Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 20,2008 00:00

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կգտնվի Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Համմարբերգը ասել է, թե Հայաստան գալով՝ ինքը նպատակ ունի «գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»: Հանձնակատարը կարեւորել է, որպեսզի իրական եւ փաստացի նկարագրություն տրվի, թե այդ օրը իրականում ինչ է կատարվել։ «Եթե դա կարելի է անել, ապա դա նաեւ օգտակար կլինի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ապագա աշխատանքի համար»,- ասել է Համմարբերգը։

Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ, այցի ընթացքում Թոմաս Համմարբերգը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, Հանձնակատարը մտադիր է այցելել նաեւ ազատազրկման վայրեր եւ հանդիպել քաղկալանավորների հետ։

Սակայն, ինչպես հայտնի է, նախօրեին՝ նոյեմբերի 18-ին տարբեր քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 28 քաղբանտարկյալներ հայտարարել են, թե «մեծագույն հարգանք տածելով հանդերձ պրն Համմարբերգի անձի նկատմամբ ու գնահատելով նրա պաշտոնեական բարեխղճությունը»՝ իրենք հրաժարվում են նրա հետ հանդիպումից: «Շատ լավ հասկանալով հանդերձ նման քայլի ծայրահեղությունը, մենք ս/թ նոյեմբերի 20-ին, որպես ԵԽ երկդիմության ու անհետեւողականության դեմ բողոքի նշան, հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,- ասված է քաղկալանավորների՝ օրերս տարածած հայտարարության մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել