եղանակին՝ կանայք, անձրեւանոցների տակ պատսպարվելով, բռունցքները վեր պարզած հնչեցնում էին իրենց մշտական պահանջը՝ «Ազատ, անկախ Հայատան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Նրանք բերել էին նաեւ իրենց կալանավորված ամուսինների նկարները: Կառավարության ներկայացուցիչներից ոչ մեկը չարձագանքեց կանանց բողոքին: Իսկ ոստիկանության աշխատակիցները պատ էին կազմել կառավարության շենքի մուտքի մոտ՝ հավանաբար պաշտպանելու մեր «կառավարականներին» քաղբանտարկյալների կանանց ոտնձգություններից:

Երեկ ազատազրկման վայրերում հացադուլ հայտարարած 24 քաղբանտարկյալներին միացել է նաեւ ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն: Մեկօրյա հացադուլին կոմիտեի ութ անդամները մասնակցել են՝ չդադարեցնելով իրենց առօրյա գործունեությունը: Օրինակ՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը երեկ մասնակցել են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային, քանի որ գտնում են, որ չարժե ինչ-որ տեղ նստել եւ հացադուլ հայտարարել, հատկապես այն դեպքում, երբ հացադուլը ՀՀ իշխանությունների կողմից բացարձակապես անտեսվում է:

Հացադուլավորները պայքարի այդ ծայրահեղ ձեւով իրենց բողոքն են արտահայտում քաղբանտարկյալների գործերով իրականացված եւ իրականացվող նախաքննությունների ու դատավարությունների վերաբերյալ:

Իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հացադուլին միացել է իր գրասենյակում՝ նաեւ պատրաստվելով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱԳՆ-ի մոտ այսօր նախատեսված բողոքի ակցիային: Նա միացել է քաղբանտարկյալների հացադուլին՝ միայն նրանց հոգեպես աջակցելու համար, եւ սեփական փորձից ելնելով՝ վստահեցնում է, որ ՀՀ-ում հացադուլով հարց չի լուծվի: Սեֆիլյանը հույս չի կապում նաեւ միջազգային հանրության հետ ու նույնը խորհուրդ է տալիս մնացյալներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել