Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ

Նոյեմբեր 19,2008 00:00

«Տասնյակ թեմաներ կան, որոնց շուրջ ամիսներ շարունակ աշխատում ենք, բազում տպագրված հոդվածներ էլ արդեն կան, բայց դժվարանում եմ այս միջադեպը կոնկրետ ոլորտի կամ հոդվածի հետ կապել: Վերջին շրջանում ոչ մի զանգ, ոչ մի սպառնալիք չի եղել: Այս ասպարեզում էլ են զարգացել ու առաջադիմել, նախընտրում են առանց հետք թողնելու գործել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ Էդիկ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ենթադրություններ կամ կասկածներ ունի նախորդ երեկոյան իր հետ տեղի ունեցածի առիթով: Հիշեցնենք, որ լրագրողին դաժան ծեծի էին ենթարկել այն պահին, երբ նա փորձել էր նստել մեքենան: Էդիկ Բաղդասարյանի վկայությամբ՝ իրեն ծեծի ենթարկող անձինք սպասելիս են եղել իր մեքենայի մոտակայքում: «Մեկին ես հեռախոսով խփեցի, եւ նա հետ-հետ գնաց, այդ պահին ինչ-որ տեղից նրա դեմքին լույս ընկավ: Եթե հիմա տեսնեմ՝ նրա դեմքը կհիշեմ: Երկրորդին էլ հիշում եմ, որ մի փոքր ավելի բոյով էր, երրորդին ընդհանրապես չեմ տեսել»,- ասում է լրագրողը: Է. Բաղդասարյանը դեռ մի քանի օր կապաքինվի հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է «ուղեղի ցնցում»: Վերակենդանացման բաժանմունքից նա արդեն տեղափոխվել է պալատ:

Երեկ լրագրողին է այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս համոզվածություն է հայտնել, որ կարճ ժամկետում մեղավորները կբացահայտվեն: Նա իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ կարեւորելով հասարակության մեջ միմյանց նկատմամբ հանդուրժողականության, փոխադարձ հարգալից վերաբերմունքի համար համապատասխան միջավայրի ձեւավորումը: Էդիկ Բաղդասարյանի հետ կատարվածը երեկ դատապարտել են մի շարք կուսակցություններ եւ կազմակերպություններ, իսկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը երեկ տեղեկացրել է, որ դեպքի առիթով Կենտրոնի քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 113 հոդվածով (ծեծ), կատարվում է հետաքննություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջադեպը բացահայտելու պահանջով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել