ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐԸ ՀԱՋՈՂ ԷՐ
Երեկ Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցող հավաքականները հանգստանում էին:
Նախորդ օրը կայացած 5-րդ տուրը հաջող էր Հայաստանի թե տղամարդկանց եւ թե կանանց ընտրանիների համար: Մեր տղաները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին Հոլանդիային: Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Պետրոսյանը միավորը բաժանեցին համապատասխանաբար Լյուկ Վան Վելլիի, Յան Սմիթի եւ Էրվին Լամիի հետ: Հավաքականի համար հաղթական միավորը վաստակեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Դանիել Ստելվագենին: Այս հաջողությունից հետո մեր թիմը եւս հինգ երկրների հետ ունեցավ 9,0 թիմային միավոր եւ, շնորհիվ ավելի բարձր անհատական միավորների, բարձրացավ 2-րդ հորիզոնական: Իսկ առաջատարների եռյակն այսպիսի տեսք ունի (փակագծերում նշված են վաստակած անհատական միավորները):
1.Ռուսաստան 5 4 1 0 9 (82,5)
2.Հայաստան 5 4 1 0 9 (80,5)
3.Գերմանիա-1 5 4 1 0 9 (77,5)
Այսօր օլիմպիադայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականները:
Տղաներից ետ չմնացին մեր աղջիկները: Նրանք նույնպես 2,5:1,5 հաշվով առավելության հասան Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ: Չնայած Էլինա Դանիելյանը առաջին խաղատախտակի առջեւ պարտություն կրեց, մրցակիցներին հաղթեցին Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, իսկ Սիրանուշ Անդրիասյանը բավարարվեց ոչ-ոքիով: Հինգերորդ տուրից հետո մեր աղջիկները զգալիորեն բարելավեցին դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ 8,0 թիմային միավորով բարձրանալով 7-րդ հորիզոնական:
Այստեղ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով (10 միավոր) միանձնյա գլխավորում են չինացիները: Առաջատարների եռյակում նրանց հետեւում են Հունգարիան (9,0 միավոր) եւ Ռուսաստանը (8,0):
Վեցերորդ տուրում այսօր Հայաստանի մրցակիցը Ուկրաինայի անչափ ուժեղ թիմն է:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան հատեց հասարակածը: Կարծում ենք, մեր մարզիկների ցուցանիշների վիճակագրությունը հետաքրքիր կլինի ընթերցողներին: Ստորեւ ներկայացվող աղյուսակը ցույց է տալիս, թե հայ գրոսմայստերներից ով քանի տուրի է մասնակցել եւ որքան միավոր է վաստակել:
Տղաներ:
Լեւոն Արոնյան 4 տուր 2,5միավոր
Վլադիմիր Հակոբյան 5 3,5
Գաբրիել Սարգսյան 5 4,5
Տիգրան Պետրոսյան 5 4,0
Արտաշես Մինասյան 1 1,0
Աղջիկներ:
Էլինա Դանիելյան 5 2,5
Լիլիթ Մկրտչյան 5 4,5
Նելլի Աղինյան 3 1,5
Լիլիթ Գալոյան 4 3,0
Սիրանուշ Անդրիասյան 3 2,0:
«ՍԹԱՐ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԸ ԿՈՐՈՇՎԻ ԱՅՍՕՐ
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ժ. 18-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» լրացուցիչ խաղում կորոշվի ֆուտբոլի Հայաստանի 2008 թ. չեմպիոնը: Հիշեցնենք, որ այս երկու թիմերն առաջնության ավարտին վաստակել են հավասար՝ 59-ական միավոր եւ նման դեպքերում ոսկե մեդալակրին որոշելու համար նախատեսված է, ըստ Հայաստանի գավաթի եզրափակիչի կանոնների, անցկացնել «ոսկե հանդիպում»: ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, թիմերին խաղային հավասար պայմաններ ապահովելու նպատակով որոշվել է նախորդ խաղում զգուշացում ստացած ֆուտբոլիստների որակազրկումը չեղյալ համարել: Բացի դա, որոշվել է նաեւ տոմսերի վաճառք կազմակերպել՝ սահմանելով հետեւյալ գները. արեւելյան տրիբունա՝ 10 հազար դրամ, հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 3000-ական դրամ: