Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏԱԿՏԻՎԸ» ՈՂՋՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նոյեմբեր 21,2008 00:00

\"\"Շուրջ 50 հայտնի եւ անհայտ կուսակցություններ հաստատեցին իրենց անզիջում դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Հանդիպումը տեւեց շուրջ հինգ ժամ, լրատվամիջոցները մասնակցեցին միայն առաջին 10 րոպեներին, երբ ողջույնի խոսք ասաց Սերժ Սարգսյանը: Հանդիպումից հետո կուսակցությունների ղեկավարները հիմնականում արտահայտում էին իրենց գոհունակությունը, բոլորն աննախադեպ էին որակում նախաձեռնությունը եւ հույս էին հայտնում, որ նման հանդիպումներ կլինեն նաեւ այլ առիթներով: Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն անգամ վերհիշեց իր վարչապետության տարիները, երբ ամեն երկուշաբթի իր մոտ էր հրավիրում կուսակցությունների ղեկավարներին՝ զրուցելու տվյալ պահին կարեւոր հարցերի շուրջ: Ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի անդամ այլ կուսակցությունների, Սերժ Սարգսյանի հրավերը չէր մերժել ՀԱԿ-ի անդամ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ի պատասխան մեր հարցի՝ ի՞նչ է մտածում այն մասին, որ ՀԱԿ-ի մյուս բոլոր անդամները բոյկոտել են հրավերը, իսկ ինքը եկել է, Դ. Հակոբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը բարբարոս չէ, նա քաղաքակիրթ լիդեր է, նա Կոնգրեսի մեջ մտնող բոլոր քաղաքական սուբյեկտներին թույլատրել է ինքնուրույն քաղաքական մանեւրելու հնարավորություն: Ես այսօր այստեղ եմ՝ որպես ընդդիմության գաղափարական հրետանի: Այնպես որ, հաշվեք, թե ընդդիմությունն այստեղ է, ես այդպես էլ կասեմ Սերժ Ազատիչին»:

«Արցախ-Հայաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Մելքումյանը քննարկումը խիստ կարեւորեց, քանի որ կարծում է, թե կան որոշ անորոշություններ. «Փոխզիջում, զիջում եւ այլն, խոսք է գնում Արցախը Հայաստանի հետ ցամաքային կապի մասին, եթե Լաչինի նեղ ճանապարհի մասին է, բնականաբար, դա կարեւոր է Արցախի համար այսօր եւ հետագայում, հետեւաբար՝ մենք պետք է քննարկենք, որ այն, ինչ որ ազատագրել ենք, մեր պապական հողերը առաջին հերթին նկատի ունեմ, այժմյան Շահումյանը եւ Քաշաթաղի շրջանները, ոչ մի կերպ չենք զիջելու, չենք զիջելու նաեւ Լաչինը, դա միակ կապն է Հայաստանի հետ»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հանդիպումից լավ տպավորություն ուներ. «Նախագահը տրամադրված էր եւ ասաց, որ, ուզեն թե չուզեն, մի օր Արցախը պիտի դառնա բանակցային կողմ: Ես խնդրեցի, որ մենք պարտվողականությանը վերջ տանք, որովհետեւ, երբ դու խոսում ես հայերեն եւ օգտագործում ես Ղարաբաղ բառը, նշանակում է արդեն պարտվել ես այդ ճակատում, դարձել ես Արցախի հակառակորդը: Հետո ասացի, որ եթե Հայաստանն է մասնակցում բանակցություններին, պիտի խոսի նաեւ Նախիջեւանի մասին»:

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հանդիպումից հետո դուրս եկավ եւ հայտարարեց. «Քանի որ մենք երկու անգամ՝ որպես վարչապետ եւ որպես նախագահ, վստահել ենք Սերժ Սարգսյանին, հիմա էլ շարունակում ենք վստահել նրան, որպեսզի նա իրականացնի այն գործողությունների ծրագիրը, որը կիջեցնի ՀՀ-ին սպառնացող մարտահրավերների աստիճանը եւ կբերի այն խնդրի լուծմանը, որին ակնկալում ենք բոլորս»: «Ազգային արժանապատվություն» կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանն անգիր արածի պես ասաց. «Շատ լավ քննարկում էր, գերազանց քննարկում էր, որեւէ սկզբունքային տարաձայնություն որեւէ մեկը չունի»: Մնացած բոլոր հարցերին միայն այսպես էր պատասխանում՝ «Շատ դրական, շատ բարձր»: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի տպավորությամբ՝ իշխանությունը շատ զգուշավոր էր եւ ցանկանում էր, որ «ընդհանուր կարծիքը ընդհանուր հնչողություն ունենար, որովհետեւ, եթե որեւէ մեկը այլ կարծիք էր արտահայտում՝ դա չէր նստում կոնտեքստի մեջ, այնպես որ, վերջում արձանագրվեց միասնության հինգ ուղղություն. կային, որ ասում էին՝ ոչ մի թիզ հող, ինչպես Արմեն Ավետիսյանը, կային, որ բանակցություններին էին կողմ, բայց առանց փոխզիջումների եւ այլն»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ որպես քննարկումների ամփոփում, ներկայացրեց հետեւյալը. «Նախնական համաձայնություն ձեռք բերվեց, որ երբ մոտ լինի ինչ-որ բան ստորագրելուն, դա նույնպես կխորհրդակցվի բոլորի հետ, եւ ստորագրելուց հետո էլ պետք է հարցն անպայման դրվի հանրաքվեի: Սա չափազանց կարեւոր է»: Ասաց նաեւ, որ առաջնային լուծում պետք է ստանան Արցախի կարգավիճակի եւ անվտանգության խնդիրները եւ պետք է արձանագրվի, որ հարցի տերն առաջին հերթին ԼՂՀ ժողովուրդն է: ՀՅԴ պահանջներից մեկն է, որ նախ պետք է վերականգնվի ԼՂՀ տարածքային ամբողջականությունը. «Այսօր մոտ 1000 ք/կմ-ից ավելի տարածք Ադրբեջանը գրավել է հենց ԼՂՀ-ից»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ լավ չի հասկանում մամուլում ներկայացվող «վերջին շրջանի մտահոգությունները, որովհետեւ երկրի ղեկավարությունում մարդիկ են, որոնք անցել են պատերազմ, եւ էն մարդիկ չեն, որ մեր ազգային շահերը պետք է զիջեն: Տեսնում եմ, որ մարդիկ լի են վճռականությամբ՝ հասցնել հաղթական փուլի, ուղղակի ես այսօր զգուշացրի, որ այս պրոցեսը երկար է տեւելու եւ պետք է պատրաստ լինել»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը հայտարարեց. «Որպես բոլորի միասնական տեսակետ, հանրապետության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել