Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց տեսնես կառուցում են՝ խաբար արա»

Նոյեմբեր 21,2008 00:00

Թաղապետարանի պաշտոնյան բնակչին հորդորում է տանը նստել եւ հետեւել, երբ բակի ապօրինի շինարարությունը շարունակվի՝ զանգի իրենց:

Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2001-ը կառուցված 300 քմ-ից ոչ ավելի ապօրինի շինություններին սեփականաշնորհելու իրավունք տալ, բազմաթիվ քաղաքացիներ հուսադրվեցին, որ նմանատիպ որոշումներ ապագայում եւս կընդունվեն: Շատերը մինչ այսօր էլ շարունակում են առանց թույլտվության զբաղվել կառուցապատմամբ եւ չպատժվել: Աջափնյակ համայնքի Հասմիկի 24 հասցեում կառուցապատողը փորձում է զավթել հարեւանին պատկանող տարածքը: «Առավոտին» դիմած Մանուշակ Քիշմիրյանի պատմելով՝ երկար տարիներ է, ինչ ձեռք է բերել այդ հասցեում գտնվող տունն ու հողամասը եւ ունի բոլոր փաստաթղթերն այն մասին, որ ինքը սեփականատեր է, սակայն դա չի խանգարում, որ հարեւանն աչք ունենա իր հողատարածքի վրա. «Թաղապետարանից թույլտվություն ստացա ու պարիսպ կառուցեցի, որ չկարողանան իմ տարածք մտնել, բայց դա էլ չօգնեց: Բավական չէ ապօրինի գործ են անում, դեռ մի բան էլ դատարան են դիմել, որ հողը ձեռքիցս խլեն, իրենց համար ճանապարհ սարքեն: Դատարանն, իհարկե, մերժեց հայցը: Մի քանի անգամ դիմել եմ նաեւ թաղապետարան: Եկել են տեղում նայել ու ինձ տեղեկանք են ուղարկել, որ շինարարությունը ապօրինի է եւ այն կասեցվել է, սակայն դրանից հետո հարեւանս արագացրեց շինարարությունը»: Մ. Քիշմիրյանի ներկայացմամբ, երբ ինքը դիմել է Աջափնյակ թաղապետարանի ճարտարապետության եւ շինարարության վերահսկողության վարչության պետ Ռաֆիկ Կարապետյանին, վերջինս պատասխանել է. «Մանուշ, մի փոքր փոսի համար ինչո՞ւ ես իրար խառնվել»: Բնակչի խոսքերով. «Ապօրինությունները կատարվում են հենց թաղապետարանի պաշտոնյաների թույլտվությամբ ու իրենց աչքի առջեւ: Վստահ եմ, որ շինարարության ավարտից հետո հարեւանս նրանց հետ հեշտ ու հանգիստ լեզու կգտնի»:

Այս առնչությամբ Ռաֆիկ Կարապետյանն «Առավոտին» պարզաբանեց, որ Մ. Քիշմիրյանի տնամերձ հողամասը կմնա անձեռնմխելի. «Մենք ենք այդ տիկնոջը պարիսպ կառուցելու իրավունք տվել: Հո չե՞նք կարող մեր որոշմանը հակառակ գնալ: Նոր կառուցվող տան տերը կարող է ուրիշ կողմից մուտք ունենալ»: Մեզ հետ զրույցում պարոն Կարապետյանը հաստատեց, որ նորակառույցն իսկապես ապօրինի է, իսկ թե ինչու չեն կասեցնում եւ քանդում այն, նա ասաց. «Այն արդեն մի քանի տարի կասեցված է եւ կիսակառույց էլ մնացել է: Իհարկե, կարող ենք քանդել: Բայց տիկին Մանուշակը թող գոնե իր տանը մնա ու հենց տեսնի կառուցում են՝ մեզ տեղյակ պահի, որ գնանք ու բռնացնենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել