Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 21,2008 00:00

Դիակ է գտնվել

Նոյեմբերի 19-ին Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի 12-րդ բնակարանում հայտնաբերվել է 59-ամյա Լիանա Գրիգորյանի դիակը:

Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ երեկ մեկ այլ դիակ էլ (40 տարեկան, անձը չպարզված) հայտնաբերվել է Երեւանի Նուբարաշեն համայնքի 11-րդ փողոցի թիվ 22 շենքի 4-րդ բնակարանում: Բնակարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր գույքը:

Ոստիկանությունից պահանջում է

\"\"Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում լսվեց ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի վերաքննիչ բողոքը: Նա ՀՀ ոստիկանությունից պահանջում է 100 000 դրամ՝ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանին վճարելու համար:

Դ. Շահնազարյանին ապրիլի 4-ին հրավիրել են ոստիկանություն: Փաստաբանը նրա հետ պայմանագրի է կնքել մայիսին: Պայմանագիրը կնքելուց հետո վճարվել է գումարը: Ոստիկանությունը դիմել է վարչական դատարան, ապա հրաժարվել է հայցից: Դ. Շահնազարյանը գտել էր, որ այդ ընթացքում խախտվել է իր նյութական իրավունքը: Չնայած դատարան ներկայացրած առարկություններում ոստիկանությունը նշել էր, որ յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իրավաբանական օգնություն ստանալու «ցանկացած» ձեւը: Դատարանը նկատեց, որ հայցվորը ներկայացրել է Վ. Էլբակյանի հետ կնքած պայմանագիրը, սակայն գումարի մասով որեւէ ապացույց չի ներկայացրել: Վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին:

Արգելվեց լուսանկարել

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (Վ. Ավանեսյան, Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան կազմով) սկսվեց եւ ավարտվեց Դ. Անհաղթի 19/39 բնակարանի բնակիչ Գայանե Մարկոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այս տարվա հունիսին լսելով նրա հարեւանի՝ Արթուր Ղեւոնդյանի հայցը, բավարարել էր այն: Ղեւոնդյանը պահանջել էր քանդել տալ 4-րդ հարկում Գ. Մարկոսյանի կողմից կառուցած 7,5 քմ մակերեսով ինքնակամ կառույցը, որը գոյություն ունի 1996 թվականից:

Գ. Մարկոսյանը դատավորի հարցին, թե «Օրենքով սահմանված կարգով դիմե՞լ եք կառույցը սեփականաշնորհելու հարցով», պատասխանեց, որ դիմել է կադաստրային վարչությանը, որտեղ իրեն պատասխանել են, թե սպասում են կառավարության եւ քաղաքապետարանի որոշմանը: Գ. Մարկոսյանի պնդմամբ, երբ ինքը կառուցել է տվյալ շինությունը, Հայաստանում չի գործել եւ չէր ընդունվել «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքը: Այն ընդունվել է 2003-ից:

Ի դեպ, դատական նիստը լուսանկարելու խնդրանքով դատարանին դիմեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Դատարանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, արգելեց լուսանկարել: Քիչ անց խոսելու համար դատարանը դուրս հրավիրեց Գ. Շամշյանին, ապա սպառնաց «տուգանել քաղաքացուն», իսկ դատական կարգադրիչների հետ լուսանկարչին փորձեց նիստերի դահլիճից դուրս հրավիրել քաղաքացիական հագուստով անհայտ անձը՝ ինչի կապակցությամբ միջադեպ գրանցվեց:

Դատարանի որոշումը կընթերցվի դեկտեմբերի 4-ին:

Սեփ. լր.

ԴԱՀԿ-ն պատասխանում է

«Առավոտ» թերթի հոկտեմբերի 25-ին տպագրված «Բացահայտված կեղծիքից հետո էլ ԴԱՀԿ-ն մնաց «անսասան» հոդվածում (հեղինակ՝ Գ. Բալասանյան) ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մեղադրվում է անգործության մեջ: Մասնավորապես, խոսքը ծառայության Արմավիրի բաժնի կողմից՝ Մուշեղ Ղարիբյանը ընդդեմ Անդրեաս Շահինյանի դատական գործով կայացրած վճռի իբրեւ թե չկատարման մասին է: 

ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ գործով պարտապան Անդրեաս Շահինյանը, որից դատարանի վճռով հօգուտ Մուշեղ Ղարիբյանի պետք է բռնագանձվեր 3450 ԱՄՆ դոլար, իր անվամբ որեւէ գույք չունի: Դրա վկայությունն են պետական ատյանների կողմից ծառայության գրություններին ի պատասխան տրված տեղեկանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանումը 20.07.2006 թ. իր գրությամբ հայտնել է, որ «Փարաքար գյուղի բնակիչ Անդրեաս Շահինյանի անվամբ տարածքային ստորաբաժանումում գույք գրանցված չէ»: Ավելին, ծառայության կողմից նույնաբովանդակ հարցում է արվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական կենտրոն, որը 21.02.2007թ. գրությամբ հայտնել է, որ «Շահինյան Անդրեասի անվամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ»: Նշված անձը, ինչպես պարզվել է կատարողական գործողությունների արդյունքում, չունի որեւէ շարժական գույք, ինչպես նաեւ բանկային հաշիվներ կամ արժեթղթեր: Ինչ վերաբերում է հոդվածում տեղ գտած պնդումներին, իբրեւ թե պարտապանը ունի սեփական գույք. ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 176 հոդվածի 2 կետի, «այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից»: Փարաքարի գյուղապետի կողմից տրված տեղեկանքները պարտապանի սեփականության իրավունքով գույք ունենալու կամ չունենալու վերաբերյալ հիմք չեն կարող հանդիսանալ ԴԱՀԿ ծառայությանը՝ որեւիցե գործողություն կատարելու համար: Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 2-րդ մասի, «Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները եւ սահմանափակումները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված եւ գրանցված»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել