Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախալցխա»՝ եւս մեկ գրական հուշարձան

Նոյեմբեր 20,2008 00:00

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նոր գիրքը

Լույս է տեսել Սամվել Կարապետյանի թվով 11-րդ՝ «Ախալցխա» գիրքը: Այն ներկայացնում է Վրաստանի Սամցխե տարածաշրջանի միայն հայերին ու հայկական մշակույթին վերաբերող նյութը, քանի որ, ինչպես գրքի հեղինակն է բացատրում, Ախալցխան պատմական Հայաստանի սահմաններից դուրս է, մեր բնօրրանի մաս չի կազմում, ուղղակի պատմական գաղթավայր է: Ինչպես պարզ է դառնում գրքից, քաղաքի հիմնման օրվանից՝ միջնադարից, հայերն այնտեղ ապրել եւ ստեղծագործել են՝ թողնելով մշակութային հարուստ ժառանգություն: «Այդ իմաստով այն մեզ շատ հարազատ է: Կախեթի Սղնախն ու Թելավն էլ պատմական գաղթավայրեր են, նույնիսկ հայկական թագավորական շրջան եղավ Կախեթում: Դա մեզ հիմք չի տալիս, որ պահանջատիրական հակումներ դրսեւորենք՝ բոլորովին: Թեկուզ այնտեղ հազար տարի էլ ապրած լինեինք: Դա այն տարածքը չէ, որ հայկական ցեղեր են ծնունդ առել, ուրեմն մեր հայրենիքը չէ: Դրա համար այս գրքում, ի տարբերություն մյուսների, տարածաշրջանի բոլոր բնակավայրերի հուշարձանները չեն ներկայացված»,- պարզաբանում է գրքի հեղինակ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Սամվել Կարապետյանը:

Հրատարակած բոլոր գրքերի նյութը պարոն Կարապետյանը սկսել է հավաքագրել անցյալ դարի 80-ականների սկզբից՝ հիմնականում գրադարանային եւ արխիվային տեղեկություններ: Իսկ ավելի ուշ՝ սկսած 1988-ից, դրանց ավելացել են դաշտային նյութերը, որոնք ձեռք են բերվել ճամփորդությունների արդյունքում: Գիրքը հավաքված այդ նյութերի երկարատեւ մշակման ու համադրման արդյունքն է: Ախալցխայի վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ կան՝ առանձնապես ֆրանսիացի գիտնականների կողմից, 19-րդ դարի առաջին կեսերից (Մ. Բրոսե, Ֆ. Դյուբուա եւ ուրիշներ): Սակայն նրանցից եւ ոչ մեկը հայկական նյութն ամբողջությամբ չի ներկայացրել: Այս առումով «Ախալցխան» առաջնեկն է: Վրացի գիտնականներից շատերը հայկական կաթոլիկ մի շարք եկեղեցիներ՝ Վալեի, Ուդեի, Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող Ս. Խաչը եւ այլն, ներկայացնում են որպես վրացական:

«Ախալցխա» հատորում հեղինակը հնարավոր բոլոր մանրամասներով ներկայացրել է տարածաշրջանի պատմությունը: Գրքում կան բավական մեծ թվով վիմագրեր, քարտեզներ, հին լուսանկարներ եւ տարաբնույթ շատ տեղեկություններ, որոնք առաջին անգամ են ուսումնասիրվել: Օրինակ՝ հեղինակը հատ-հատ ուսումնասիրել ու գրանցել է, թե քանի հայկական դպրոց է եղել ու գործում, երբ են դրանք բացվել, քանի ուսուցիչ ու աշակերտ են ունեցել եւ այլն: «Ազգատոհմեր» ենթավերնագրի ներքո կարդում ենք վարպետ Սեպուհ Սաղաթելյանի հավաքագրած այն մարդկանց անուններն ու մականունները, որոնք հաստատվել են Ախալցխայում, ինչպես, օրինակ՝ Աղալոճենք, Բռաֆեսոռենք, Թղթե Պողոսը, Խնձորենք, Հերսոտենք, Ֆայտոնչի Պապոնք եւ այլն: Ներկայացված են անվանի այն հայերը, ովքեր ծնվել են Ախալցխայում: Գրքում տեղեկություններ կան հայկական մամուլի, տպարանների, լուսանկարչության, երգարվեստի, թատրոնի ու գրականության, արհեստների ու առեւտրի եւ այն ամենի մասին, ինչը վերաբերում է հայերին ու հայկականին: Նույն տրամաբանությամբ ու ամենայն մանրամասներով մեզ հասու են նաեւ տեղեկություններ հայկական բոլոր բնակավայրերի (25 գյուղ), եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, բերդերի մասին:

«Քանի դեռ Ախալցխայում հայկական շունչն զգացվում է՝ դիմադրություն կա հայկական եկեղեցիների յուրացման դեմն առնելու իմաստով: Ամեն օր հայերը թուլանում են, վրացիներն էլ փորձում են տիրանալ: Այս հարցը պետք է ՀՀ արտգործնախարարության եւ վրացի կոլեգաների բանակցությունների արդյունքում լուծվի»,- առաջարկում է պարոն Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել