Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարվա ազատազրկում

Նոյեմբեր 20,2008 00:00

Սա Սմբատ Այվազյանի համար կայացված դատավճիռն է

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ապացուցված եւ հիմնավորված համարելով «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանին առաջադրված մեղադրանքը՝ վերջինիս դատապարտեց երկու տարվա ազատազրկման եւ սահմանեց տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից տուն վերադառնալու ճանապարհին՝ Տերյան փողոցում: Նրան ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր՝ «6»-րդ վարչություն բերման էին ենթարկել, իբր, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ «ապօրինի զենք-զինամթերք» ունենալու կասկածանքով: Ավելի ուշ, երբ պարզվել էր, որ Այվազյանի մոտ եղած զենք-զինամթերքը օրինական է, «իրավապահները» ձեռնամուխ էին եղել նրա դեմ գործ «թխելուն»՝ մեղադրանք առաջադրելով ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելն ու «սառը զենք»՝ զսպանակավոր մահակ կրելը:

Ու թեեւ Ս. Այվազյանի գործով դատաքննության մի քանի ամիսների ընթացքում ո՛չ «տուժող» ճանաչված ոստիկան Կարեն Հովսեփյանը, ո՛չ նրա գործընկեր վկաները՝ իրենց հակասական ցուցմունքներով, ո՛չ մեղադրող կողմն այդպես էլ չկարողացան ապացուցել եւ հիմնավորել ազատամարտիկին առաջադրված մեղադրանքը, դատարանը, հաշվի չառնելով ամբաստանվողի օգտին նրա պաշտպանների կողմից ներկայացված ապացույցներն ու արած բազմաթիվ միջնորդությունները, Սմբատ Այվազյանին դատապարտեց ազատազրկման: Այվազյանն իրականում դատապարտվեց իր քաղաքական հայացքների համար, եւ դրա միանշանակ վկայությունը հենց դատաքննության ընթացքն էր: Մենք չենք մանրամասնի Այվազյանի գործի նյութերում եղած իրավաբանական կազուսներն ու անհեթեթությունները, վկաների տված հակասական ցուցմունքների կեղծ լինելու ապացույցները, որովհետեւ դրանք այլեւս էական չեն: Դրանք նշանակություն կունենային, եթե մեր երկիրն ունենար արդարադատության անկախ, կայացած համակարգ, եթե քաղաքական հետապնդումները, իրենց քաղաքական դիրքորոշման համար մարդկանց դատապարտելու դեպքերը բացառություններ լինեին:

Երեկ Ս. Այվազյանն իր պաշտպանական ճառի առյուծի բաժինը հատկացրել էր Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման շուրջ արձանագրված զարգացումներին: Հրամանատարի համոզմամբ, իշխանություններն իրեն անազատության մեջ են պահում նաեւ այս հարցի հետ կապված, վստահ լինելով, որ նա կարող է համալրել ԼՂ հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ ըմբոստացողների «բանակը»: Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքի էությանը, ապա Սմբատ Այվազյանը դրան հակիրճ անդրադարձավ, բայց խոսեց նաեւ «Մարտի 1»-ի մասին. «Քրգործում, որտեղ խոսվում է տասը մահացածների, տասնյակ վիրավորների եւ հանցանքների մասին, կալանքի տակ են պահում այն մարդկանց, ովքեր, իբր, հրել են ոստիկանի, չեն ենթարկվել նրան ու նման ծիծաղելի բաներ: Սա նշանակում է, որ վարչախումբը բացարձակապես եւ անդառնալիորեն բարոյազրկված է: Սա նաեւ նշանակում է, որ մեր անազատության մեջ գտնվելը հանցագործությունների հետ որեւէ կապ չունի, եւ ինչպես ցանկացած տեռորիստական խումբ իր կյանքը փրկելու համար մարդկանց է պատանդ վերցնում, այնպես էլ վարչախումբը մեզ է անազատության մեջ պահում իր գոյությունը երկարացնելու համար»: Նաեւ ասաց. «Իմ վերջին խոսքում ակնկալվում է ինձանից լսել՝ մեղավո՞ր եմ, թե՞ ոչ: Չշեղվելով ժանրի ավանդույթից՝ ուզում եմ ճշտել՝ կարելի՞ է մեղք համարել սահմանադրական կարգի համար մղվող պայքարը, պետությանը բնորոշ ատրիբուտի վերադարձի համար մղվող պայքարը, օրինապաշտության վերահաստատման համար մղվող պայքարը»:

Ի դեպ, երբ դատավորը հրապարակում էր Ս. Այվազյանի դատավճիռը, ո՛չ դատախազ Հովսեփ Սարգսյանը, ո՛չ «տուժող» ոստիկանը դահլիճում չէին:

Սմբատ Այվազյանի պաշտպաններն, անշուշտ, մտադիր են երեկ կայացված վճիռը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել