Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 18,2008 00:00

Գերեզման է պղծվել

Վրաստանի հետ համագործակ ցության հայկական կենտրոնից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը արդեն 13 տարի նշում է Հանդուրժողականության միջազգային օրը, Վրաստանի հայկական համայնքը եւս մեկ անգամ բախվել է դաժան իրականության հետ»: Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է վանդալիզմի հերթական դրսեւորման մասին. պղծվել են Թբիլիսիի մեկենասների ընտանիքի ներկայացուցիչների՝ Միխայիլ եւ Լիդիա Թամամշեւների (Թամամշյաններ) գերեզմանները: Նշենք, որ վերջիններս դեռ 100 տարի առաջ թաղված են եղել Նորաշենի եկեղեցու հարեւանությամբ: Ըստ նույն աղբյուրի, ինչպես նախորդ դեպքերում, «միջոցառումը» գլխավորել է վրաց հոգեւորական հայր Տարիել Սիկինչելաշվիլին, որը էքսկավատորի օգնությամբ իբր ավելորդ քարերն է տեղահանել՝ հայկական եկեղեցու տարածքը մաքրելու համար:

Ե. Հ.

Դաբաղյանի «Վերադարձը»

«Ես վերադարձել եմ,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց երիտասարդ ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու շարունակեց,- վերադարձել եմ հյուրախաղերից, արդյունքն էլ կերեւա նոյեմբերի 30-ին DVD տարբերակի տեսքով, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Վերադարձ»: Վերջին մի քանի ամիսներին սփյուռքահայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Գուրգենի կատարումները: «Անցյալ տարվա երեւանյան մենահամերգից հետո հրավերներ ունեցա աշխարհի տարբեր երկրներից: Ամենուր ինձ ուղեկցում էր նվագախումբը՝ կոմպոզիտոր եւ թառահար Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ: Նոյեմբերի 4-ին էլ մենահամերգով հանդես եկա Գյումրիում»,- նշեց նա: Ըստ Գ. Դաբաղյանի, ռուսաստանյան հեռավոր քաղաքները հայաշատ են եւ արվեստասեր. «Արձագանքն ուղղակի աննկարագրելի էր: Տեղի հայերը կարոտով էին ունկնդրում: Երեւանյան հանդիսատեսը մի փոքր կամակոր է եւ խիստ: Այստեղ ավելի շատ գնահատում են երգը, կատարողականությունը: Իսկ դրսի հայերը փորձում են իրենց կարոտն առնել: DVD սկավառակի շնորհանդեսից հետո էլ կսկսեմ այցելություններս՝ մարզեր: Նախատեսվում են հայաստանյան հեռավոր գյուղերում մենահամերգներ»:

Փառատոնը՝ մարզերում

Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը օրերս հյուրընկալվել էր Դիլիջանում եւ Ալավերդիում: «Առավոտի» հետ զրույցում «Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը հայտնեց, որ փառատոնը երկու ուղղությունով է աշխատում՝ հոկտեմբերի 16-20-ին Երեւանում կայացան փառատոնի բացումը, հյուրերի ընդունումը, մրցանակաբաշխությունն ու փակումը, մյուս ուղղությունը վերաբերում է մարզեր այցելություններին. «Մեր փառատոնը նպատակ ունի ֆիլմերը տարածել ողջ Հայաստանով, մարզերում բնակվող երեխաներին նույնպես ինտեգրել այդ միջոցառումներին, հյուրերի համար հանդիպումներ կազմակերպել մարզերում բնակվող արվեստասեր հասարակության հետ»: Դիլիջանում փառատոնի ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աշակերտների հետ: Տեղի ունեցավ փառատոնի մասնակից ֆիլմերի եւ մուլտֆիլմերի ցուցադրություն այդ դպրոցներում: Թիվ 1 դպրոցի տնօրեն Արա Արոյանը դժգոհեց, որ իրենց քաղաքում գործող 3 կինոթատրոնից ոչ մեկը չի գործում:

Փառատոնի հաջորդ «կանգառը» Լոռվա մարզի Ալավերդի քաղաքն էր: Ինչպես տեղեկացանք Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանից, քաղաքում կինոթատրոն չկա. «Այստեղ մշակութային կյանքը եռում է, բայց ոչ այնպես, ինչպես երկրաշարժից առաջ էր: Թատրոն ունեինք, ժողգործիքների համույթ, համերգասրահներ, երեք կինոդահլիճ: Երկրաշարժից հետո շենքերը քանդվեցին, պահպանվածներն էլ վաճառվեցին: Մշակութային կյանքը նույնպես սառեց: 90-ականներից այսկողմ մի կերպ գոյատեւում էինք: Ալավերդու հասարակությունը նախկինում ակտիվ էր, նախաձեռնող: Ժողգործիքների անսամբլում մի տղա ունեինք, վերցնում էր զուռնան, կանգնում քաղաքի կենտրոնում եւ սկսում նվագել, ժողովուրդն էլ հավաքվում էր նրա շուրջը ու ստացվում էր կենդանի համերգ՝ բաց երկնքի տակ»:

Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել