Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

Նոյեմբեր 19,2008 00:00

Վստահեցնում է հանրապետական պատգամավորը

«Մենք պետք է մեծացնենք քաղաքական կուսակցությունների, քաղաքական ինստիտուտների դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Եվ որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում` ես պատրաստվում եմ առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին»,- հոկտեմբերի 2-ին նախագահական ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ օրերս Ղարաբաղում խոսել էր այն մասին, որ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ստեղծված «մեկ բաժակ ջրում փոթորիկը» հանդարտեցնելու նպատակով որոշել է զրույցի հրավիրել քաղաքական ուժերի ղեկավարներին, լսելու, թե ինչն է նրանց անհանգստացնում: ՀՀ-ում գրանցված բոլոր քաղաքական ուժերն արդեն ստացել են նախագահականի հրավերը, եւ վաղը տեղի կունենա Սերժ Սարգսյան-քաղաքական ուժերի նախագահներ հանդիպումը: Սակայն, մեր տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերը չեն մասնակցելու այդ հանդիպմանը, նրանց պահանջն այսօր մեկն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետո խոսել ցանկացած թեմայով: Կարծես միայն ՀԺԿ նախագահը, կարեւորելով Ղարաբաղի հարցը, մտադիր է ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը: Ի տարբերություն ընդդիմադիրների, իշխանության մաս կազմած ուժերը ոգեւորված են այս հրավերով եւ կարծում են, որ սա լավ առիթ է քաղաքական դաշտի համերաշխ գործունեությունն ապահովելու համար: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին հարցրինք, թե կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումները ի՞նչ են տալու, եւ եթե տեսականորեն ընդունենք, որ կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված ունի տարբեր մոտեցում, քան ունի երկրի նախագահը, ուրեմն՝ ի՞նչ է լինելու, նախագահը անսալո՞ւ է կուսակցությունների ձայնին, թե՞ իրենն է առաջ տանելու: Պատգամավորի կարծիքով՝ ԼՂ խնդիրը երբեք չի կարելի օգտագործել ներքաղաքական նպատակներով. «Պետք է մաքսիմալ նրբանկատ լինել: Նախագահ Սարգսյանի կողմից տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումը գնահատում եմ դրական, քանի որ, ցավոք, մեր երկրում մինչ այս պահը դեռ չի ձեւավորվել լրջագույն ազգային հիմնախնդիրները քաղաքական ուժերի հետ քննարկելու ավանդույթ»: Պատգամավորը նաեւ ասաց, որ խնդիրը պետք է քննարկվի առաջին հերթին ժողովրդի հետ. «Որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ պետք է դիմել հանրաքվեի: Ես պարզունակ եմ համարում այն գնահատականները, որ հանրապետության առաջին, երկրորդ, ներկա եւ ապագա նախագահները կարող են «վաճառել» Ղարաբաղը եւ կան «փրկիչներ», որոնք դա թույլ չեն տա»:

Մեր հարցը կրկնեցինք նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում: Տիկին Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ այն, ինչ ներկայացնելու է ՀՀ նախագահը, ընդունելի է լինելու քաղաքական ուժերի մեծամասնության համար. «Այն միտումը, որն այսօր առկա է, ինձ հիմք է տալիս պնդելու, որ նախագահի ներկայացրած մոտեցումներն արժանանալու են քաղաքական ուժերի հավանությանը, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն ասել է, որ ԼՂ հարցի հետ կապված ցանկացած պայմանավորվածություն անպայմանորեն, թե Հայաստանում եւ թե Ղարաբաղում, դրվելու է համաժողովրդական լայն քննարկման, այսինքն՝ չի ստորագրվելու որեւէ փաստաթուղթ, որը իր թիկունքում չի ունենալու ԼՂՀ եւ ՀՀ ժողովուրդների աջակցությունը»: Ի պատասխան մեր հարցի՝ իսկ եթե քաղաքական որոշ ուժեր չընդունե՞ն նախագահի հրավերը, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ անլուրջ կլինի հրավերը չընդունելը, որովհետեւ բոլորը շարունակ խոսում են ԼՂ հարցի կարեւորության մասին, դա այսօր սարքել են իրենց քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, եւ եթե չընդունեն այդ հրավերը, ուղղակի անլրջություն կդրսեւորեն»:

ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը մեր հարցը որակեց «հիպոթետիկ»՝ նկատի ունենալով, որ նախ պետք է սպասել, թե որ քաղաքական ուժերը կընդունեն նախագահի հրավերը եւ որոնք կորոշեն չմասնակցել այդ հանդիպմանը. «Շատ ավելի կարեւոր է, որ ոչ այնքան քաղաքական ուժերը իրենց մեծամասնությամբ ընդունեն նախագահի տեսակետները (որովհետեւ ձեւավորված իշխանության մաս կազմող ուժերը հիմնականում ընդունում են այդ տեսակետները, եւ սա է սահմանադրական եւ քաղաքական հիմքը նախագահի համար՝ ԼՂ հարցում հայկական կողմի շահերը ներկայացնելիս), որքան այն, որ այդ տեսակետները ընդունի հասարակությունը: Ես վստահ եմ, որ հասարակական ընկալման խնդիրը նախագահի վարած նախաձեռնողական քաղաքականության հանդեպ դրականորեն լուծված է, եւ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը իրականում համոզված է, որ ԼՂ հարցը կարելի է վստահել Ս. Սարգսյանին՝ ոչ միայն իրավական հիմքով, որպես ՀՀ նախագահ, այլեւ՝ բարոյական հիմքով, որպես հայ մարդ»:

Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով՝ նախատեսված հանդիպումը կայանալու է մարզահամերգային համալիրում;

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել