Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆԵԿՈԲԱՆԿԸ» ԵՎ OPEC-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՆՔԵՑԻՆ 5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Նոյեմբեր 19,2008 00:00

2008թ. նոյեմբերի 5-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի եւ «The OPEC Fund for International Development (OFID)» ֆինանսական կազմակերպության միջեւ կնքվեց առեւտրի ֆինանսավորման եւ վարկային գծի տրամադրման 2 պայմանագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար:

Առաջին պայմանագրի համաձայն, OFID-ը «Ինեկոբանկին» կտրամադրի 2 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ծրագրեր ֆինանսավորելու նպատակով, իսկ երկրորդ պայմանագրի համաձայն՝ 3 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նպատակով, մասնավորապես՝ արտադրության, ծառայության, առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին, Վիեննա քաղաքում գտնվող OFID-ի գլխավոր գրասենյակում: «Ինեկոբանկը» ներկայացնում էին բանկի գործադիր տնօրեն պրն Ավետիս Բալոյանը, Զարգացման եւ արտաքին հարաբերությունների ծառայության (ԶԱԿ) ղեկավար Ալլա Պավլովան եւ մասնաճյուղերի ցանցի զարգացման ղեկավար պրն Անատոլի Տիրոսյանը: OFID կազմակերպության կողմից ներկա էին OFID-ի գլխավոր տնօրեն պրն Սուլեյման Ալ-Հերբիշը եւ գլխավոր տնօրենի օգնական պրն Սաիդ Աիսսին:

 Միջոցառման ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն պրն Ավետիս Բալոյանը պարզաբանեց. «Պայմանագրի ստորագրումը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ եւ OFID կազմակերպությունների միջեւ երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության սկիզբ: Պայմանագրերով նախատեսված ֆոնդերը ուղղված կլինեն Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսության աճին: Առաջնայնորեն այս ֆոնդերով կֆինանսավորվեն մեր ներկայիս հաճախորդները, քանի որ մենք միշտ գնահատել ենք նրանց լոյալությունը եւ կանենք առավելագույնս՝ աջակցելու նրանց բիզնեսի կայուն զարգացմանը, ինչն էլ ակնկալվում է կայուն գործընկերոջից»:

«Ինեկոբանկի» ԶԱԿ ծառայության ղեկավար Ալլա Պավլովան ասաց. «Մենք բարձր ենք գնահատում OFID-ի վստահությունը «Ինեկոբանկի» հանդեպ եւ պատրաստակամությունը միջազգային ֆինանսական շուկաների համար այս դժվարին ժամանակաշրջանում համագործակցություն սկսելու «Ինեկոբանկի» հետ՝ վերջինիս միաժամանակ տրամադրելով երկու վարկ: Իր բիզնես ռազմավարության շնորհիվ «Ինեկոբանկը» զերծ է մնացել արտաքին շուկաներում տիրող ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից՝ պահպանելով իր զարգացման տեմպերը, ինչը ապացուցվում է վերջինիս կատարողականի բարձր ցուցանիշներով»:

Իր խոսքը հղելիս պրն Ալ-Հերբիշը մասնավորապես կարեւորեց այն հանգամանքը, որ OFID-ը հնարավորություն ունեցավ աջակցելու «Ինեկոբանկին» մասնավոր հատվածի ֆինանսավորման ոլորտում: «Մենք մինչ օրս մեծապես տպավորված ենք եղել «Ինեկոբանկի» զարգացման տեմպերով եւ վերջինիս կողմից փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ասպարեզում ներդրված կապիտալի չափով: Հուսով ենք, որ ապագայում այս տենդենցը կշարունակվի, եւ OFID-ի այս երկու վարկերը իրենց ներդրումը կունենան այդ գործընթացում», – ավելացրեց գլխավոր տնօրենը:

Հատկանշական է, որ OFID-ը Հայաստանում արդեն իրականացրել է երկու ծրագիր հասարակական ոլորտում՝ ուղղված գյուղական տարածքների զարգացմանը, եւ եւս մեկ ֆինանսական ոլորտի ծրագիր՝ մասնավոր հատվածում:

 

*****

OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ.-ին OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից՝ հարավ-հարավ համագործակցությանն աջակցելու նպատակով՝ OPEC-ի ոչ անդամ երկրներին օգնություն մատուցելով:

Մինչ այսօր OFID-ը տրամադրել է ավելի քան 9.8 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ զարգացման ամենամեծ կարիք ունեցող 121 զարգացող երկրներին: Այն իր մեջ ներառում է նախագծային եւ ծրագրային վարկեր, վճարային հաշվեկշռի ֆինանսավորում, մեծ պարտք ունեցող աղքատ երկրների պարտավորվածության զեղչում (HIPC debt relief), ինչպես նաեւ ֆինանսավորում OFID-ի կողմից վերջերս հիմնադրված առեւտրի ֆինանսավորման գործիքի միջոցով: Ֆինանսավորման մյուս տեսակներից են՝ մասնավոր հատվածի ֆինանսավորումը, դրամաշնորհային օգնությունը եւ այլ միջազգային հաստատություններին օժանդակությունը, ինչպիսիք են Հումքային ապրանքների ընդհանուր ֆոնդը եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թ.-ին՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մասնավոր հատվածի, մասնավորապես՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը, եւ նպաստել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը՝ տրամադրելով բարձրորակ բանկային ծառայություններ: 2008 թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «Ինեկոբանկը»՝ ըստ իր ակտիվների (41,616 մլն ՀՀ դրամ), ՀՀ բանկային շուկայում զբաղեցնում է 9-րդ տեղը եւ ունի 7,824 մլն ՀՀ դրամի կապիտալ: «Ինեկոբանկի» բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ KfW խմբի անդամ հանդիսացող DEG կազմակերպությունը՝ համապատասխանաբար 10% եւ 13.5% բաժնեմասերով: «Ինեկոբանկն» ունի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ: 2007 թ.-ին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից այն ճանաչվել է «Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկը» եւ ըստ Forbes ամսագրի՝ զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը MIX-ի 50 լավագույն միկրոֆինանսական հաստատությունների ցուցակում:

«Ինեկոբանկ» ՓԲԸ

ք. Երեւան, Թումանյան 17

Հեռ.՝ 510-510

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել