Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՌՎԻՑ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»

Նոյեմբեր 20,2008 00:00

\"\"ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը հաճույքով մասնակցել է Երուսաղեմում տեղի ունեցած հայ եւ հույն հոգեւորականների կռվին:

Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ՝ մինչ հոգեւոր տոնի անցկացումն արդեն նկատելի էր, որ ինչ-որ բան է կազմակերպվում հայերի դեմ: Հույները հերթական անգամ պնդել են, որ պետք է անպայման մասնակցեն հայկական հոգեւոր տոնին, իսկ մերոնք չեն համաձայնել. «Մենք թափորով մոտեցանք տաճարի տարածքում գտնվող եկեղեցու այն հատվածին, որտեղից Քրիստոսի գերեզմանի մոտով պետք է մտնեինք ներս: Մերոնք նախապես կանգնած էին մուտքի մոտ, որ հույները չխանգարեն, բայց հույները եկան-լցվեցին հենց մուտքի առաջ եւ սկսեցին երկու մասի բաժանել մեր թափորն ու մուտքի մոտ կանգնած հոգեւորականներին: Ես ունեմ կադրեր, որտեղ հստակ երեւում է, որ այդ պահին ոստիկանությունը դեռ կարգ ու կանոնի կողմնակից էր եւ ամեն ինչ անում էր, որ հանկարծ բախում չլինի: Պատկերացրեք, սկզբից գնում էր թափորը, մեր սրբազանն՝ առջեւից, մասունքը ձեռքին պետք է մոտենար Տիրոջ գերեզմանին, աղոթեր եւ խունկ վառեր, խաչափայտը դներ գերեզմանի վրա ու դուրս գար: Ամբողջ արարողությունը հենց դա էր լինելու: Հույներն օղակեցին եւ թույլ չտվեցին, որ մենք մոտենանք գերեզմանին: Այդ պահին, կրկնում եմ, ոստիկանությունը կարծես մեր կողմից էր, հույներին ստիպում էր, որ ճանապարհ տան եւ չխանգարեն: Հույների կողմից հրահրվեց սադրանք, եւ տեղի ունեցավ առաջին բախումը: Ոստիկանները հույներին հեռացրին մեզնից: Բանակցություններ սկսվեցին: Մի հոգի մեզնից, մեկը՝ հույներից, ոստիկանների հետ սկսեցին բանակցել գործողությունների հետագա ընթացքի մասին: Աստիճանաբար հույները սկսեցին շատանալ: Մեր կողմից ուխտավորներ կային, հիմնականում՝ կանայք: Բանակցությունների ինչ-որ պահից հույները հարձակվեցին, եւ նոր բախումը դարձավ անխուսափելի: Ես էլ եմ կռվին մասնակցել: Ուղղակի չէի կարող չմասնակցել: Մուտքի մոտ ոստիկանները շղթա էին կազմել, հույները գրոհում էին ոստիկանների վրա: Ես ընկել էի իսրայելցի ոստիկանների եւ հույների արանքը եւ հույներին փորձում էի ետ մղել: Երբ կռիվը մի քիչ հանդարտվեց, ոստիկանները տեսան, որ իրենց մեջ անծանոթ մեկը կա եւ ինձ այդտեղից դուրս հանեցին: Կադրում երեւում է, որ հույների կողմից կրկին սադրանք հրահրվեց, կռիվն ավելի թեժացավ, եւ ես նորից մտա այդ կռվի մեջ»: Արտակ Գրիգորյանը պատմեց նաեւ, որ Երուսաղեմի հին քաղաքի ոստիկանապետ Դորոն բավականին լավ էր իրեն դրսեւորում եւ անկողմնակալ փորձում էր ցրել կռիվը, բայց ինչ-որ պահից տաճարի տարածքում հայտնվում է տաճարի ոստիկանապետ Ռաֆայելը, ով հայտնի է հայերի հանդեպ իր անհանդուրժող տրամադրվածությամբ, բոլորն այդ տարածքում գիտեն, որ ոստիկանապետ Ռաֆայելը հայերին չի սիրում: Ա. Գրիգորյանի խոսքերով, երբ հայտնվեց Ռաֆայելը, ոստիկանության տրամադրությունը կտրուկ փոխվեց. «Լրացուցիչ ուժեր եկան, ոստիկաններից բացի՝ նաեւ զինվորականներ, եւ վերաբերմունքը հայերի հանդեպ կտրուկ փոխվեց, եւ սկսեցին մեզ ցրել: Հաջորդ բախման ժամանակ արդեն ոստիկանները հարձակվեցին մեզ վրա: Եվ բախումը տեղափոխվեց ոստիկանների եւ հայ հոգեւորականների միջեւ: Երուսաղեմում ոստիկանին հարվածելն ամենադաժան ձեւով է պատժվում, համարվում է ամենամեծ հանցագործություններից մեկը: Իրենք զարմացել էին մեր հոգեւորականների վճռականության եւ համարձակության վրա, այն բանի վրա, որ այդքան «դուխ» էին ունեցել եւ կռվում էին ոստիկանների դեմ»: Ըստ Ա. Գրիգորյանի՝ եթե ոստիկանությունը հայ հոգեւորականներին չխանգարեր, հոգեւորականները հույներին կծեծեին մինչեւ վերջ եւ դուրս կմղեին տաճարի տարածքից. «Բայց տեսնելով, որ մենք հասնում ենք մեր ուզածին, լրացուցիչ ուժեր եկան, եւ արդեն՝ խիստ ընդգծված հակահայկական տրամադրություններով: Այս միջադեպը նկարահանել էին նաեւ զբոսաշրջիկները, եւ շատերն այդ կադրերը տեղում վաճառում էին լրատվամիջոցներին»: ՀՀԿ խորհրդի անդամը հիացած էր հայ հոգեւորականների կռվով, ի տարբերություն նրանց, ում համար անհասկանալի է, թե ինչպես կարող է հոգեւորականն այդպես ինքնամոռաց ծեծել իր նմանին: Մեր հարցին՝ մի՞թե աստվածաշնչյան կանոնին (երբ մի այտիդ խփում են, մյուսը դեմ տուր) չի հակասում հայ հոգեւորականների կռվարարությունը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Անկեղծորեն ասեմ, ես որպես նժդեհական, պահպանողական եւ ազգայնական, մեծ բավականություն եմ ստացել այդ կռվող հոգեւորականներին տեսնելով: Մենք այնտեղ բառիս բուն իմաստով ցեղակրոն վանականներ ունենք, որոնք իրենց նվիրել են ազգին եւ Աստծուն եւ ամեն ինչի պատրաստ են: Պատրաստ են ցանկացած պահի զոհվել հանուն ազգային արժանապատվության՝ չվախենալով ոչ գնդակից, ոչ «դուբինկայից», ոչ անգամ՝ Աստծո անեծքից: Այսօր այդ հոգեւոր հայրերը կան, եւ ինձ ուրախացրեց, որ նոր հոգեւոր սերունդը եւս այդպիսին է, համազգային շահը վեր է դասում ամեն ինչից: Այդ օրը կռվող հոգեւորականները՝ ծեր թե ջահել, համոզված էին, որ, պաշտպանելով իրենց ազգային, հոգեւոր պատիվը, Աստծուն են պաշտպանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել