Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են պատժել գյուղապետին

Նոյեմբեր 20,2008 00:00

Արզականցիների ներկայացմամբ, իրենց գյուղապետը թալանում է գյուղը, սակայն պաշտոնյաներից ոչ ոք այդ խնդրին ուշադրություն չի դարձնում:

Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենց գյուղապետ Նորիկ Մովսիսյանը գյուղացիներին հասանելիք հումանիտար օգնությունը տրամադրում է միայն իր մոտիկներին: Բացի այդ, ըստ արզականցիների, գյուղապետը հարյուրավոր ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, նա վաճառել էր համայնքին պատկանող ջրագծի 1500 մետր խողովակաշարը եւ գումարը յուրացրել:

«Առավոտն» արդեն անդրադարձել է այս խնդրին (03.10.2008): Սակայն օրերս խմբագրություն էր դիմել Արզական գյուղի բնակիչ Սարգիս Գրիգորյանը եւ տեղեկացրել, որ գյուղապետի ապօրինությունների մասին ինքն անձամբ նամակով հայտնել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, վարչապետին, գլխավոր դատախազին եւ ԱԺ վերահսկողական պալատի նախագահին: Սակայն, Ս. Գրիգորյանի հավաստմամբ, նրանցից ոչ մեկն այս խնդրին չի արձագանքել. «Խնդրով զբաղվելու փոխարեն՝ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանն ու կատարող Ա. Թարվերդյանը շրջանցում են մեր խնդիրները եւ խոսում են միայն երկրորդական եւ մեր մտահոգության հետ կապ չունեցող հարցերի մասին»: Իսկ այս տարվա սեպտեմբերին նախագահի վերահսկողական ծառայությունից իրեն ուղարկված նամակը Ս. Գրիգորյանը համարում է խիստ կողմնակալ: Նամակում նշված է, որ հումանիտար օգնության բաշխումն իրականացվել է գյուղի ավագանու որոշմամբ, իսկ խողովակաշարի վաճառքի մասով գյուղապետի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ վերջինիս զղջալու եւ հասցված վնասը վերականգնելու հիմնավորմամբ: Ս. Գրիգորյանի խոսքերով. «Վերահսկողականից ասում են, որ գյուղապետը վաճառված խողովակաշարերի համար հատուցել է մոտ 370 հազար դրամ: Բայց նախ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ դրա համար նույնիսկ վարչական տույժի չի ենթարկվել, ապա չկան նաեւ հիմնավորումներ, որ նա իսկապես վճարել է այդ գումարը, անդորրագրի համարը չկա»:

Ս. Գրիգորյանը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս անգամ բողոքելով վերահսկողականի պատասխանի դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել