Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"Սույն նամակը «Առավոտին» է ուղարկե լ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մհեր Ենոքյանը:

Հիշեցնենք, որ նա մեկն է այն 42 նախկինում մահապատժի դատապարտվածներից, որոնց վճիռը նախագահական ներման հրամանագրով 2003-ին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, որի համար նրանք բողոքում են արդեն 5 տարի: Դատապարտյալը նույնաբովանդակ նամակով դիմել է ՀՀ նախագահին:

«Վերջերս թե մամուլում, թե համապատասխան կառավարական օղակներում շոշափվում է ՀՀ-ում մահապատժի դատապարտված, իսկ հետագայում ցմահ բանտարկյալների կարգավիճակ ստացած անձանց հարցը: Այս հարցը կարեւոր եւ բավական ցավոտ է ոչ միայն նախկին մահապարտների եւ նրանց հարազատների համար, այլեւ՝ լուրջ դիտարկման պարագայում, նաեւ ամբողջ հասարակության համար: Կյանքի եւ մահվան փիլիսոփայական բնույթ կրող այս հարցը, ի վերջո, ներխուժում է մեր իրականության մեջ՝ որպես գործնական բնույթ ունեցող մի իրական երկընտրանք:

Նպատակահարմար չեմ գտնում այստեղ անդրադառնալ հարցի իրավաբանական կողմին, քանի որ դա բազմիցս արդեն տեղի է ունեցել եւ, ի վերջո, բերում է մի ոչ արդյունավետ բանավեճի, որի էությունն այն է, որ բավական պարզ մի իրավաբանական հարց արհեստականորեն բարդացվում է ու ներկայացվում որպես անլուծելի:

Իմ կարծիքով, նման իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ իրավաբանական առումով եւ արտաքինից պարզ թվացող այս հարցի հիմքում ընկած է բավական բարդ բարոյական մի խնդիր: Այդ խնդրի էությունն այն է, որ ինչպես ազատության մեջ գտնվողների շրջապատում, այնպես էլ նախկին մահապարտների միկրոհասարակությունում գոյություն ունեն տարբեր տիպի եւ ոչ միեւնույն մարդկային կամ անմարդկային որակների տեր անհատներ:

ՀՀ առաջին նախագահի օրոք «արդարադատության» թուրը բարձրացվեց մահվան դատապարտված բոլոր անձանց վրա եւ այդ թուրը, անկախ պետական օրենքներից եւ բարոյական նորմերից, հաճախ իջավ՝ գլխատելով հերթական մահապարտին։ Եվ այդպես սպանվեց 12 դատապարտյալ։ Անկախ նրանից, որ ստորագրված էր մահապատժի չկիրառման մորատորիում կոչվածը, եթե ինքներս մեզ հարց տանք, թե արդյո՞ք Հայաստանում 1991 թ.-ից իրականացվել է մահապատիժը, ապա այս հարցի պատասխանը միանշանակորեն կլինի դրական։ Իրականությունն այն է, որ մահապատիժները Հայաստանում շարունակվում էին ի կատար ածվել՝ սովի, ցրտի, հակահիգիենիկ աննկարագրելի պայմանների, ծեծի, ֆիզիկական եւ բարոյական նվաստացման, կարելի է ասել՝ օդի եւ արեւի լույսի բացակայության միջոցներով։

ՀՀ երկրորդ նախագահի օրոք պայմանները բարելավվեցին, բայց սա հիմնական լուծում հանդիսանալ չէր կարող։ Թուրը շարունակվում էր բարձրացված մնալ մահապարտների գլխավերեւում։ Ի վերջո, ոչ թե մենք, այլ «Եվրոպան» բռնեց այդ ձեռքը՝ փրկելով ողջ մնացածներիս մեծ մասին։

Այստեղ առաջանում է մի հարց. «Ի՞նչ վերաբերմունքի էին արժանանալու ողջ մնացած 42 նախկին մահապարտները, եթե Ռ. Քոչարյանը՝ որպես ՀՀ նախագահ, «ներում» չշնորհեր նրանց»։ «Ներում», ըստ որի՝ մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Մի պահ եկեք պատկերացնենք, որ պարոն Քոչարյանը չի շնորհել այդ «ներում» կոչվածը, ի՞նչ է՝ գնդակահարելո՞ւ էին, ի կատար էին ածելու մահվան դատավճիռնե՞րը։ Ոչ։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ ուներ այդ ներման հրամանագիրը։ Արդյո՞ք սա հնարք չէր՝ շրջանցելու համար օրենսդրական հիմնարար այն սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի սահմանված նոր պատժատեսակը կիրառել հետին թվով։ Ուրեմն, ինչպե՞ս էր լուծվելու այս հարցը։ Պարզ տրամաբանությունն ասում է, որ առանց այդ «ներում» կոչվածի էլ՝ մահապատժի դատավճիռները փոխարինվելու էին այլ պատժատեսակով։ Սա պարզ եւ հասկանալի է նաեւ այն իշխանավորներին, ովքեր այսօր եւս փորձում են շրջանցել եւ բարդացնել նորից գլուխ բարձրացրած այս հարցը։ Համաձայն գործող օրենքների՝ բոլոր 42 ողջ մնացած մահապարտների պատժաչափը պետք է փոխարինվեր 15 տարի ազատազրկմամբ։ Հերիք չէ, որ օրենքների կոպիտ խախտումներով պատժատեսակ սահմանվեց ոչ թե 15 տարի ազատազրկումը, այլ ցմահ բանտարկությունը, Քոչարյանի նախագահության օրոք սակայն տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը:

Փորձելով ամփոփել վերը նշված իմ վերլուծությունները՝ ուրվագծվում է այն, որ Հայաստանում նախկինում մահապատժի դատապարտված եւ ողջ մնացած անձանց հարցում, եթե ոչ իրավաբանական, ապա գոնե բարոյական առումով ճիշտ լուծում տալուց խուսափելու պատճառները հետեւյալն են.

1. «Հոկտեմբերի 27»-ի դեպքը կատարվեց այն ժամանակ, երբ հայտարարված էր մորատորիում մահապատժի նկատմամբ:

2. «42-ի խնդիրը» իրավաբանորեն խճճելու միջոցով առնվազն մինչեւ իր պաշտոնավարության ավարտը չլուծված թողնելու մասին Ռ. Քոչարյանի քաղաքական որոշումը դժվար կացության մեջ դրեց այժմյան իշխանություններին:

3. Անկախ նրանից, որ խախտվել են գործող օրենքները, ամեն դեպքում կառավարական համապատասխան օղակներում, համապատասխան պաշտոն զբաղեցնող անհատները, որոնք, ի վերջո, կարող են լուծել այս հարցը՝ կանգնած են բարոյական խնդրի առաջ. «Արդյո՞ք բոլոր նախկին մահապարտների համար ցմահ բանտարկությունը փոխարինելով 15 տարի պատժաչափով՝ չեն գործի սխալ, թույլատրելով, որ նրանք վաղ թե ուշ հայտնվեն ազատության մեջ: Չէ՞ որ նրանց մեջ կարող են լինել այնպիսիք, որոնք «կարող են նորից հասարակության համար վտանգ ներկայացնել»:

4. Անկախ նրանից, որ 42-ի մեջ կան նաեւ անմեղ մարդիկ կամ մարդիկ, ովքեր արժանի չեն նման ծանր պատժի, այնուամենայնիվ, նրանք մինչեւ 2001 թ.-ն, այսինքն՝ մինչեւ Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելը, պահվել են անմարդկային պայմաններում, ենթարկվել են անմարդկային, զարհուրելի հալածանքների: Բոլոր նախկին մահապարտներն անցել են դժոխքի միջով, տեսել են սով, ցուրտ, տանջանքներ եւ մահ:

Այս իմ բերած չորրորդ եւ վերջին ոչ նվազ հիմնական պատճառը, կարծում եմ, որ եթե նույնիսկ չի էլ գիտակցվում, անհաղթահարելի գործոն է հանդիսանում այն անձանց համար, ովքեր կարող են լուծում տալ այս հարցին: Իշխանությունը, որը հաջորդել է պարոն Քոչարյանի «մեղմ դարաշրջանին» եւ, ամենակարեւորը, Սովետական միության «դաժան, հանցագործ, անարդարացի, մութ եւ քաղցած դարաշրջանին», այնուամենայնիվ, նույնպես ինչ-որ պատասխանատվություն է զգում եւ միգուցե չգիտակցված մեղքի զգացում նրանց նկատմամբ, ում իրենց նախորդները՝ իշխանության ղեկին կանգնածները, նվաստացրել եւ անարդարացի դաժան են վերաբերվել:

Դահիճ ղեկավարին եւ «մեղմ» ղեկավարին հաջորդող ներկա նախագահը պատասխանատու չէ արդեն իրականացված հանցանքի եւ անարդարացի մոտեցումների համար, բայց, անկասկած, պատասխանատու է ի՛ր որոշումների, ի՛ր գործողությունների համար:

Հ. Գ. Դատապարտյալը ՀՀ նախագահին գրել էր. «Պարոն նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկով. ըստ Ձեր խղճի թելադրանքի՝ արդարացի լուծում տաք բարձրացված հարցին: Կարծում եմ, որ կան տարբերակներ, որոնք պատիժները կդարձնեն ադեկվատ ու արդար եւ նորմալ մարդկային կյանքին վերադառնալու հնարավորություն կտան այն՝ միգուցե եւ նվազ քանակով մարդկանց, ովքեր կամ լրիվ անմեղ են, կամ իրենց կատարածին ոչ համարժեք պատիժ են կրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել