Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"Այսպես է իր գործունեությունը պատկերացնում ընդդիմությունը՝ միաժամանակ իմիտացիոն համարելով հարցի վերաբերյալ նախագահի նախաձեռնած այսօրվա քննարկումը:

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մտավորականների ֆորումի ավագանու, համակարգող խորհրդի, «Հայրենիք ու պատիվ» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ակտիվի հետ: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ: «Քննարկման հիմնական հարցը եղել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որը ներկայումս դարձյալ օրախնդիր է ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ աշխարհի հզորների համար: Կարծեք արդեն զգացվում է, որ ղարաբաղյան հարցի լուծումը գերտերությունները Մինսկի խմբի միջոցով բերում են եզրահանգման եւ այն էլ՝ ոչ այնքան նպաստավոր հայ ազգի, ժողովրդի եւ երկրի համար»: Բացի ԼՂ հարցից, քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակին, սոցիալական ոլորտին վերաբերող հարցեր, խոսվել է մոտակա ժամանակաշրջանում Հայ ազգային կոնգրեսի անելիքների, կառույցների հզորացման մասին: «Այսպիսին է ապագա զարգացումների ճանապարհը. յուրաքանչյուր հայ մարդ, ՀՀ եւ Արցախի բնակիչ պետք է աջակցի, նպաստի արցախյան հարցի դրական լուծմանը: Դա շատ կարեւոր է, քանի որ իշխանությունը տասը տարի շարունակ պատասխանատվությունը վերցրել է իր ձեռքը, իսկ ժողովրդին մի կողմ է թողել այս լրջագույն հարցում, չի հարցրել՝ թե ի՞նչ են մտածում ղարաբաղցի եւ հայաստանցի հայ մարդիկ»,- ամփոփելով հանդիպման մասին տեղեկությունները՝ ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախընտրական եւ հետընտրական հրապարակային ելույթներում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես վերահաստատել է ԼՂ հարցի կարգավորման իր մոտեցումները՝ փոխզիջումների տարբերակով, իսկ «Հայրենիք ու պատիվը» արցախյան հարցում մշտապես ռադիկալ մոտեցման՝ «ոչ մի թիզ հող թշնամուն», կողմնակիցն է եղել՝ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այն եզրը, որտեղ պետք է «հայ մարդիկ» նպաստեն կամ համագործակցեն հարցի հնարավորինս դրական կարգավորման համար: «Ոչ ոք՝ ոչ մի ուժ եւ անհատ մեզ չեն կարող պարտադրել մեր տեսակետները փոխել: Մենք հարգում ենք բոլոր մոտեցումները, բայց մնում ենք մերին, քանի որ արցախյան պատերազմում մենք շատ ընկերներ ու զինակիցներ ենք կորցրել: Արցախի եւ տարածքների ազատագրումը եղել է մեր ազգի սերուցքի կյանքի գնով, եւ դա դարձնել քաղաքական քննարկումների եւ մանիպուլյացիաների առարկա՝ ոչ ոքի տրված չէ իրավունք: Բայց եթե իշխանությունները երկիրը չեն տարել հզորացման ճանապարհով, ազատագրված տարածքներում չեն լուծվել դեմոգրաֆիկ խնդիրներ, չեն ստեղծվել ինֆրաստրուկտուրաներ, չեն լուծվել հայ փախստականների հարցը՝ այս բոլորը բարդացրել են իրավիճակը եւ ստվեր են գցում մեր մոտեցումների վրա: Մենք ոչ թե նահանջում ենք, այլ տեսնում ենք, որ պետք է ցուցաբերել լուրջ քաղաքական մոտեցում: Եթե խնդիրը գնում է փոխզիջման՝ իհարկե՝ ոչ մի թիզ հող, բայց հանուն Արցախի պահպանման, իբրեւ ինքնուրույն սուբյեկտի կամ Հայաստանի կազմում, պետք է մտածել այնպիսի լուծումների մասին, որոնք չլինեն ավելի վտանգավոր, քան կարող ենք ունենալ»,- պարզաբանեց Գառնիկ Մարգարյանը: Մեր զրուցակցի մատուցմամբ՝ չնայած, որ իր ղեկավարած կուսակցությունում գերակշռում են տարեց մարդիկ, այնուամենայնիվ՝ «բոլորն էլ զինվորի նման պատրաստ են. եթե վտանգվի ազատագրված տարածքների, Արցախի եւ մեր ժողովրդի կյանքը՝ բոլորս շարք ենք կանգնելու, կռվելու եւ մարտնչելու ենք»:

Քանի որ ՀԱԿ՝ նույնիսկ ռադիկալ տրամադրվածություն ունեցողները կարծում են, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է այժմ նպաստ բերի ԼՂ հարցի դրական կարգավորմանը, Գ. Մարգարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչն է պատճառը, որ «կոնգրեսականները» չեն ցանկանում մասնակցել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված ԼՂ հարցի քննարկումներին. գուցե հենց այդտեղ գտնվեր դրական եւ նպաստավոր լուծման տարբերակ: «Երբ գնում ենք այդ հանդիպմանը՝ նախ նպաստում ենք Սերժ Սարգսյանի լեգիտիմության բարձրացմանը: Մեր տեսակետները եւ մոտեցումները իր որոշումներում հաշվի չեն առնվելու, ես դրանում միանշանակ համոզված եմ: Այդ հանդիպման նպատակն է՝ «գալոչկա» դնել եւ եվրոպաներին ու մյուսներին ասել, թե այս կամ այն կուսակցությունը մասնակցել է քննարկման: Մենք երկրի քաղաքացիներ ենք եւ ունենք մեր հստակ դիրքորոշումները, տեղը, դերը. մենք զինվորիկներ չենք»,- ասում է մեր զրուցակիցը: Բացի այդ, նա ընդգծում է, որ ԼՂ հարցում մինչ այժմ ընթացող գործընթացներից քաղաքական ուժերն անտեղյակ են. «Թող նախօրոք տրամադրեին քննարկվող հարցերի ցանկը, իշխանական տեսակետը ներկայացնող ելույթների տեքստերը, ԱԳ նախարարի մոտեցումները, ձեւավորված կոնցեպցիաները: Մենք էլ՝ քննարկումների արդյունքում, նաեւ համոզված լինելով, որ մեր որոշումներն այս կամ այն կերպ ազդեցություն ունենալու են, կկողմնորոշվեինք: Թե չէ՝ զանգում են, հրավերքը տալիս ու ասում են՝ արի այնտեղ նստի: Մենք հերթապահ կուսակցություն չենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել