Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ԿԼԻՆԵՆ

Նոյեմբեր 21,2008 00:00

Ենթադրում է Քաղկալանավորների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը

«Առավոտի» հետ զրույցում Քաղկալանավորների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, որը «Յոթի» գործում ներգրավված պաշտպանների հետ միասին երեկ հանդիպել է եռօրյա հատուկ այցով Հայաստանում գտնվող ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, ընդհանուր առմամբ գոհ էր հանդիպումից: Նրա ասելով՝ փաստաբանների խումբը, բացի «Յոթի» գործից, հանձնակատարին է ներկայացրել նաեւ «Մարտի 1»-ի մյուս գործերի՝ ավարտված եւ դեռ ընթացքում գտնվող դատավարությունների ընթացքում տեղ գտած այն հիմնական եւ կոպիտ օրինախախտումները, որոնք ամրագրված են նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով: Համմարբերգին ներկայացվել է նաեւ «Յոթի»՝ նախաքննությունն ավարտված գործը եւ այն մտահոգությունները, որոնք պաշտպաններն ունեն՝ կապված այդ գործում առկա կեղծ ապացույցների, հանցակազմի բացակայության հետ: «Այսինքն՝ փաստարկված ներկայացվել է, որ այն մեղադրանքը, որն առաջադրվել է 7 անձանց, ակնհայտորեն արհեստական է: Մենք նաեւ նշել ենք, որ չնայած այն բանին, որ «Մարտի 1»-ի գործով մաս է անջատվել, ինչպես նախաքննական մարմինն է ձեւակերպել՝ սպանությունների եւ զոհերի հետ կապված հանգամանքները պարզաբանելու համար, այդուհանդերձ, արդեն 7 հոգու վերաբերյալ գործերը մտնում են դատարան՝ որպես այդ չպարզաբանված հանգամանքներով սպանությունների կազմակերպիչների»,- մանրամասնեց Ա. Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ, Համմարբերգին հետաքրքրել է, թե ինչ ընթացք կարող է ստանալ «7»-ի գործը, երբ մտնի դատարան, երբ սկսվի այդ գործով դատաքննությունը:

Ա. Խաչատրյանը դժվարացավ կարծիք հայտնել հանդիպումից ստացած Համմարբերգի տպավորության մասին, որովհետեւ նա լսողի եւ նշումներ անողի դերում է եղել, իսկ հիմնական բանախոսները պաշտպաններն էին, բայց հավելեց, թե հանձնակատարի հարցերից պարզ էր, որ նա էլ մի շարք մտահոգություններ ուներ: «Յոթի» գործով պաշտպաններին լսելուց հետո հանդիպման մասնակիցները եւս 40 րոպե զրուցել էին հանձնակատարի՝ «7»-ի գործի նախաքննության, մնացած գործերի դատաքննության, նաեւ Եվրոպական դատարան ուղարկված փաթեթների առնչությամբ տրված հարցերի շուրջ:

Հանդիպումից ստացած Ա. Խաչատրյանի տպավորությամբ՝ Համմարբերգի պատրաստելիք զեկույցում գնահատականներն, ըստ ամենայնի, «ավելի կոշտ կլինեն, քան եղել են եւ, գուցե նաեւ, քան՝ ենթադրում ենք, որովհետեւ վերջին հանդիպման ժամանակ մենք դեռեւս չէինք տիրապետում գործի նյութերի փաստական բազային: Այս հանդիպման ժամանակ, քանի որ փաստաբանները տիրապետում են գործում եղած ապացույցներին, շատ ավելի հանգամանալից ներկայացվեց գործի շինծու եւ փուչիկ լինելը, ապացույցների անթույլատրելի լինելու հանգամանքը»:

Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ Համմարբերգը հայտարարել է, որ չնայած քաղբանտարկյալների՝ իր հետ հանդիպումից հրաժարվելու հայտարարությանը, նա մտադիր է, այնուամենայնիվ, հանդիպել նաեւ նրանց հետ:

Երեկ երեկոյան ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ հանդիպումը մենք զրուցեցինք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Նա դժվարացավ կանխատեսել, թե հատկապես ի՞նչ հարցերի շեշտադրությամբ կընթանա այդ հանդիպումը, բայց կարծիք հայտնեց, թե կխոսվի ԵԽԽՎ երկու բանաձեւերի կատարման մասին: «Դրա վերաբերյալ մենք կներկայացնենք ողջ ճշմարտությունը: Ամենակարեւոր հարցերը, որոնց վերաբերյալ կխոսվի, քաղբանտարկյալների ազատ արձակումն է, ինչը, կարծում եմ, արհամարհված է իշխանությունների կողմից, նաեւ՝ «Մարտի 1»-ի փորձագետների փաստահավաք խմբի աշխատանքները»,- ասաց պարոն Զուրաբյանը: Նա չբացառեց, որ ՀԱԿ-ը հանձնակատարին կփոխանցի ոչ միայն երեկ իր կողմից արված բացահայտումը՝ «Մարտի 1»-ի երեկոյան դեպքերի ժամանակ դիպուկահարի առկայությունը հաստատող ձայնագրությունը, այլեւ փաստահավաք խմբի աշխատանքներին խոչընդոտելու իշխանությունների փորձերի առնչությամբ Կոնգրեսի ունեցած մտահոգությունները:

Այս խնդրի առնչությամբ երեկ ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հատուկ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, որ «նոյեմբերի 14-ից Փաստահավաք խումբը սկսել է իր աշխատանքը: Առաջին իսկ նիստում խումբը կոնսենսուսով ընդունել է որոշումներ, որոնցից մեկով Վահե Ստեփանյանն ընտրվել է Փաստահավաք խմբի ղեկավար, մյուսով՝ խմբի աշխատանքի վայր է ընտրվել ՄԻ պաշտպանի գրասենյակը: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել ապահովել անհրաժեշտ գրասենյակային պայմանները՝ խմբի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար: Չնայած վերը նշված իրողություններին՝ նախագահի աշխատակազմը միջամտել է փաստահավաք խմբի աշխատանքներին՝ որպես աշխատավայր պարտադրելով ԱԺ շենքը՝ դրա համար չունենալով որեւէ իրավական ակտով սահմանված լիազորություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի աշխատակազմն ապօրինաբար միջամտել է Փաստահավաք խմբի գործունեությանը, նաեւ այն, որ խմբին պարտադրվում է աշխատել մի հաստատությունում, որտեղ ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու սկզբունքները, ակնհայտ է դառնում, որ սրանով էապես նվազելու է Փաստահավաք խմբի աշխատանքի պաշտպանվածությունը հնարավոր ճնշումներից, ուստի՝ նաեւ արդյունավետությունը մարտիմեկյան ոճրագործության փաստերի բացահայտման հարցում: Իշխանությունների նման գործողությունները եւս մեկ անգամ վկայում են, որ նրանք շահագրգռված չեն փաստահավաք խմբի կողմից մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ անկախ հետաքննության անցկացման մեջ: Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում են իշխանություններից հրաժարվել Փաստահավաք խմբի վրա ճնշումներ իրականացնելու եւ նրա աշխատանքը վերահսկողության տակ պահելու փորձերից: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ եթե խմբի աշխատանքները խոչընդոտելուն ուղղված այս փորձերը եւ ճնշումները շարունակվեն, մենք ստիպված կլինենք հետ կանչել մեր ներկայացուցիչներին»:

«Մենք չէինք կարող սրա մասին չխոսել եւ հատուկ հայտարարությամբ հանդես չգալ, որովհետեւ որեւէ ցանկություն չունենք մասնակցել ինչ-որ իմիտացիայի, որի միակ նպատակը լինելու է ԵԽԽՎ նստաշրջանից առաջ իշխանությունների համար լավ իմիջ ստեղծելը: Եթե նպատակը դա է, մենք դրան մասնակցելու ցանկություն չունենք: Եթե նպատակը իսկապես ճշմարտացի բացահայտումներ անելն է, ապա մենք պատրաստ ենք բարեխղճորեն մասնակցել այդ գործին»,- «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց Լ. Զուրաբյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել