Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՏԱՊԵ՛ՆՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ»

Նոյեմբեր 21,2008 00:00

\"\"Ըստ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ ցուցաբերում են փափուկ դիրքորոշում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով:

«Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման միտումները՝ ազգային անվտանգության տեսանկյունից» թեմայով Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտն (ՔՀՏԱԻ) ու Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը «կլոր սեղան» էին կազմակերպել: Մասնակցում էին ՔՀՏԱԻ ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը, «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՔՀՏԱԻ տնօրեն Աղավնի Կարախանյանը, քաղաքագետներ, հ/կ-ների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ: Ըստ Ա. Կարախանյանի՝ «Անվտանգություն ասելով՝ նկատի ունեմ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, որոնք օգոստոսյան ճգնաժամից հետո փոփոխել են մեր արտաքին քաղաքականության շեշտադրումները»: Շուշան Խաթլամաջյանի ձեւակերպմամբ՝ արտաքին քաղաքականության ամենամեծ նպատակն է ապահովել երկրի, ժողովրդի ազգային անվտանգությունը. «Հին ժամանակներում եւս ունեցել ենք դիվանագիտություն, որի տարածաշրջանային կոնտեքստը չնայած այլ էր, բայց էլի կար Արեւելքի, Արեւմուտքի տարբեր էթնոսների, ժողովուրդների ու պետությունների պայքար: Կար նաեւ գլոբալիզացիա, պարզապես այն ժամանակ չգիտեին, թե դա ինչ է: Առկա էին նաեւ այն հիմնական բաղադրյալները, որոնք ունենք այսօր: Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը հիմա հնարավորություն չունեն սպասելու, այսօրվա պահանջներն այլ են: Ներկայիս խնդիրները կախված են մեր տարածաշրջանի ու նրանում գլոբալ խաղացողների հետ հարաբերություններից»: Շ. Խաթլամաջյանն ասաց, որ արտասահմանյան ֆորումներին մասնակցելիս իրենք նկատել են, որ ՀՀ արտաքին գերատեսչությունից մշտապես այնտեղ ներկա չեն լինում, մինչդեռ Վրաստանից նույնիսկ նախագահ Սահակաշվիլին է մասնակցում. «Ոչ մի անգամ չենք տեսել ոչ մեր քաղաքական ուժերի, ոչ էլ արտաքին գերատեսչության ներկայացուցիչներին: Ինչո՞ւ, որովհետեւ ոչնչից տեղյակ չեն ու բանի տեղ չեն դնում»:

Գագիկ Հարությունյանն էլ անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականությանը, հավելելով, որ այդ թեմայով քննարկումներն ու կոնֆերանսներն այսօր շատացել են. «ՀՀ արտաքին քաղաքականության արդյունավետ, կամ ոչ արդյունավետ լինելու հիմնական չափանիշը նրա համապատասխանությունն է փոփոխվող աշխարհին, ու որքանով դա ադեկվատ է այդ փոփոխությունների նկատմամբ, այնքան այն ավելի էֆեկտիվ ու ռացիոնալ է գործում: Կան որոշ վերլուծաբանական «բացեր»: Մեծ մասամբ ասվում է, թե Կովկասում տեղի է ունեցել պատերազմ, ու ռուսական գործոնն աճել է, իսկ այդ գործոնի աճն էլ թելադրում է այն ամենը, ինչ կատարվում է»: Ըստ «Նորավանքի» տնօրենի, պետք է գիտակցենք, որ ընթանում է սառը պատերազմի մի նոր փուլ, որը բազմաբեւեռ է: Նրա խոսքով, բազմաբեւեռ աշխարհում բացակայում են գլոբալ անվտանգության մեխանիզմները. «Եթե դրանք կային երկբեւեռ աշխարհում, այս կամ այն չափով արտահայտված էին ԽՍՀՄ ու ԱՄՆ միջեւ կնքված բազմաթիվ պայմանագրերով, իսկ միաբեւեռ աշխարհում (այդ ֆունկցիան կատարում է ԱՄՆ-ը) այսօր պատկերն այլ է՝ գլոբալ անվտանգության մեխանիզմները բացակայում են: Ռուսներն ու ամերիկացիները կարծես ինչ-որ բան են սկսել անել՝ կապված միջուկային սպառազինության հետ, բայց առայժմ ռեալ ինֆորմացիա այդ խնդիրների մասին չկա: Առանձնահատուկ է նաեւ այն, որ այդ գործընթացները թեւակոխել են լոկալ պատերազմների փուլ, ինչպիսին Օսեթիայի շուրջ զարգացումներն էին»:

Ադրադառնալով տնտեսական ճգնաժամին, պարոն Հարությունյանը շեշտեց, որ վերջինս շատ լուրջ խնդիր է, սակայն Հայաստանում պատշաճ ուշադրության չի արժանացել. «Որոշ պաշտոնյաների արտահայտություններն ու մոտեցումները բավական պարզունակ են ու չեն արտահայտում այն ամբողջ դրամատիզմն ու մասշտաբները, որ այսօր կա տնտեսական դաշտում… Իրադրությունը ճգնաժամային բովանդակություն ունի, ու ԱՄՆ-ը նոր պայմաններում փորձում է այն ինչ-որ ձեւով շտկել: Այս համատեքստում Բարաք Օբամայի ի հայտ գալը չպետք է դիտարկել իբրեւ առանձին անձի ի հայտ գալ: Սա լայն նախագիծ է՝ «Օբամա» անունով, որը նպատակ ունի PR-ի եղանակներով շտկել ոչ միայն ԱՄՆ-ի իմիջը, այլեւ իրադրությունը՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Այս ամենը հիշեցնում է 90-ականների սկիզբը, երբ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն ունեն լուրջ մարտահրավերներ եւ հնարավորություններ: Բոլորը քննարկում են մոսկովյան Հռչակագիրը, բայց եթե այս խնդրին նայենք ադեկվատության առումով, ապա պետք է ընդունենք, որ եթե այն ընկալում ենք իբրեւ խաղաղության դեկլարացիա, ապա վերջինս ադեկվատ է այսօրվա իրադրությանը, քանի որ այդպիսով ՀՀ-ն ու ԼՂ-ն իջեցնում են իրենց շրջապատող ռիսկերը: Միեւնույն ժամանակ՝ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է, որ առաջին անգամ ադրբեջանական կողմը նման մտադրություն է արձանագրել: Դա, թերեւս, Ադրբեջանի լավ կյանքից չէ, նավթի գները 3 անգամ ընկել են, իսկ նրանց տնտեսությունը 80%-ով կախված է նավթից: Ինչ վերաբերում է Թուրքիային, ասեմ, թե ինչու է նա բարյացակամ դարձել: Վերջինս ունի լուրջ խնդիրներ՝ կապված ազգային իդենտիֆիկացիայի հետ. նրա բնակչության մոտ 40%-ը իրեն թուրք չի համարում: Վերջինս լուրջ խնդիրներ ունի ոչ միայն քրդերի, այլեւ ԵՄ, Ֆրանսիայի հետ: Կատարվել են փոփոխություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են իրենց ադեկվատ պահել, Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ վերցնել ավելի փափուկ դիրքորոշում, իսկ սա նշանակում է, որ մենք ԼՂ հետ կապված համաձայնագրերում պետք է շտապենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել