Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՆ

Նոյեմբեր 19,2008 00:00

\"\"Երեկոյան եւ գիշերվա ժամերին ողջ Երեւանը «վառվում» է հրագործական սարքերի ու հրավառությունների «տարափից»:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվել «Հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից տեղեկանում ենք, որ «հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը» լիցենզավորող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված «պետական կառավարման մարմինն է կամ մարմիններն են»: Ընդ որում, վերոնշյալ գործունեության տեսակը պարզ ընթացակարգով տրվող լիզենզիա է պահանջում, որն, ինչպես համապատասխան օրենքում է նշված, տալիս է միայն ՀՀ կառավարության կողմից լիազորված «մեկ պետական կառավարման մարմինը»:

Նկատենք, որ հրագործական իրացվող արտադրանքներ են համարվում քաջածանոթ «սալյուտները», որոնց օգտագործման ծավալները հատում են թույլատրելի եւ ոչ թույլատրելի բոլոր սահմանները: «Առավոտին» բազմաթիվ քաղաքացիներ են բողոքել, որ շատ հաճախ այդ սարքերը եւ «սալյուտները» պայթել են անմիջապես մարդկանց ոտքերի տակ՝ սարսափեցնելով նրանց: Հրավառությունն իրականացվում է հիմնականում երեկոյան եւ գիշերվա ուշ ժամերին՝ բնակելի շենքերի մերձակայքում, խրախճանքի օբյեկտներում, որոնց «տարափից» ու «աղետից» մարդիկ քուն ու հանգիստ չունեն: «Այդ պայթյունները ոչ միայն վնասում են մեր առողջությունը, ոչ միայն վտանգում են մեր կյանքը, այլեւ խանգարում գիշերային հանգիստը: Երեկոյան սարսափում ենք Երեւանի փողոցներում քայլել, հանգստանալ»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը:

«Առավոտը» փորձեց ՀՀ կառավարությանը ենթակա միաժամանակ մի քանի գերատեսչություններից ճշտել, թե քաղաքացիների դժգոհությունները, ըստ էության, տեղի՞ն են, թե՞ ոչ, հրագործական սարքերի եւ «սալյուտների» օգտագործումը համապատասխանո՞ւմ է օրենքով թույլատրելի չափանիշներին, ի վերջո՝ ո՞ր մարմինն իրավունք ունի կազմակերպել հրավառություն եւ ո՞րն է հրավառության անվտանգության երաշխիքը՝ հնարավոր անախորժություններից ու վնասվածքներից խուսափելու համար:

Հաշվի առնելով այն, որ բազմաթիվ ապրանքատեսակների օգտագործման ու սպառման լիցենզիան տրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, պարզաբանում ստացանք նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանից: Ըստ նրա, «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առեւտուր» գործունեության լիցենզիան տրվում է ֆինանսների նախարարության կողմից: Իսկ հետագա գործունեության վերահսկողությունը կամ կարգավորումը ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունից դուրս է: Տրամադրված լիցենզիաների մասին նախարարությունը տեղեկացնում է պատկան մարմիններին: Ինչ վերաբերում է հրավառության կազմակերպմանը եւ անվտանգության երաշխիքներին, ապա, ըստ ֆինանսների նախարարությունից ստացված պատասխանի, «ՀՀ օրենսդրությամբ նախարարությանը նման գործառույթներ վերապահված չեն»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տրամադրած պատասխանից տեղեկացանք, որ ոստիկանությունը եւս որեւէ առնչություն չունի հրագործական սարքերի անվտանգությունը ապահովելու գործում: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի պատասխանում հիշեցվում է, որ այս գործունեության լիցենզավորումն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ ոլորտի կարգավորման համար, պարզվում է, կառավարությունը դեռեւս 2002 թ. «Հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջների մասին» որոշում է ընդունել, որի հետ է առնչվում նաեւ 2002 թ. ՀՀ ներքին գործերի նախարարի ընդունած՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու կանոնները հաստատելու մասին» հրամանը: Ընդ որում, նշված իրավական ակտով սահմանվել են միայն հրագործական արտադրատեսակների պահման պայմանները եւ զանգվածային միջոցառումների ժամանակ դրանք օգտագործելու կանոնները: Փաստորեն, ընդունված որոշումները միայն զանգվածային միջոցառումների ժամանակ հրագործական սարքերը օգտագործելու կանոններ են պարունակում, մինչդեռ այդ որոշումներում բացակայում են այնպիսի դրույթներ, որոնք կվերաբերեին բարձրացված «մասնավոր» խնդրին: Հրագործական սարքերի օգտագործման ժամային սահմանափակումների վերաբերյալ էլ ոստիկանությունը հայտնեց, որ հարցը կարգավորում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180 հոդվածը (Լռության խախտումը հասարակական վայրերում), իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ըստ նույն օրենսգրքի 219 պրիմ հոդվածի, քննում են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Նորաստեղծ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ իրենց գերատեսչության իրավասության մեջ չի մտնում հրագործական սարքերի օգտագործման վերահսկողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել