Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՈՉԸՆԴՈՏ»

Նոյեմբեր 19,2008 00:00

Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հրապարակել է ՀԱԿ հայտարարությունը, ըստ որի՝ «նախագահական ընտրությունների կեղծման եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում» ԼՂ հարցի կարգավորման գործընթացի համար: ՀԱԿ-ը ՀՀ իշխանություններից պահանջել է «անհապաղ կարճել անազատության մեջ գտնվող բոլոր 75 քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու գործերը, վերացնել ապօրինի դատավճիռները եւ նրանց ազատ արձակել, դադարեցնել գործողությունները, որոնցով խոչընդոտում են մարտի 1-ի սպանդի խնդրով միջազգային կառույցների պահանջով ստեղծված փաստահավաք խմբի բնականոն աշխատանքներին, անհապաղ դադարեցնել քաղաքական հողի վրա տնտեսական ու վարչական հետապնդումները» եւ այլն: Մեզ առավել հետաքրքրեց «փաստահավաք խմբին» չխոչընդոտելու պահանջը: Լ. Զուրաբյանը հայտարարեց, թե՝ մոտ օրերս ինքն ասուլիս կհրավիրի այդ մասին ինչ-ինչ բացահայտումներ անելու համար: «Առավոտին» միայն փոխանցեց, որ այդ խոչընդոտները կարող են խմբում ՀԱԿ-ի ներկայացուցչի մասնակցության համար «անհաղթահարելի» լինել: ԱԺ-ում մեր աղբյուրները ենթադրեցին, որ խոսքը փաստահավաք խմբի աշխատանքները ԱԺ շենքում անցկացնելու մասին է: Խմբի անդամների մի մասը դեմ է եղել ԱԺ-ում աշխատելուն, որովհետեւ այդպես ԱԱԾ-ն եւ իրավապահ մարմինները հնարավորություն ունեն վերահսկելու խմբին տեղեկություններ փոխանցողների ինքնությունը: Մարդկանց մուտքը ԱԺ տարածք թույլատրվում է միայն նրանց անձնագրային տվյալներն ընդունարանում լրացնելուց հետո: ԱԺ շենքում աշխատելը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի առաջարկությունը: Նախագահականից, ըստ մեր աղբյուրի, իրենց պնդումը պատճառաբանել են նրանով, որ խումբը ստեղծվել է որպես նախագահին կից խորհրդակցական մարմին, եւ դրա գործունեության տեղը պետք է որոշի նախագահի աշխատակազմը: Թե որքանով են այս ենթադրությունները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել