Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ հարցը պետք է հիմա լուծվի

Նոյեմբեր 21,2008 00:00

Այս համոզմանն է նաեւ ՀԿԿ-ն

47 կուսակցությունների մասնակցությամբ երեկ ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի հրավերով կայացած ԼՂՀ հարցի քննարկումների մասին իր տպավորություններն «Առավոտի» հետ կիսեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Դրանք, ընդհանուր առմամբ, դրական էին, մանավանդ որ՝ «յուրաքանչյուր կուսակցության հնարավորություն ընձեռվեց բարձրաձայնելու սեփական մոտեցումները»: Քննարկման հիմնական առարկա երեք հարցերի շուրջ, մեր զրուցակցի մատուցմամբ, 47 կուսակցությունների ղեկավարներն էլ համակարծիք են եղել. «Առաջին հերթին պետք է լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցն այնպես, ինչպես ենթադրել է հայ ժողովրդի՝ 1988 թվականից սկսած պայքարը: Խոսք եղավ տարբեր բանակցությունների, այդ թվում՝ մադրիդյան, ինչպես նաեւ մոսկովյան Հռչակագրի մասին: Կուսակցությունների ղեկավարների հիմնական մասն այն կարծիքին էր, որ այսօր ԼՂՀ հարցի կարգավորումը տարվում է ճիշտ ճանապարհով եւ պետք է հնարավորություն ստեղծվի երկրի ղեկավարության համար հնարավորինս արագ եւ հայամետ լուծելու հարցը»: Իր ելույթում Ռուբեն Թովմասյանը ողջունել է մոսկովյան Հռչակագիրը, քանի որ «այդ Հռչակագրում, իսկ հետագայում նաեւ Դումային ուղղված Մեդվեդեւի ուղերձում փաստվեց, որ ՌԴ-ն Կովկասից չի հեռանալու: Իսկ ամենագլխավորն այն էր, որ երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ ամրագրվում էր պատերազմական գործողությունների բացառման հարցը»: Ըստ մեր զրուցակցի՝ «Հանդիպման մասնակիցներն արձանագրեցին, որ ԼՂՀ հարցի լուծման ձգձգումը Հայաստանի համար նպաստավոր չէ: Այսօր ստեղծվել են հարցի լուծման համար շատ նպաստավոր պայմաններ՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնի վրա»:

Քանի որ «մադրիդյան» սկզբունքներում ամրագրված է, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ճանապարհով, ասել է թե՝ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն, մինչդեռ մեր քաղաքական ուժերը հիմնականում հայտարարում են, որ հողերը չեն վերադարձվելու, Ռ. Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե քննարկման ժամանակ ինչպե՞ս են համադրվել այս երկու իրար հակասող սկզբունքները: «Միանգամայն ճիշտ դիրքորոշում է, որ ոչ մի թիզ հող չպետք է վերադարձվի: Բայց «մադրիդյան» փաստաթղթում դրված են Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի հետ ցամաքային ճանապարհների գոյության եւ ԼՂ անվտանգության ապահովման հարցերը: Սրանք են այդ փաստաթղթի գլխավոր խնդիրները: Այսօր ենթադրություններ անել տարածքների վերադարձի կամ այլ բաների մասին…»: Ինչ վերաբերում է սպասվող հանրաքվեին, ըստ պարոն Թովմասյանի՝ «Հանրաքվեն պետք է լինի հայկական կողմի համար նպաստավոր պայմաններում: Մենք հանրաքվեն պետք է անենք ոչ թե 20 տարի հետո, այլ այն ժամանակ, երբ ԼՂՀ ողջ ժողովուրդը կմասնակցի դրան, ոչ թե ադրբեջանցի փախստականների հաշվին նրանք առավելություն կունենան»: Գործնականում ինչպե՞ս պետք է դա ապահովվի, քանի որ օրեցօր հայաթափվում է նաեւ Արցախը: «Եթե խոսվում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, պետք է խոսվի նաեւ հայ փախստականների մասին: Ես այդ շրջանում ղեկավարում էի փախստականների կոմիտեն եւ գիտեմ, թե ինչպիսի պայմաններում դատարկվեցին Սումգայիթը, Բաքուն, Ղարաբաղը»: Հարցին՝ իշխանությունները հստակ երաշխիքներ տվեցի՞ն, որ հանրաքվեն մեզ համար նպաստավոր ժամանակահատվածում եւ պայմաններում կիրականացվի, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Այո»: Ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման եւ միջազգային խաղաղապահների տեղակայման հարցը երեկվա հավաքում չի քննարկվել՝ «ավելորդ էր այդ մասին խոսելը. բոլորն իրենց ելույթներում հստակ ասացին, որ տարածքները վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող, ավելին, հետագայում այլ՝ ավելի հայանպաստ պայմաններ էլ պիտի դրվեն»,- ասում է Ռուբեն Թովմասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել