Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են սոցիալիստական հեղափոխության

Նոյեմբեր 19,2008 00:00

Իսկ սոցիալիզմը համեմատում են քրիստոնեության հետ

«Բոլոր քաղաքական շարժումները, որոնք մենք ունեցել ենք 20 տարի, գործել են ընդդեմ գոյություն ունեցող իրականության եւ իշխանությունների: «Հանուն» գաղափարը, որը պիտի միտված լիներ մեր ապագային, մնացել է երկրորդ պլանում: Ո՞րն է այն «հանուն» գաղափարը, որը պիտի դրվի մեր գոյության հիմքում եւ միտված լինի ապագային. այդ հարցի մշակմամբ էլ այժմ զբաղվում է Սոցիալիստական ուժերի միությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ Արա Նեդոլյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ հետխորհրդային տարիների ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերը այդպես էլ չեն կարողացել գտնել ազգային հիմքը, արժեքային համակարգը, որը միավորում է մարդկանց այս երկրում: Ուստի, Սոցիալիստական ուժերի միությունը որոշել է ակտիվացնել իր գործունեությունը եւ համագործակցության նոր փուլ սկսել հայաստանյան «ձախ» եւ բոլոր այն ուժերի հետ, որոնք նույնպես կարծում են, որ ժամանակն է անել այն, ինչը չի արվել 20 տարի: «Այժմ սոցիալիստական հեղափոխության գաղափարական նախապատրաստման փուլ է: Բնավ էլ պարտադիր չէ, որ մեզ հետ համագործակցող ուժերը սոցիալիստական անվանումը կրեն: Կարեւոր է, որ 20 տարի արմատացած կարծրատիպն այսուհետ համարվի անցանկալի եւ անընդունելի, ու մշակվի Հայաստանի ժողովրդի ցանկություններից, պատկերացումներից ելնող ապագա»,- ասում է Արա Նեդոլյանը: Հղում անելով Աշոտ Մանուչարյանին՝ մեր զրուցակիցն ասում է, որ 1700 տարի անց հայերն ի վերջո պետք է ընդունեն քրիստոնեությունը. «Մարդը պիտի գործի ոչ թե իր, այլ այլոց համար: Դա գիտակցվում է հայ ժողովրդի կողմից՝ պատերազմների, սարդարապատների, մարտի 1-ի եւ համանման իրավիճակների ժամանակ: Մինչդեռ դա պիտի մեր առօրյան դառնա»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դերակատարում է ունենալու այս նոր նախաձեռնությունում Սոցուժերի միության քարտուղար Աշոտ Մանուչարյանը. «Նա այսօր այս ոլորտում առաջատար մտածողը եւ ձեւակերպողն է, բայց նա ցանկանում է էստաֆետը փոխանցել երիտասարդներին: Նրա համոզմունքն է, որ նոր, երիտասարդ դերակատարներ պիտի գան ասպարեզ»:

Մեր զրուցակցի մատուցմամբ, վերոնշյալ գաղափարներին հասնելու համար Սոցիալիստական ուժերի միությունում նույնիսկ ծրագրեր են մշակվում. «Մենք համարում ենք, որ երկիրը պետք է կառավարվի եռաշերտ սահմանադրական ժողովի կողմից: ԱԺ-ն իրավական իշխանությունն է, բայց մենք չունենք քաղաքական իշխանություն՝ երկրի քաղաքականությունը ձեւակերպող ատյան, ինչպես նաեւ հոգեւոր՝ գիտափիլիսոփայական, որը արժեքներ եւ սկզբունքներ է ձեւակերպում»: Միությունում գտնում են, որ այն 15 չափանիշները, որոնք Սոցուժերի միության ներկայացուցիչների կարծիքով անհրաժեշտ են մարդուն լիարժեք եւ լիիրավ կյանք ապահովելու համար, պետք է փոխհամաձայնեցվեն հայաստանյան քաղաքական ուժերի, նույնիսկ իշխանությունների հետ, որպեսզի հստակ երեւա, թե ինչով է տվյալ իշխանությունը լավ կամ վատ, ինչքանով է ձգտում այդ չափանիշների կատարմանը: Դրանք են՝ «համատարած զբաղվածություն, համատարած սոցիալական ապահովություն, էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն եւ ռազմական անվտանգության ապահովում, այնպիսի արտաքին քաղաքականության ձեւավորում, որը մեզ թույլ կտա հատկապես հարեւան ազգերի հետ հարաբերվել առանց վախի եւ ատելության եւ այլն: Հարկավոր է ստեղծել «Միացյալ Կովկասի» նման համակարգեր, որոնցում համագործակցությունը հաղթահարում է ե՛ւ վախը, ե՛ւ կոնֆլիկտները: Դա պետք է իրագործել նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում»: Ռազմական անվտանգության լիարժեք ապահովման համար, մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանում պրոֆեսիոնալ բանակին զուգահեռ նաեւ աշխարհազորայիններ են պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել