Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ ուսանողի «արկածները»

Նոյեմբեր 19,2008 00:00

Մովսես Խեչոն Հայաստանում լրագրող դարձավ

«Երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգում էի, որ Երեւանին մեջ մի լավ բան կա, բայց հայտնի չէր՝ ինչ է։ Երեւանին մեջ այն եմ սիրում, որ այստեղից կարող ես Արարատը տեսնել։ Սիրիայում մտածում էի՝ ե՞րբ եմ գնալու Հայաստան, որ այն տեսնեմ»,- ասում է սիրիահայ ուսանող Մովսես Խեչոն։

Աբրահամ Խեչոյի երեք զավակներից միայն ավագ որդին՝ Մովսեսն էր, որ Հայաստանը տեսնել ցանկացավ։ Նրան այստեղ բերեց ոչ միայն Արարատը, այլեւ իր երկրորդ մասնագիտությունը՝ ժուռնալիստիկան։ Դպրոցն ավարտելուց հետո Մովսեսը հյուրանոցային մենեջմենթի մասնագիտություն էր ստանում, բայց զգաց, որ այն իր համար չէ։ Երկու տարի հետո թողեց մենեջերի իր աշխատանքն ու սկսեց շփվել գրողների, մեկնաբանների ու լրագրողների հետ։ Կարդում էր հայկական եւ արաբական գրականություն, ուսումնասիրում թերթեր, ամսագրեր ու հետաքրքրվում քաղաքական խնդիրներով։ Հետո ամեն ինչից տեղյակ լինելու ցանկությունն ավելի մեծացավ, ու նա կայացրեց իր համար կարեւոր որոշում՝ մեկնել Հայաստան եւ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Բայց ամեն ինչ չանցավ այնքան հեշտ, ինչպես ինքն էր պատկերացնում։ Ծնողները չէին ցանկանում, որ Մովսեսը ժուռնալիստ դառնա եւ Հայաստան նրան ուղարկեցին միայն մի պայմանով, որ ընդունվի Բժշկական համալսարան: «Ստիպված էի ծնողքիս հետ թատրոն խաղալ՝ իբր թե համաձայն եմ բժիշկ դառնալ։ Մայրս ինձ համար 2 խալաթ էր ուղարկել։ Հաջորդ օրը զանգեց ու հարցրեց, թե խալաթները հագո՞վս են, ես ալ ասացի, որ ինձ համար գրիչ ու ձայնագրիչ ուղարկիր։ Ծնողքս միայն այդ ժամանակ իմացան, որ ես ժուռնալիստ եմ դառնալու»,- պատմում է Մովսեսը:

Երբ տղան պետք է դպրոց գնար, հայրը արտասահմանում էր ու ազգությամբ հույն մայրը պետք է օգներ հայերեն գրել-կարդալ սովորել, սակայն ինքն էլ չգիտեր, բայց սովորեց հայերենը եւ օգնեց որդուն ճանաչել հայ գիրը։ Լրագրությունից ու մենեջմենթից բացի, Մովսեսը միշտ էլ հետաքրքրվել է թատրոնով։ Երբ սովորում էր նախապատրաստական կուրսում, իրենց խմբով ներկայացրին Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» ստեղծագործությունը։ Ներկայացման մեջ Մովսեսը խաղացել է Դանիել Վարուժանի դերը։ Թատրոնը, սակայն, նրա համար մնացել է չիրականացված երազանք։ Պետք է Դամասկոսում ընդունվեր թատերական ինստիտուտ, բայց չի կարողացել քննությունները հանձնել՝ «ողջ ուժերս չէր ներդրած»։

«Կյանքում շատ-շատ եմ սիրահարվել։ Կարող եմ ամեն րոպե սիրահարվել, հո չե՞ս կարող գեղեցիկի կողքով անտարբեր անցնել։ Բայց իսկականից սիրել եմ երկու անգամ՝ մեկ՝ Սիրիայում, մեկ էլ՝ էստեղ։ Երբ սիրում եմ՝ դառնում եմ բառապաշար չունեցող մանուկ»,- իր ապրումներն է ներկայացնում սիրիահայ երիտասարդը։

Մովսեսն արդեն 3 տարի Հայաստանում է։ Ասում է՝ Սիրիայում Հայաստանը ավելի ռոմանտիկ էր պատկերացնում, այստեղ օտարության մեջ չէ, բայց կարոտում է՝ հարազատները հեռու են։ Ու երբ Մովսեսը կարոտում է, նրան օգնության է հասնում սիրիական սուրճը, որի բուրմունքը նրան տեղափոխում է հարազատ ծննդավայր։ «Հիշիր, որ քո տխրության մեկ րոպեն կարող է երջանկության 60 վայրկյաններ լինել»,- սիրում է կրկնել Մովսես Խեչոն եւ երջանկություն ուզում որսալ ամեն ակնթարթից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել