Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ՝ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ»

Նոյեմբեր 21,2008 00:00

\"\"Կարծում է հաշմանդամ Արման Մուշեղյանը \"\"

«Երբ մտա ընդունելության քննության՝ հանձնաժողովի անդամներից մեկն ասաց. տեսնենք էս քյոռը ո՞նց պիտի պատասխանի: Ես շատ հուզվեցի, ու քանի որ բանավոր պետք է հանձնեի քննությունը, խառնվել էի իրար ու մի բառ էլ սխալ թարգմանեցի: Իսկ երբ արդեն բալերն էին նշանակում, ես դրանց հետ համաձայն չէի ու բողոքարկեցի: Այն ժամանակվա կրթության նախարար Սերգո Երիցյանը, տեսնելով, որ հաշմանդամ եմ, ասաց՝ մի բալ էլ իմ կողմից դրեք: Ես չհամաձայնեցի ու չստորագրեցի փաստաթղթի տակ: Ինձ ոչ մեկի խղճահարությունը պետք չէ»,- «Առավոտին» պատմեց հաշմանդամ Լիլիթ Գրիգորյանը: Նա մանկուց տեսողական խնդիրներ ունի, իսկ 9 տարեկանում պարզվել է, որ հիվանդությունը գլաուկոմա է, որը վնասում է տեսողական նյարդը:

Բուհում սովորելու միտքը Լիլիթի ծնողներն այնքան էլ ուրախությամբ չեն ընդունել, մտածելով, որ ամեն մի անհաջողություն աղջկա համար նոր սթրես կլինի. «Բայց երբ դիպլոմս ձեռքիս մտա տուն, ծնողներս երջանկությունից լաց էին լինում»: Մեզ հետ զրույցում Լիլիթը պատմեց նաեւ, թե ինչ դժվարություններ է ունեցել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում սովորելու ժամանակ. «Ամեն կուրսում կար մի դասախոս, որը շատ վատ էր վերաբերվում ինձ: Մի դասախոս քննության ժամանակ ասաց՝ 3 դնեմ լա՞վ ա, երբ մերժեցի, ասաց՝ լավ՝ 4, ասացի՝ ոչ, ինձ վերաբերվեք այնպես, ինչպես մյուսներին: Ցավալին այն էր, որ ամեն կուրսում նոր դասախոսներ էին ու նորից նույն պրոբլեմները»: Քանի որ Լիլիթը տիրապետում է համակարգչին եւ կարողանում է հատուկ ծրագրի միջոցով օգտվել դրանից, պրակտիկայի համար դիմել է Բրիտանական դեսպանատուն, որտեղ էլ ընդունվել է աշխատանքի: Այժմ Լիլիթը Բրիտանական դեսպանատան վեբ-կայքի թարգմանություններն է կատարում: Սակայն, նրա հավաստմամբ, մեր երկրում գրեթե բոլոր ընկերություններն էլ հրաժարվում են հաշմանդամներին աշխատանքի ընդունել, քանի որ նախ գրասենյակները հարմար պայմաններ չունեն, հետո էլ խուսափում են ավելորդ բարդություններից. «Մի հայտնի ընկերությունում թարգմանչուհի աշխատելու համար ինձ ընդամենը $100 առաջարկեցին, այն էլ գիշերային հերթապահությամբ»: Չնայած հաշմանդամությանը, Լիլիթը նաեւ սովորել է դաշնամուր նվագել եւ նկարչություն անել, նույնիսկ 2 անհատական ցուցահանդես է ունեցել:

Լիլիթի խոսքերով. «Հայաստանում հաշմանդամների համար չկան տարրական պայմաններ՝ լիարժեք ուսում ստանալու, աշխատելու կամ քաղաքի փողոցներով տեղաշարժվելու համար: Մեր քաղաքում նույնիսկ ոչ հաշմանդամին են մեքենայի տակ գցում, պատկերացնո՞ւմ եք մեզ ինչ կանեն: Այլ երկրներում նոր շենք կառուցելիս պետք է հատակագծում անպայման պայմաններ նշված լինեն հաշմանդամների համար, իսկ մեզ մոտ նման բաները գրեթե բացակայում են: Մեր ինստիտուտի մուտքը փոխել էին ու քարտերով պետք է ներս մտնեինք: Դա ինձ համար շատ անհարմար էր: Հիշում եմ, դիմել էի մեր դեկանին, որ բուհում նվազագույն պայմաններ ստեղծեն հաշմանդամների համար, բայց նա ասաց. դուրդ չի գալիս՝ մի արի»:

«Առավոտը» զրուցեց նաեւ Արման Մուշեղյանի հետ, որը 2001-ին ավտովթարից ողնաշարի վնասվածք է ստացել եւ այժմ անվասայլակով է տեղաշարժվում: Նրա խոսքերով. «Մեր իշխանությունները ոչինչ չեն անում հաշմանդամների իրավունքները պաշտպանելու համար: Պետությունը պետք է մեզ անվճար անվասայլակ տրամադրի, սակայն այն ստանում ենք բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնելով: Բացի այդ, սայլակներն էլ անորակ են: Ոնց որ նույն համարի կոշիկը բոլորի համար բերեն: Տրամադրած սայլակները հաճախ չեն համապատասխանում տվյալ մարդուն»: Արմանի ներկայացմամբ՝ մեր հասարակության մեջ հաշմանդամություն հասկացությունը զուգորդվում է կարիքավորի կամ մուրացկանի հետ, եւ շատ վերականգնողական կենտրոններ հաշմանդամներին սովորեցնում են ընդամենը սայլակից օգտվել. «Ես ամեն տարի բուժման եմ մեկնում Ղրիմի Սակի քաղաք: Այդ քաղաքը կարծես մեզ համար լինի, այնտեղ մեկուսացված չենք եւ մեզ լիարժեք մարդ ենք զգում: Այնտեղ հաշմանդամին ոչ թե սայլակից օգտվել են սովորեցնում, այլ՝ քայլել»: Արմանի ներկայացմամբ՝ արտերկրում այս խնդրին այլ կերպ են վերաբերվում. «Օրինակ, Ուկրաինայի պառլամենտում նույնիսկ հաշմանդամ դեպուտատ կա, որը զբաղվում է հաշմանդամների լոբբինգով: Իսկ մեր պառլամենտի անգամ մուտքին մոտ չեն թողնի հաշմանդամին»: Հաշմանդամների ամենօրյա խնդիրները տեսնելով՝ Արմանը որոշել է հասարակական կազմակերպություն ստեղծել, որը կոչվելու է՝ «Աշխարհն առանց արգելքների»: Այս հ/կ-ի միջոցով նա կփորձի իր հայրենի Աբովյան քաղաքում հաշմանդամների համար հատուկ պայմաններով մարզահամալիր բացել: Նշենք, որ Արամը բռնցքամարտի չեմպիոն է, իսկ մասնագիտությամբ՝ տնտեսագետ:

Հ. Գ. Հաշմանդամներից շատերը, բարդույթների պատճառով, հրաժարվում էին իրենց խնդիրների մասին զրուցել մեզ հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել