Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարները սեփականացնում են հայկական նվագարանները»

Նոյեմբեր 19,2008 00:00

Մտահոգված է «Տկզար» պետական նվագախմբի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ Կարլեն Միրզոյանը

Երեւանում է Հայաստանի հնագույն շնչական նվագարանների «Տկզար» պետական նվագախմբի հիմնադիր, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Կարլեն Միրզոյանը: Խմբավարը Լոս Անջելեսից Հայաստան է հրավիրվել հայ ազգային նվագարանների «Վերածնունդ» պատմափաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքները ղեկավարելու համար: Ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ բյուջեով, ռեժիսորն ու սցենարիստը կլինեն Հայաստանից: Իսկ մայիս-հունիս ամիսներին ՀՀ-ում կկազմակերպվի սիմպոզիում՝ հայկական ազգային նվագարանները ներկայացնելու նպատակով: «Դեռ երբեք այսպիսի աշխատանք չի կատ:արվել: Ֆիլմի անգլերեն տարբերակը պիտի ուղարկենք աշխարհի բոլոր թանգարաններ, գրադարաններ»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Կ. Միրզոյանը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր խանգարում այդ գործը վաղուց անել: «Անհետեւողական ենք եղել: 1980-90-ականներին բազում կինոռեժիսորներ, մուլտիպլիկատորներ ինձ ասում էին, թե այդքան նվագարաններ ես վերծանել, ինչո՞ւ ֆիլմ չես ստեղծում: Երիտասարդ էի եւ կարծում էի, որ դա լուրջ գիտնականների գործ է: Ցավոք, դա այդպես էլ չարվեց,- պատասխանեց պարոն Միրզոյանը եւ փաստեց այդ բացթողման հետեւանքները,- հարեւան ժողովուրդները, ընդօրինակելով մեր ազգային նվագարանները, դրանք սեփականացրել են: Ասում են՝ քամանչան ադրբեջանական է, ուդը՝ արաբական, թառը՝ պարսկական: Բոլոր այդ նվագարաններն այժմ «հայրենիք» ունեն, որը Հայաստանը չէ, ու ոչ ոք չի ասում, թե դրանք հայկական են: Պատմականորեն փաստագրություններով, սեպագիր արձանագրություններով պահպանված են բոլոր նվագարանների նմուշները, ինչը վկայում է դրանց հայկականության մասին: Հայ հովիվները եղեգնից սրինգ, շվի են պատրաստել: Պարկապզուկն էլ է հայկական նվագարան, որը այժմ շոտլանդացիներն իրենց ազգայինն են համարում: Անգամ շոտլանդական ազգային տարազ համարվող կիսաշրջազգեստները Վան-Վասպուրականի տարազն են, ինչը պարկապզուկի հետ հայերն են տեղափոխել Շոտլանդիա: 1850-ականներից շոտլանդացիները խոստովանում են, որ պարկապզուկը ներմուծված գործիք է»:

Ներկայումս Կ. Միրզոյանը Լոս Անջելեսում երաժշտական դպրոց է հիմնել, ունի հեռուստատեսային ժամեր: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչը ստիպեց հեռանալ Հայաստանից: «2000-ին Ամերիկայից ինձ հյուրախաղերի հրավիրեցին՝ մեծ գումարով: Երբ ետ եկա, խնդրեցին, որ գնամ, ծրագիր մշակեմ այնտեղի նվագախմբի համար: Մեկնեցի եւ փաստի առաջ կանգնեցի. ասացին, որ չեն կարող համերգներ կազմակերպել: Ուստի որոշեցի ինքս դա անել: Հավաքեցի 40 երաժիշտ, ամենալավ աշակերտս տարավ գումարները, հետո զանգեց, ասաց՝ տակ է տվել, չի կարող գումարը ետ վճարել: Ուստի, այլեւս չէի կարող գալ Հայաստան, ստիպված մնացի: Մյուս կողմից էլ, եթե չմնայի, ֆիլմի գաղափարը՝ «Կարոտի կանչեր» երգերի հատվածը չէր ծնվի»: Կ. Միրզոյանը վիրավորանք է համարում, երբ իրեն լոսանջելեսցի են կոչում. «Ոչ մի օր Ամերիկայում չեմ եղել, գիշերը քնել, առավոտյան վեր եմ կացել՝ նոր միայն հիշել, որ այդ երկրում եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել