Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամահավաքության պարադոքսը

Նոյեմբեր 21,2008 00:00

Անձերին պատժելով ու հրամաններ արձակելով՝ երեւույթը չի վերանա

Վերջերս ԱԺ ամբիոնից՝ կրթական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների, Երեւանի քաղաքապետարանի եւ դպրոցի տնօրենների կողմից հաճախ է հնչում դպրոցներում տիրող դրամահավաքություն երեւույթի մասին: Հետեւելով ելույթներին եւ կազմակերպվող միջոցառումներին («թեժ գիծ» եւ այլն), հետզհետե համոզվում եմ, որ ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե ինչ է դրամահավաքությունը: Ո՞վ է որոշում, որ դպրոցներում չի կարելի դրամ հավաքել եւ որո՞նք են այդ արգելքի տրամաբանական եւ իրավական հիմնավորումները:

Նախկին համակարգում դպրոցը ամբողջովին պատկանում էր պետությանը եւ դրամահավաքության յուրաքանչյուր դրսեւորում մեկնաբանվում էր որպես անհասկանալի գործունեություն եւ դրամաշորթություն: Անկախությունից հետո, կառավարության թիվ 661 որոշման համաձայն, պետական հանրակրթական հաստատությունները հանձնվեցին համայնքների կառավարմանը: ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունում համապատասխան փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ հաստատության կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է: Այն բաղկացած է 7 անդամից՝ 2 ուսուցիչ, 2 ծնող, որոնք համապատասխանաբար ընտրվում են մանկավարժական եւ ծնողական խորհուրդների կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, 2 անդամ առաջադրում են մարզպետները եւ 1 անդամ՝ համայնքի ղեկավարը՝ ավագանու համաձայնությամբ: Երեւանում 1 անդամ առաջադրում է Երեւանի քաղաքապետը, 2 անդամ՝ թաղային համայնքի ղեկավարը՝ ավագանու համաձայնությամբ: Ինչպես երեւում է, դպրոցի խորհուրդը դպրոցի կառավարման կոլեգիալ մարմին է, կոչված՝ իրականացնելու հետեւյալ երեք խնդիրները.

ա) բյուջեի կազմում եւ ֆինանսատնտեսական կառավարում,

բ) դպրոցին օժանդակելու համար համայնքի ներգրավում (հանգանակությունների հավաքման, աշխատուժի ներգրավման, հովանավորների օժանդակության եւ այլ ծրագրերի մշակում),

գ) խորհրդի լիազորությունների սահմանների պահպանում՝ պատշաճ հարաբերություններ ստեղծելով դպրոցի տնօրենի, ՏԻՄ-ի, դպրոցում գոյություն ունեցող մյուս խորհուրդների (մանկավարժական, հոգաբարձուների, ծնողական) հետ: Այսինքն՝ դպրոցի տնօրենը այլեւս, հատկապես ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող, միանձնյա որոշումներ չի կարող կայացնել:

Բազմաթիվ ուղիներ կան, որոնցով դպրոցը կարող է ստեղծել սեփական միջոցներ: Դրանցից են՝ համայնքի միջոցով արված կամավոր հանգանակությունները, ուսուցման համար ներդրումներն ու մուծումները, դպրոցի ունեցվածքի վարձույթը, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների նվիրատվություններ եւ այլն: Այսպիսով, այսօրվա դպրոցում, երբ դպրոցի կառավարման բարձրագույն մարմինը դպրոցի խորհուրդն է, դրամահավաքություն, ըստ սահմանված կարգի, կարող է լիարժեքորեն տեղի ունենալ:

Եթե հանրապետության կառավարությունը իսկապես ուզում է, որ դրամահավաքության երեւույթը կարգավորվի, ապա դպրոցներում պետք է սկսել խիստ ուսումնասիրություններ՝ պարզելու համար խորհուրդների գործունեության իրական պատկերը, պետք է սահմանել վերահսկողություն, որ խորհրդի գոյությունը ձեւական չլինի: Վերադասի խնդիրն է դպրոցներում հետեւել խորհրդի գործունեության կանոնադրական պահանջների կատարմանը եւ համապատասխան խախտում (հատկապես՝ ֆինանսական) հայտնաբերելու դեպքում՝ լուծարել տվյալ խորհուրդը ու անցկացնել նոր ընտրություններ: Թե չէ անձերին պատժելով ու հրամաններ արձակելով՝ երեւույթը չի վերանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել