Քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանը՝ ԳԱԱ-ում տիրող վիճակի եւ գործընկերոջ տեսության մասին:
«Առավոտը» քանիցս գրել է քիմիկոս Ալեքսանդր Գեւորգյանի խնդրի մասին: Նա դիմել էր ՀՀ նախագահին, կառավարություն՝ դժգոհելով, թե իր նոր տեսությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում: Ժամանակին ներկայացրել ենք նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի տեսակետը:
Մեր թերթի նոյեմբերի 8-ի համարում էլ («Քիմիկոսին մերժում են») անդրադարձել էինք ԳԱԱ-ում տեղի ունեցած դասական քիմիայի նոր ձեռքբերումների մասին քննարկմանը, որին մասնակցում էր Ա. Գեւորգյանը: Վերջինս մեր թերթին ասել էր, որ եթե իր տեսությունը ապրանքայնացվի, երկիրը միլիոնների շահույթ կունենա, ու նաեւ փաստել, որ շատերը դեմ են իր տեսությանը, «որովհետեւ եթե այն ընդունվի, կբացահայտվի իրենց անգրագիտությունը: Իսկ դա կնշանակի, որ այսքան տարի գիտությամբ չեն զբաղվել»:
Այս հրապարակումից հետո «Առավոտը» ստացավ քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ ԳԱԱ նախագահին: «Երկրի նախագահին ուղղված նամակում պրոֆեսոր Գեւորգյանը մեղադրում էր ձեր շրջապատի մարդկանց՝ անգրագիտության եւ գիտական միտքը տապալելու մեջ: Ուզում եմ ձեզ բաց նամակով ասել, որ ես, որպես քիմիկոս, քննարկման ժամանակ մի քանի բացահայտումներ արեցի: Օրինակ, ակադեմիայի անդամ քիմիկոսներից ներկա էին միայն օրգանական քիմիայի մասնագետներ Մայա Ինջիկյանը եւ Ազատ Նորավյանը, մինչդեռ աշխատանքի հիմնական հետեւությունները բխում էին ֆիզիկական քիմիայի տեսությունից: Ակադեմիայի անդամները ոչ թե պիտի ցուցադրեին իրենց ջերմ վերաբերմունքը ձեր հանդեպ, այլ, հիմնավորելով, գնահատական տային կատարված աշխատանքին: Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտական կոլեկտիվը բազմիցս է քննարկել պրոֆեսոր Գեւորգյանի աշխատանքների արդյունքները եւ գնահատել դրանք որպես գիտական արժեք ունեցող: Այս է պատճառը, որ նրա կողմից ներկայացված գիտական թեմաները բարձր բալերով ներկայացվել են ֆինանսավորման: Սակայն պրոֆեսոր Գեւորգյանը բանավիճելիս դուրս է գալիս էթիկետի սահմաններից եւ բառիս բուն իմաստով անպատվում կոլեգաներին, որի հետեւանքով կորչում է հետաքրքրությունը նրա աշխատանքների հանդեպ, եւ մարդիկ հրաժարվում են նրան լսել: Սակայն սրանք սուբյեկտիվ եւ ուղղելի հանգամանքներ են: Անուղղելին այն է, որ քննարկման հրավիրվածների մեջ կային մարդիկ, որոնք քիմիայի մասին պատկերացում ունեին միայն դպրոցական դասագրքերի մակարդակով: Ինձ ապշեցրեց, որ բուհերից մեկում քվանտային մեխանիկա կամ, ինչպես ինքն է ասում՝ քվանտային քիմիա կարդացող դասախոսը գոռում էր եւ անպատվում նրանց, ովքեր փորձում էին բացատրել, որ էլեկտրոնի սպինը չափողականություն ունի»,- ԳԱԱ նախագահին ուղղված նամակում գրում է քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանը: Նա Ա. Գեւորգյանի աշխատանքի մասին հետեւյալ կարծիքի է. «Օգտագործելով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլինգի եւ Մելիկենի իդեաները, պրոֆեսոր Գեւորգյանը հաջողությամբ բացատրում է շատ քիմիական ռեակցիաների ուղղություններ, գտնում ճանապարհներ՝ արագ եւ մատչելի պայմաններում իրականացնելու մի շարք ռեակցիաներ: Աշխատանքի այս մասը արժեքավոր է, սակայն նա պարտավոր էր հղումներ կատարել նմանատիպ աշխատանքների վրա, մինչդեռ շատ վաղուց հայտնի իդեաներում որոշ տերմիններ փոխելով՝ իրեն համարում է այդ իդեաների հեղինակը: Որոշ դեպքերում իր ընդդիմախոսների աշխատանքն անհիմն նսեմացնելու համար միտումնավոր շեղումներ է կատարում օրգանական քիմիայի ֆունդամենտալ հասկացություններից…»:
Ա. Հովհաննիսյանը նաեւ հավելում է. «Աշխատանքային տարրական պայմանների բացակայության եւ զարհուրելի ցածր աշխատավարձի պատճառով է, որ գիտնականները չարացած են եւ սկսել են չզբաղվել անօգուտ քննարկումներով ու հայտնի տեսությունները վերլուծելով: ԱԺ-ում գիտության եւ կրթության հարցերի քննարկումով չէ, որ պետք է լուծվեն գիտության առջեւ կանգնած բարդ խնդիրները: Գիտությունը պետք է ֆինանսավորել… Մեր երկրի տնտեսական աճն այսօր պայմանավորված է միայն շինարարությամբ, առեւտրով, սպասարկման ոլորտով եւ արտադրության միջոցների մասնավորեցմամբ: Այս ոլորտներից եւ ոչ մեկին գիտություն պետք չէ»: