Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԿԱՅԱՆԱԼՈՒ»

Նոյեմբեր 19,2008 00:00

\"\"Ասում է ամերիկյան շոու-բիզնեսի աստղերի հետ համագործակցած Միհրան Կիրակոսյանը

 

«Ես չեմ եկել Հայաստան՝ արտիստ դառնալու, այլ ընդամենը նկարահանելու իմ հեղինակած «Հայաստան» երգի տեսահոլովակը»,- այսկերպ սկսեց «Առավոտի» հետ զրույցը ամերիկաբնակ արվեստագետ Միհրան Կիրակոսյանը: Ի տարբերություն իր այլ գործընկերների, նա չի եկել Հայաստան՝ կայանալու, որ հետո «դրսերում» իր գինը բարձրացնի: 23-ամյա Միհրանը արդեն հասցրել է որպես պարող հանդես գալ Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Ռիկի Մարտինի եւ այլ աստղերի հետ:

Տեղեկացնենք, որ մեր զրուցակիցը Հայաստանում առաջինը 1987 թ. «Արայի դանս շոուն» հիմնած Կարո Կիրակոսյանի կրտսեր որդին է: Միհրանը 7 տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին ԱՄՆ՝ մշտական բնակության: Նրա ավագ եղբայրը ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն է, որը ժամանակին, դարձյալ հայրենիքում, հայաստանցի դերասանների մասնակցությամբ, իր սցենարով ու ռեժիսուրայով բեմադրեց «Մեծ պատմություն փոքր քաղաքում» խաղարկային ֆիլմը:

Միհրանը հիշեց, երբ ԱՄՆ տեղափոխվելուց մեկ տարի հետո հայրը հիմնեց «Կարո դանս շոուն», ճիշտ է, եղբայրները մասնակցում էին վերջինիս պարապմունքներին, սակայն, գոնե իր պարագայում, այնքան էլ մեծ չէր սերը ժամանակակից պարարվեստի հանդեպ: «Դպրոցում սովորելու տարիներին, երբ 13-14 տարեկան էի, ժամանակակից պարարվեստ էր դասավանդում (հիմնականում՝ հիփ-հոփ) ճանաչված բալետմայստեր Քեւին Քեյնը: Ճիշտ է, մանկությունից աչքիս առջեւ ժամանակակից պարային շարժումներն էին, ականջումս՝ ժամանակակից ռիթմերը, բայց հենց Քեյնն էր «մեղավոր», որ ինձ վարակեց ժամանակակից պարարվեստով: Մեծանուն բալետմայստերի շնորհիվ սկսվեց մի շրջան, երբ առավոտից մինչ գիշեր պար դարձավ կյանքս: Առավոտն արթնանում էի՝ ուզում էի պարել, գիշերը, քնելուց առաջ, ուզում էի պարել, եւ այդպես շարունակ: Ճակատագրական եղան Քեւինի հրավերով ճանաչված պարողների այցերը մեր դպրոց: Նրանք, որ ներկայանում էին իբրեւ քաստինգ միջնորդներ, ինձ առաջարկեցին 1998թ. մասնակցել միանգամից մի քանի աստղերի կողմից հայտարարված շոու-ծրագրերին: Քանի որ այդ տարի Բրիթնին առաջին քայլերն էր անում շոու-բիզնեսում, ես նախընտրեցի մասնակցել նրա կողմից հայտարարված շոու-բալետի մրցույթին: Չեմ թաքցնում. մեծ էր ուրախությունս, երբ 4 օր տեւած քաստինգից հետո 2000 մասնակցից ընտրված 8 պարողների անունների թվում հայտնվեց նաեւ իմը»,- հայտնեց Մ. Կիրակոսյանը: Թե ինչպես նա հայտնվեց Մադոննայի, Ռ. Մարտինի եւ մյուս աստղերի շոուներում, Միհրանը նշեց, որ ինչպես ընդունված է, աստղերը իրենց երկարամյա շրջագայություններից առաջ հայտարարում են քաստինգներ եւ ինքը, օրինակ, նման մրցույթից հետո մասնակցել է 2004 եւ 2006թթ. կայացած Մադոննայի շոուներին, 2007-ին՝ Ռիկի Մարտինի եւ այլն: Նման միջոցառումների ժամանակ պարողներին ընտրում են ոչ թե աստղերը, այլ նրանց շոուների բեմադրիչներն ու ռեժիսորները, օրինակ՝ Ռ. Մարտինի շոուի դեպքում՝ հայ երիտասարդին նկատել է Ռ. Մարտինի շոուի ռեժիսոր ու բեմադրիչ Ջեյմի Քինգը: Վերջինս ժամանակին համագործակցել է Մայքլ Ջեքսոնի հետ: Եվ այսպես, մեր հայրենակիցը մասնակցելով աշխարհահռչակ աստղերի շոուներին, շրջագայել է ողջ աշխարհում: Իսկ հիմա եկել է մի պահ, երբ նրա հետաքրքրությունն ուղղվել է դեպի երգարվեստ: Միհրանն ասաց, որ 2008թ. սկզբից աշխատում է իր CD-ի վրա, որում ընդգրկված 14 երգերը իր հեղինակածն են եւ առաջին սինգլով ներկայանում է հայրենիքում: Նշեց նաեւ, որ ԱՄՆ-ում հունվարի վերջին թողարկվելիք CD-ում ընդգրկված երգերը լսելուց հետո Մադոննան իր գոհունակությունն է հայտնել, ասելով, որ երիտասարդը չի ընդօրինակում եղածներին, այլ երգի, ձայնի, տեքստի ու գործիքավորման միջոցով պատմում է, թե ով է ինքը ու որտեղից է գալիս:

Հարցին՝ ասում են, մանավանդ՝ Ամերիկայում, երգչի, պարողի ու ընդհանրապես արվեստագետի հաջողության առաջին գրավականը գումարն է, Միհրանը պատասխանեց. «Գումարի պարագայում իհարկե մի քանի աստիճան կբարձրանաս, բայց ունկնդրիդ չես խաբի: Նշեմ, որ ես ոչ մի մեծահարուստ բարեկամ, ծանոթ, հարազատ չունեմ այնտեղ: Ինչ-որ անում եմ, դա իմ կուտակած հոնորարների շնորհիվ է»: Մ. Կիրակոսյանը մեր զրույցի վերջում հավելեց. «Ներկայումս աշխատում եմ 2009թ. ամռանը ԱՄՆ-ում կայանալիք իմ շոուի վրա՝ համեմված երգերի ու պարերի իմ բեմադրությամբ: Անշուշտ, կուզենամ այն ներկայացնել նաեւ Հայաստանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել