Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ «1/3» ՉԻ՞ «ՀԱՍՆՈՒՄ»

Նոյեմբեր 19,2008 00:00

\"\"Համենայնդեպս, այս պահի դրությամբ հետընտրական գործընթացների եւ «Մարտի 1»-ի գործով որեւէ «քաղկալանավոր» պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվել:

ՀՀ գործող օրենսդրության համաձայն, դատապարտյալները, որոնք իրենց պատիժն արդեն կրել են 1/3-ի չափով, նախկինում դատապարտված չեն եղել եւ կալանավայրում իրենց «հաշվեկշռում» «չեպե»-ներ չեն ունեցել, կարող են ակնկալել, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննարկման առարկա կդառնա «Միջգերատեսչական հանձնաժողովում»: Նման նախաձեռնությամբ, ի դեպ, կարող են հանդես գալ նաեւ իրենք՝ դատապարտյալները, թեեւ անկախ վերջիններիս գրավոր դիմումից, դա, գործող օրենքով, ամեն ամիս պարտավոր է անել այն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, որտեղ պահվում է կալանավորը:

Այսուհանդերձ, այսօր դեռեւս ՀՀ քրեակատարողական տարբեր հիմնարկներում՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սեւան», իրենց պատիժն են կրում ՀՀ նախագահական ընտրությունների, հետընտրական գործընթացների փուլում եւ «Մարտի 1»-ի իրադարձություններից հետո կալանավորված եւ դատապարտված անձինք, որոնց նկատմամբ մեկից մինչեւ երկու տարվա ազատազրկման դատավճիռներ են կայացվել, եւ որոնք իրենց պատիժը 1/3-ի չափով արդեն իսկ կրել են: Սակայն չկա որեւէ փաստ, երբ քաղկալանավորներից որեւէ մեկը «1/3»-ով ազատ արձակված լինի: Խոսքը այս դեպքում միայն քաղկալանավորներ «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կամ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանի մասին չէ: Այս պահի դրությամբ քաղկալանավորներից առնվազն եւս 10-ը արդեն կրել են իրենց համար սահմանված պատժաչափի 1/3 մասը: Խոսքը, մասնավորապես, հունվարի 29-ին Թալինում կալանավորված Հայկ Գեւորգյանի մասին է, որը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման եւ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նույն օրը, դարձյալ Թալինում, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ կալանավորված եւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Սափեյանի մասին է: Ի դեպ, նրա առողջական վիճակը ծանր է, եւ հիմա նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում:

«Մասիս» ջոկատի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը, որը 16 օրինական փամփուշտ պահելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման եւ պահվում է «Վարդաշենում», ձերբակալվել է փետրվարի 26-ին:

Նույնը կարելի է ասել «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի մասին: Հիշեցնենք, որ նա պահվում է «Վարդաշենում» եւ 30, իբր, անօրինական փամփուշտ պահելու համար դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման: Նրան ձերբակալել են փետրվարի 26-ին: Այս շարքը կարելի է շարունակել. Նոյեմբերյանից 70-ամյա Յուրա Մամյան՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոյեմբերյանի նախընտրական շտաբի պետ, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, պահվում է «Նուբարաշենում»՝ «ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար, ձերբակալվել է փետրվարի 26-ին, նույն մեղադրանքով 1 տարվա ազատազրկման դատապարտված Սոս Գեւորգյան, որը պահվում է «Սեւան» ՔԿՀ-ում: Նույն ՔԿՀ-ում է պահվում նաեւ մարտի 5-ին ձերբակալված եւ դարձյալ «ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար 2 տարվա ազատազրկման դատապարտված Ավետիք Ղռեջյանը:

Նուբարաշենում են պահվում նաեւ նույն հոդվածով 2 տարվա ազատազրկման դատապարտված Տաթեւ Գասպարյանը, «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Պարունակյանն ու, ի վերջո, մարտի 2-ին ձերբակալված եւ «զանգվածային անկարգություններ» հոդվածով 1 տարվա ազատազրկման դատապարտված Գրիգոր Աղամալյանը:

«Առավոտի» տեղեկություններով, նրանց մի մասը գիտակցաբար, հասկանալով, որ իրենք անազատության մեջ են միայն քաղաքական շարժառիթներով եւ միայն իշխանությունների քաղաքական որոշմամբ էլ կարող են ազատ արձակվել, ոչ միայն իրենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումներ չեն ներկայացնում, այլեւ ՔԿՀ-ի ղեկավարներին իզուր «վատություն» չանելու համար սեփական նախաձեռնությամբ գրավոր դիմում են վերջիններիս՝ «իրենց հարցը» «Միջգերատեսչական հանձնաժողովի» քննության չհանձնելու: Կան կոնկրետ դեպքեր, երբ քաղկալանավորներին քրեակատարողական հիմնարկի ղեկավարը ուղղակի մտերմաբար հորդորել է «չցցվել», որովհետեւ այդ կոնկրետ կալանավորը «Մարտի 1»-ի գործով է նստած ու նրան «վաղաժամկետ ազատվել չի հասնում»:

Ի դեպ, մեր մի քանի զրուցակից եւ անազատության մեջ գտնվող քաղկալանավորները հայտարարում են, որ իրենք պատրաստ են «նստել կալենդարնիով», բայց այդ պատրաստակամությունը ամենեւին էլ չի նշանակում, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը պիտի շրջանցի օրենքը կամ հորդորի կալանավորին մի դիմում գրել, որ ինքն ուզում է էլի «նստել» եւ այս ամիս էլ իր գործը «Միջգերատեսչական հանձնաժողովում» չքննարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել