Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔՄԵ՞Ն ԵՆ ԴԱՐՁԵԼ

Նոյեմբեր 19,2008 00:00

\"\"Արդեն 3 տարի է, ինչ Թուրքմենստանից հարկադիր կերպով արտաքսված մայրը զրկվել է իր 2 երեխաներին տեսնելու հնարավորությունից:

Օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանատները կոչված են պաշտպանելու տվյալ երկրում գտնվող իրենց քաղաքացիների շահերը, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ ապօրինություններից զերծ պահելու եւ աջակցելու նրանց: Սակայն պարզվում է, որ որոշ դեսպանատներ ոչ միայն շահագրգռված չեն լուծելու այլ պետություններում բնակվող մեր համաքաղաքացիների խնդիրները, դեռ մի բան էլ խանգարում ու ապակողմնորոշում են նրանց: Այս կարծիքին է ՀՀ քաղաքացի Գայանե Արզումանյանը, որը տարիներ առաջ ամուսնացել է Թուրքմենստանում եւ այդ երկրի քաղաքացիություն չունենալու պատճառով կտրվել իր ընտանիքից: Ամուսնությունից որոշ ժամանակ անց Գ. Արզումանյանը վերադարձել է Հայաստան, որտեղ երեխա է ունեցել: Դրանից հետո տիկին Գայանեի մոտ է եկել նաեւ ամուսինը՝ Արմեն Վանեսյանը, եւ 2 տարի կնոջ եւ երեխայի հետ ապրել Էջմիածնում: Սակայն ընտանիքը որոշել է 1994-ին նորից տեղափոխվել Թուրքմենստան, որտեղ էլ ծնվել է նրանց 2-րդ երեխան: Մինչեւ 2005-ը առանց այդ երկրում ապրելու եւ աշխատելու օրինական իրավունքի՝ ընտանիքն ապրել է Թուրքմենստանում: Բայց երբ նրանց 1-ին երեխան՝ աղջիկը դարձել է 15 տարեկան, տիկին Գայանեն որոշել է փաստաթղթային հարցերը կարգավորելու համար վերադառնալ Հայաստան, հետագայում օտար երկրում ժամանակավոր կացության իրավունք ստանալու համար: Գ. Արզումանյանի ներկայացմամբ, ինքը դիմել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատուն, որպեսզի նրանք աջակցեն իրեն Հայաստան գնալու եւ վերադառնալու հարցում: Դեռեւս 2005-ին այդ երկրում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը նրան տրամադրել է վերադարձի վկայական, որի առկայության դեպքում առանց որեւէ խնդրի նա կարող էր սահմանն անցնել եւ նոր անձնագրով վերադառնալ: Սակայն դեսպանատանը տիկին Գայանեից վերցրել են նաեւ նրա սովետական անձնագիրը՝ պատճառաբանելով, որ մինչ նա հասնի Հայաստան, իրենք այդ անձնագիրը կուղարկեն ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչություն, որտեղից էլ նա կստանա նորը: Գ. Արզումանյանի պատմելով. «Մի քանի ամիս անընդմեջ օվիր դիմելուց հետո, հասկացա, որ դեսպանատունը միտք չունի իմ անձնագիրը Հայաստան ուղարկել, իսկ առանց անձնագրի՝ չէի կարող վերադառնալ ընտանիքիս մոտ: Որոշ ժամանակ անց, վերադարձի վկայականի հիման վրա, ստացա հայկական անձնագիր, սակայն, երբ փորձեցի Թուրքմենստան մեկնելու համար վիզա ստանալ, իմացա, որ ինձ դեպորտ են արել»:

Գ. Արզումանյանի ընտանիքը Թուրքմենստանում բնակվել է հանրակացարանում, որտեղ հեռախոս չի եղել եւ նա ամիսներ շարունակ չի կարողացել իր երեխաների հետ կապ հաստատել: Այդ հարցում իրեն օգնելու խնդրանքով Գ. Արզումանյանը դիմել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատուն: Ի պատասխան նրա խնդրանքին, դեսպանատնից ստացվել է հետեւյալ նամակը, որը մեջբերում ենք հատվածներով. «Ձեր խնդրի կապակցությամբ դեսպանություն էին հրավիրվել Թուրքմենստանի քաղաքացի Արմեն Վանեսյանը եւ ձեր երեխաները: Մենք առանձին զրուցեցինք ձեր երեխաների՝ Տաթեւիկի եւ Բորիսի հետ, որպեսզի տեղեկանանք, թե ինչպիսի պայմաններում եւ ապրելակերպով են ապրում նրանք, ունե՞ն առողջական խնդիրներ, թե՞ ոչ: Տաթեւիկի խոսքերով, հայրը նրանց հանդեպ շատ ուշադիր է, հոգատար, եւ ինքը կենցաղային ոչ մի բանի կարիք չի զգում ու շատ սիրում է հորը: Խնդրում ենք ձեզ մի քիչ համբերատար լինեք, մինչեւ լուծվի ձեր ետ վերադառնալու հարցը, որը կապված է զուտ վիզային բարդությունների հետ»: Գ. Արզումանյանի ներկայացմամբ, նամակի ոչ մի տողն իրականությանը չի համապատասխանում, քանի որ աղջիկը մի քանի անգամ զանգել է իրեն եւ պատմելով իրենց ֆինանսական ծայրահեղ վատ վիճակի մասին, խնդրել է մորը իրենց գումար ուղարկել. «Ես այստեղից բանկի միջոցով գումար եմ ուղարկել ամուսնուս, որից հետո փորձել եմ նրանց հետ կապ հաստատել, բայց հեռախոսը, որից ինձ զանգել են, անջատված է եղել»:

Գ. Արզումանյանի ներկայացմամբ. «Կարծում եմ՝ ամուսինս ուզում է ամեն կերպ արագացնել երեխաների քաղաքացիություն ստանալու պրոցեսը, որպեսզի նրանք Թուրքմենստանի բոլոր օրենքներով պաշտպանված լինեն եւ հնարավոր չլինի նրանց ուղարկել Հայաստան: Մանավանդ որ, երեխաները խոսում են բացառապես թուրքմեներեն»:

Այս առնչությամբ Հայաստանում Թուրքմենստանի հյուպատոս Մուհամմեդնիյազ Մաշալովը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Գ. Արզումանյանը դեսպանատուն է դիմել միայն այս տարվա հուլիսի 30-ին, որից հետո իրենք սկսել են զբաղվել նրա գործերով: Մ. Մաշալովի ներկայացմամբ, այս մի քանի ամիսների ընթացքում իրենք Գ. Արզումանյանին օգնել ու աջակցել են շատ ավելի, քան մտնում է իրենց իրավասությունների մեջ: Նրա խոսքերով. «Այս պահին հարցում ենք արել Թուրքմենստանի համապատասխան մարմիններին, որպեսզի ճշտենք, թե որ երկրի քաղաքացիություն ունեն նրա 2 երեխաները, որից հետո միայն պարզ կլինի մեր հետագա անելիքը»:

Այն, որ ինքը դեսպանատուն է դիմել միայն այս տարվա հուլիսին, Գ. Արզումանյանի ներկայացմամբ՝ իրականությանը չի համապատասխանում. «Ճիշտ է, այդ մասին հաստատող որեւէ գրավոր փաստաթուղթ չունեմ, բայց ես արդեն 3-րդ տարին է, դիմում եմ այդ դեսպանատուն»:

Հարցի առնչությամբ «Առավոտը» զրուցեց նաեւ փաստաբան Կարինե Պողոսյանի հետ: Նրա խոսքերով. «Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի, երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ նրա ծնվելու վայրից, ձեռք է բերում մեր երկրի քաղաքացիություն: Ըստ նույն օրենքի, եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի քաղաքացիությունը, իսկ մյուսը՝ ոչ, ապա նրանց 14 տարեկան երեխան կարող է կորցնել մեր երկրի քաղաքացիությունը միայն այն ժամանակ, եթե առկա է ծնողների համաձայնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել