Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԵՏՔ Է ԸՆԹԱՆԱ

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"Բաց նամակ լրագրող Էդիկ Բաղդասարյանին

Սիրելի Էդիկ.

Քեզ հետ, կավելացնեի՝ մեզ հետ պատահած գազանային ոտնձգության առնչությամբ, իբրեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ վերաբերմունքն արտահայտելու համար այս ձեւն ընտրեցի: Նամակ գրել անմիջապես քեզ, որովհետեւ ես քննիչ չեմ եւ ինձ անհայտ են այն բոլոր հնարավոր հասցեները, որոնցից մեկնումեկից, վստահորեն, պատվիրվել է այս «փառապանծ» գործողությունը: Մեզանում մարդիկ ավելի ուշադրությամբ կարդում են ոչ թե իրենց, այլ ուրիշներին ուղղված նամակները… Թող կարդան, իրենք ունեն թաքցնելու խնդիր, ոչ թե դու:

Ես գիտեմ, որ քո մարմնի ամեն մասնիկը հիմա ցավում է, բայց ավելի շատ՝ քո հոգին: Ես ամբողջովին քեզ հետ եմ, ավելորդ է անգամ ասելը՝ սատարում եմ քեզ: Դու այն սերնդի ներկայացուցիչն ես, որ ոտովգլխով նետվեց Հայաստանի անկախ պետականության, Արցախի ազատագրության համար մղվող պայքարի մեջ: Գրիչդ զենքի, զենքդ՝ գրչի փոխարինելով, նախընտրեցիր վերջինն այն ժամանակ, երբ սերնդակիցներիցդ շատերը դավաճանեցին իրենց սկզբունքներին, քաղաքականացվեցին կամ սկսեցին բիզնես ծրագրեր իրագործել: Անձամբ ես չեմ հավատացել քաղաքական պայքարին՝ Հայաստանի նման փոքրացած ու վտանգված մի երկրում: «Քաղաքականությունը» միշտ էլ ֆասադ է եղել, որի ետեւում թաքնվել են տնտեսական շահագրգռություններ: Իրականը սա է՝ վատ քողարկված հեգնանք, կամ բացարձակ ծաղրուծանակ յուրաքանչյուր բարձր ազգային, համամարդկային եւ մարդասիրական գաղափարի նկատմամբ, այն ով էլ արտահայտի: Համաժողովրդական դժգոհությունների յուրաքանչյուր հերթական փուլում այդ մտահոգություններն իր վրա վերցրած ամեն մի քաղաքական միավորում ակնկալում է ոչ թե հոգեւոր, բարոյական փլուզված համակարգի առողջացում, այլ, ընդամենը՝ Հայաստանի աղքատիկ տնտեսական համակարգում գործող տնտեսվարողների տեղերի փոխատեղում:

Քո բոլոր հրապարակումներում առտնին բամբասանքները փոխարինել ես լրջմիտ փաստարկների վրա հենված հարցադրումներով: Ցավոք՝ երկար տարիներ շարունակ դրանք անարձագանք են մնացել ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության եւ հասարակության լայն խավերի մեջ: Քո լրագրողական վսեմ առաքելությունն ասես դարձել է դոնկիխոտյան պայքար՝ հողմաղացների դեմ:

Ես հավատում եմ, որ այժմ այդպես չի լինի: Քո դեմ կատարված բռնությունը ես դիտում եմ որպես հուսահատ եւ ապարդյուն մի ջղաձգություն՝ օրեցօր մեր հասարակության մեջ հաստատվող այն սթափ գիտակցության հանդեպ, որ այսպես շարունակելն այլեւս անհնար է: Եսակենտրոն ու գռփողական, վաուչերական եւ հետվաուչերական տնտեսական քաղաքանությունը ցույց տվեց, որ Հայաստանն այլ ճանապարհով պետք է ընթանա: Դրա հիմքում պետք է լինի Բնության ու դրա ծնունդ ազգային եւ համամարդկային մշակույթի եւ դրանց հարազատ հոգեզավակ հայ մարդու միասնության միակ գաղափարը: Դրա գիտակցման վրա հենված տնտեսության, դրանով սնվող մշակույթի ու բարոյականության հաղթանակը: Այս դեպքում բնության հանդեպ գիշատչական վերաբերմունքը ինքնին կհերքվի: Բոլորովին վերջերս տեսանք, թե բավական է համաշխարհային տնտեսության մի ցնցում՝ եւ եսասիրության վրա կառուցված այդ համակարգը կարող է փլուզվել՝ վտանգելով Հայաստանի այնքան դժվարությամբ կառուցված պետբյուջեն եւ դրա հետ կապված լավագույն նկրտումները:

Որքան էլ զարմանալի է՝ ես քո դեմ կատարված անմարդկային արարքի մեջ տեսնում եմ դա բնազդորեն գիտակցած տարրերի հուսահատությունը, որոնք քեզ են դարձրել իրենց կատաղության թիրախը: Բոլորիս մեղքն էլ կա կատարվածի մեջ՝ եւ քո հրապարակումներն ընթերցող ու դրանց արդյունավետությանը հավատ չընծայող քաղաքացիների, եւ դրանց անհապաղ չարձագանքող պետական մարմինների, եւ իրավապահ մարմինների, որոնք նման հանցագործությունները չբացահայտելով, իրենք են վերածվում ստվերային կառույցների, իրական իշխանությունը զիջելով նրանց, ում համար իրենց անձնական բարեկեցությունն ավելին է, քան մեր Հայրենիքի գոյությունը: Վստահեցնում եմ, որ դու մենակ չես, մատդ միշտ պահած ունենալով Հայաստանի վերքերի վրա՝ հավաստիացնելով նրա հարությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել