Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 20,2008 00:00

Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը»

«Նա իր ճակատագրի տերն է»,- այսպես արտահայտվեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանի մասին: Օրերս Գրողների միությունում տեղի ունեցավ Ալբերտ Մուշեղյանի նոր՝ «Մովսես Խորենացու դարը» գրքի շնորհանդեսը: «Սա մի մենագրություն է: Այս աշխատության մեջ պատմական համոզիչ փաստերով հիմնավորապես հերքում եմ 19-րդ դարի վերջին տասնամյակներում հրապարակ իջած հակագիտական այն թյուր տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ապրել է ոչ թե 5-րդ, այլ 7-9-րդ դարերում եւ նրա մեծարժեք «Հայոց պատմությունը» անհայտ վանականի կեղծագրություն է»,- նշեց հեղինակը: Ըստ գրականագետի, գրքում կատարված են նաեւ հայոց պատմությանը վերաբերող բնագրական, պատմաաշխարհագրական եւ բազմաթիվ այլ ճշգրտումներ:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն ասաց. «Պրոֆեսոր Մուշեղյանն իր կյանքի օրինակով, առօրյա մաքառումներով դուրս ելավ ճակատագրի դեմ, նա եզակի օրինակ է երիտասարդ սերնդի համար, թե ինչպես պետք է ճիշտ ապրել: Օրինակ է նաեւ երիտասարդ ստեղծագործողների համար՝ ցույց է տալիս ինչպես ճիշտ դրսեւորվել ժամանակակից գրականության մեջ: Ես նրան վաղ հասակից եմ ճանաչում: Միշտ նկատել եմ՝ անդրադառնում է այնպիսի թեմաների, որոնք հրատապ են ժամանակակից գրականության մեջ»:

Լեւոն Անանյանն էլ շեշտեց. «Այսօր շատ դժվար է ժամանակակից գրականության մեջ առկա խոչընդոտները հաղթահարել: Ալբերտ Մուշեղյանին հաջողվում է: Անդրադառնալ Մովսես Խորենացուն, նշանակում է նախ լինել դրան արժանի, հետո՝ բավական խիզախ»: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Դանիելյանը հավելեց. «Պետք է հանճարեղ լինես, որ հանճարի մասին գրես, դեռ ճշգրտումներ ու հերքումներ էլ անես»:

Գերմանացիները՝ ԵՊՀ-ում

Գերմանիայի Բունդեստագը՝ Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի եւ Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) միջոցով հայ ուսանողներին եւ երիտասարդներին հնարավորություն է տալիս 5 ամսով ուսումնառություն առնել Բեռլինում: Այդ առիթով Հայաստանում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պառլամենտի պատգամավոր Լիդիա Վեստրիչին եւ Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ուվե Յենս Նագելը: ՄԽԿ ծրագիրն իրականացվում է Հայաստանում գերմանական մշակույթի շաբաթվա շրջանակներում, որը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: «Ծրագիրը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Սա երիտասարդության համար հնարավորություն է՝ Բունդեստագի անդամներից մեկի մոտ 15-շաբաթյա գործունեության ընթացքում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումների կառուցման գործընթացին, ինչպես նաեւ փորձառություն ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների ասպարեզում»,- ասաց Լ. Վեստրիչին՝ երեկ ԵՊՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ տիկին Լիդիայի՝ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն որակավորում ունեցող եւ քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ աղջիկների ու տղաների համար, որոնք ցանկանում են ակտիվորեն ու պատասխանատվության զգացումով կերտել իրենց երկրի ժողովրդավարական ապագան»:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Երեխաները՝ բռնության մասին

«Վորլդ Վիժն Հայաստանի» եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ «Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելում» թեմայով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես բացվեց Gallery 1 ցուցասրահում: Հեղինակները ՀՀ մարզերի դպրոցականներ էին: Միջոցառումը կազմակերպվել էր Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրվա առիթով: Հրավիրված էին ՀՀ ոստիկանության անչափահասների հարցերով բաժնի պետ Նելլի Դուրյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Ալեքսանյանը եւ «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարկ Քելլին: Ցուցահանդեսը նպատակ ունի Հայաստանի համապատասխան պաշտոնատար մարմինների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել բռնության ենթարկված եւ բռնության նկատմամբ խոցելի երեխաների խնդիրներին եւ բարձրացնել նրանց իրազեկությունը բռնության կանխարգելման վերաբերյալ: Բացման արարողությանը հետեւեց «Դուստր» անիմացիոն ֆիլմի ցուցադրումը՝ բռնության ենթարկված երեխայի մասին: Այնուհետեւ հանրահայտ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը վարպետության դաս անցկացրեց պատանի լուսանկարիչների հետ:

Ե. Հ.

Աճել է լեզվական խախտումների թիվը

«Նոյեմբերի 20-ից սկսած, 10 օր շարունակ Լեզվի պետական տեսչությունը ՀՀ քաղաքացիներին կհիշեցնի, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է»,- երեկ Ժուռնալիստների միությունում տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը հայտնեց «Հայոց լեզուն տունն է հայուն» խորագրով ակցիայի մասին: Տեսչության աշխատակիցները կշրջեն ՀՀ մարզերով եւ կարձանագրեն լեզվական բոլոր իրավախախտումները: «Առավոտի» հետ զրույցում պարոն Միրզոյանը հայտնեց, որ այդպիսիք՝ նախորդ տարիների համեմատությամբ աճել են: Մեր դիտարկմանը՝ գուցե դա պայքարի ոչ արդյունավետ ձեւո՞վ է պայմանավորված, Լ. Միրզոյանը այսպես պատասխանեց. «Հայաստանում դեռ յուրաքանչյուր ոք չի գիտակցում, որ իր պետական լեզուն հայերենն է, ինքն էլ՝ հայ: Օտարախտը պիտի մարդկանց միջից դուրս գա: Խախտումները ուղարկում ենք դատարան, բայց տուգանքներն այնքան մեղմ են, որ իրավախախտները այդ 100 հազար դրամը մուծում են եւ սխալ հայերենով գրված $5000-անոց ցուցանակները թողնում տեղում: «Ստուգումների մասին» օրենքի համաձայն՝ եթե եռօրյա ժամկետում խախտումները վերացվում են, մենք տեղեկանք ենք տալիս, հակառակ դեպքում՝ ակտ-արձանագրություն կազմում: Օրենսդրության թերի լինելու պատճառով՝ խախտում կատարած կազմակերպությունները օտարագիր ցուցանակները հանում-դնում են խանութում, եռօրյա ժամկետը լրանալուց հետո դրանք կրկին հայտնվում են իրենց տեղում: Իսկ օրենքը մեզ իրավունք է տալիս միայն տարին մեկ անգամ նույն տեղում ստուգում կատարել: Ուստի՝ փաթեթ ենք պատրաստել ԱԺ ներկայացնելու համար, որտեղ առաջարկում ենք տուգանքները դարձնել 300000-500000 դրամ»: Այժմ տեսչությունում գրանցված են 200-ից ավելի խախտումներ, տուգանքներից գոյացած գումարն էլ անցնում է 1 միլիոն 200 հազար դրամը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պարի պատճառով

Իրանի փոխնախագահ Էսֆանդյար Ռահիմ Մաշայիին պաշտոնաթողություն է սպառնում, հաղորդում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով «Իսլամ եւ քաղաքականություն» էլեկտրոնային պարբերականը: Պաշտոնանկման պատճառը կարող են լինել Ղուրանով պարերը, որ անցկացվել են փոխնախագահի գլխավորած տուրիզմի նախարարության միջոցառումներից մեկի ժամանակ: Հաղորդման համաձայն, տուրիզմի նախարարությունում միջոցառման ժամանակ մի քանի պարող աղջիկներ են փոխնախագահին մատուցել Ղուրանը, որտեղից նա պետք է ընթերցեր որոշ հատվածներ: Դա տարակուսանք է հարուցել ազդեցիկ իրանցի քաղաքական գործիչների շրջանում: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադին արդեն առաջարկվել է հեռացնել բարձրաստիճան պաշտոնյային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել