Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կամաց-կամաց խոստովանում են

Նոյեմբեր 21,2008 00:00

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը կատարեց ընդամենը երկու օր առաջ տված իր խոստումը եւ երեկ սենսացիոն բացահայտում արեց, որն ուղղակիորեն առնչվում է «Մարտի 1»-ի դեպքերին: Սակայն դա բացահայտում է միայն մեր հասարակության համար, որովհետեւ Լ. Զուրաբյանի հրապարակած տեղեկությունը, ինչպես ավելի ուշ պարզվեց, իրենց գզրոցներում, գոնե մինչեւ երեկ, խնամքով թաքցնում էին հե՛նց ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ու նաեւ ՀՀ հատուկ քննչական մարմինը, ՀՀ ոստիկանությունը: Իսկ Լ. Զուրաբյանը երեկ հրապարակեց արտասահմանցի մի լրագրողին Սամվել Նիկոյանի տված հարցազրույցից մի պատառիկ: Լրագրողի հարցին, թե՝ «ի՞նչ տեսակի զենքեր են օգտագործվել ոստիկանության կողմից ամսի 1-ին», Ս. Նիկոյանը պատասխանել է բառացի հետեւյալը. «Հատուկ միջոցներից մեր ոստիկանությունը մեր օրենքներով իրավունք ունի օգտագործել պաշտպանական վահան, դուբինկեք՝ որ կան, ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, էնտեղ՝ չերյոմուխայի տարբեր տեսակներ եւ հրազեն: Հրազենը, դա ոստիկանի կողքի հրազենից սկսած՝ անհատական եւ ավտոմատ զենք կալաշնիկով եւ մի հատ սնայպեր: Այդ զենքերն են եղել իրենց տրամադրված: Ես ոստիկանությանը, երբ փորձում եմ մեղադրել, որ դուք կարող էիք խփել ոտքին, որ նա չմահանար…» (ձայնագրությունը շարունակություն ունի, որին մենք առաջիկայում կանդրադառնանք- Ն. Մ.):

Ստացվում է, որ Ս. Նիկոյանը համարձակություն է ունեցել գոնե արտասահմանցի լրագրողին խոստովանելու, որ հակառակ իրավապահների հրապարակային հերքումների, մարտի 1-ին «սնայպեր» եղել է: Սա այն է, ինչ ընդդիմությունը պնդում էր ամիսներ ի վեր: Ի դեպ, Ս. Նիկոյանը երեկ, ի պատասխան լրագրողների հարցին, չի էլ հերքել իր այս հայտարարությունը. «Ես ասում եմ՝ այո, ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար: Նրանք պաշտոնապես պատասխանել են իմ հարցին՝ մեկ դիպուկահարի ներկայությունը»: Նիկոյանը տեղեկություն չունի, թե արդյոք այդ դիպուկահարի կրակոցից զոհեր կամ վիրավորներ եղե՞լ են: Իսկ ահա Լ. Զուրաբյանի տեղեկություններով, մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիներից 5-ը մահացել է գլխին ուղղված հրազենային կրակոցներից, որոնք արձակվել են նշանառուի կամ նշանառուների կողմից: Ի դեպ, չի բացառվում, որ հենց դիպուկահարի կրակոցից է նաեւ մահացել ծոծրակից հրազենի միջոցով վիրավորված 19-ամյա ժամկետային զինծառայողը: «Առավոտի» հետ զրույցում Լ. Զուրաբյանը այս բացահայտման համար շնորհավորեց Ս. Նիկոյանին՝ հավելելով, թե՝ «ճիշտ կլիներ, որ դա արվեր ոչ միայն արտասահմանցի լրագրողի, այլեւ մեր հասարակության ու նաեւ իր գլխավորած հանձնաժողովի համար»: Զուրաբյանի դիտարկմամբ, պատահական չէ, որ 10 մարդու սպանություն կատարողները եւ հանգամանքները մինչեւ հիմա դեռ բացահայտված չեն. «Որովհետեւ իշխանությունը պետք է բռնի ինքն իր ձեռքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել