Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱԴՐԱՆՔՆԵ՞Ր Է ՀՐԱՀՐՈՒՄ

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Վարդան Ղուկասյանին մեղադրում է իրեն վարկաբեկելու ու սադրանքներ հրահրելու մեջ:

Ինչպես արդեն գրել ենք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին «գահընկեց» անելու նպատակով ստորագրահավաք է սկսել նրա դեմ: Ու չնայած քաղաքապետը մեր օրաթերթին ասել էր, որ դա իր ձեռագիրը չէ, գուցե ժողովուրդն է թեմի առաջնորդի դեմ ընդվզել, սակայն երեկ սրբազանը հավաստիացրեց, որ ստորագրահավաքն իր դեմ կազմակերպված բազմաթիվ ինտրիգներից մեկն է: Մ. եպիսկոպոս Աջապահյանի ասելով՝ իրենց հարաբերություններն ինը տարի շարունակ լարված են եղել, որովհետեւ «քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը», չհանդուրժելով իր ինքնուրույն գործելակերպը, ամեն կերպ փորձել է իրեն դարձնել «հլու-հնազանդ ենթակա»: «Դուք տեղյակ չեք, թե ես ինչ փորձությունների միջով եմ անցել այս ինը տարվա ընթացքում, ինչ տիտանական համբերություն եմ ունեցել՝ դիմադրելու համար էն բոլոր սադրանքներին, որոնք եղել են իմ նկատմամբ: Ինը տարի շարունակ փորձել են ինձ վարկաբեկել, որեւէ կոմպրոմատ, որեւէ մի բիծ գտնել ու չեն գտել, հիմա կարծես թե գտել են այդ կոմպրոմատը, որ իբրեւ թե ես քաղաքականությամբ եմ զբաղվում, կարծես թե քաղաքականությամբ զբաղվելու թույլտվությունը քաղաքապետարանից պետք է ստանայի: Եվ դրա համար խոսվում է, որ քաղաքապետը ստորագրահավաք է կազմակերպել: Ես վերջին ելույթում՝ նախընտրական, զգուշացրել էի, որ այսօր քաղաքապետարան-առաջնորդարան հարաբերություններ՝ որպես այդպիսին, չկան, եւ եթե տեղի ունենա վերընտրություն, ապա չորս տարի եւս այդ վիճակը կշարունակվի, եւ դա, բնականաբար, անդրադարձ կունենա ժողովրդի վրա: Հիմա, որպեսզի այդ անդրադարձը չլինի, երեւի այդ քայլն է ձեռնարկվում: Չգիտեմ, կարծում եմ՝ դա քաղաքապետի հերթական ջղաձգությունն է եւ, Աստված տա, լինի վերջինը»,- ասաց թեմի առաջնորդը:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաեւ դժգոհեց, որ քաղաքապետն իր աշխատանքը վարկաբեկելու համար «քաջալերում է» աղանդավորներին, նրանց հողատարածքներ է տրամադրում, շինթույլտվություն է տալիս, իսկ եկեղեցուն զլանում է նույն բանն անելուց: «Քաղաքապետն ուզում է, որ աղանդավորներն այստեղ ինչ-որ շարժում սկսեն, եւ մարդիկ մեղադրեն առաջնորդին, որ առաջնորդը չի աշխատում»,- մեկնաբանում է սրբազանը: Մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Վարդան Ղուկասյանը հայտարարում, որ ինքը քաղաքապետերի մեջ միակն է, ով եկեղեցաշինությամբ է զբաղվում, եկեղեցու տարածքները «հարյուրապատիկ անգամ» ավելացնում է: «Ստում է՝ ինչպես միշտ, հերթական սուտն է: Կարող եք խոսել մյուս հոգեւոր թեմի առաջնորդների հետ, եւ նրանք կասեն, թե մյուս քաղաքապետերն ինչեր են արել եկեղեցու համար, իսկ ինքն ինը տարի շարունակ եկեղեցու համար ոչինչ չի արել. արել է այն, ինչն իր անվան փառաբանությունը կարող է լինել, բայց փոխարենը չի պատասխանել առաջնորդի նամակների 95%-ին, որ խնդրում էինք հողատարածք հատկացնել: Ինը տարվա մեջ կարողացել ենք հազիվ մի բնակարան ձեռք բերել Սուրբ Նշանին կից նախկին եկեղեցապատկան հսկա շենքում, ընդ որում՝ յոթ տարվա քաշքշուկից հետո հազիվ կարողացել ենք «պոկել» այդ բնակարանը: Ուրիշ որեւէ բան նա եկեղեցուն չի տվել, հակառակը՝ մի ձեռքով տվածը, նույնիսկ եկեղեցապատկան տարածքների պահպանման գոտիներից, մյուս ձեռքով խլել է՝ վկա Սուրբ Հակոբի տարածքը, որտեղ անթաքույց երեւում է շինարարությունը եւ զավթումը, նույնը վերաբերում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքին, որտեղ հուշարձան է դրվում՝ առանց եկեղեցու թույլտվության եւ արտոնության, եւ Հայորդաց տան տարածքը, որ ոչ թե ինքն է տվել եկեղեցուն, այլ՝ պաշտպանության նախարարությունը, եւ նախարարության տված այդ հողատարածքը, համարելով իրենը, դրել է աճուրդ-վաճառքի եւ վաճառել է քաղաքապետի տեղակալի որդուն: Սրանք փաստեր են, եթե կարող է հերքել՝ թող հերքի: Շատ դժվար է, գրեթե անհնար է ստի, կեղծիքի դեմ պայքարելը: Եթե մարդը «բարի լույս» է ասում ու դրա մեջ էլ սուտ է խոսում, պետք է կասկածես՝ բարի՞ է, թե՞ լույս է»,- ասում Շիրակի հոգեւոր առաջնորդը:

Նա դժգոհեց, որ քաղաքապետը միշտ անհարգալից վերաբերմունք է ունեցել իր հանդեպ, շփվել է միջնորդավորված՝ «դեսպանների» միջոցով: «Պաշտոնական ընդունելություններին, որեւէ ժապավեն կտրելիս ինձ իբրեւ թե ճանապարհ է տալիս եւ հրապարակային՝ բոլորի ներկայությամբ ասում է՝ «արի, արի անցի, ես որ քեզ չհարգեմ, ուրիշը չի հարգի»: Սա՞ է հարգալից վերաբերմունքը: Եկեղեցի մտնելիս, պատարագներին, երբ որ առաջնորդի անվան հիշատակությունն էր, բոլորը ոտքի էին կանգնում, ինքը նստում էր, եւ ես երբեք դիտողություն չեմ արել, համբերել եմ, բայց՝ ինչքա՞ն: Ես իմ քառասունհինգ տարվա կյանքում եւ քսան տարվա հոգեւորականի կյանքում երբեք իմ նկատմամբ ավելի անհարգալից մարդու չեմ հանդիպել, քան քաղաքապետն է՝ սա է իրականությունը: Իր ամբարտավանությունն այնքան է, որ ինքը քաղաքում ամենաբարձրն է իրեն կարծում, քաղաքում բոլորն իրենից ցածր են՝ ե՛ւ թեմի առաջնորդը, ե՛ւ մարզպետը: Նա իր եսն է ամենից բարձր դասում, Ֆյուրերն է, գահի վրա իր եսն է, հետո՝ Աստված, կամ՝ Աստված՝ նույնացած իր հետ: Ինչպես քաղաքն է նույնացած իր եսի հետ, որովհետեւ էստեղ ուզենա՝ արձան կդնի, էնտեղ ուզենա՝ բոստան կցանի, ինչ ուզենա՝ կանի քաղաքի հետ»,- քաղաքապետին այսպես է բնութագրում թեմի առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել