Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 18,2008 00:00

Երկու «ոսկի», մեկ «արծաթ» եւ թիմային «բրոնզ»

\"\"Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների 37-րդ առաջնությունից, որ անցկացվեց Լիվերպուլում, Հայաստանի ազգային հավաքականը տուն վերադարձավ երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով:

Իրենց քաշային կարգում Եվրոպայի թիվ մեկ բռնցքամարտիկի կոչումը նվաճեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ), որը վճռորոշ մենամարտում համառ պայքարում 7:6 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ժոզե Կելվին դե լա Նիեվե Լինարեսին եւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը: Նրա եւ Հունգարիայի ներկայացուցիչ Գուիլա Կատեի միջեւ եզրափակիչ մենամարտը դադարեցվեց հենց առաջին ռաունդում՝ մրցակցի ստացած հոնքի վնասվածքի պատճառով: Իսկ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Ցոլակ Անանիկյանը եզրափակիչում միավորների 2:9 տարբերությամբ զիջեց ռուսաստանցի Եգոր Մախովցեւին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած մեր ազգային հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն հաղթող դարձած Ուկրաինայի (4 «ոսկի» եւ 1 «բրոնզ») եւ Ռուսաստանի (2 «ոսկի» եւ 3 «արծաթ») թիմերին:

Եվս երկու հայ բռնցքամարտիկներ նվաճեցին արծաթե մեդալ, սակայն ուրիշ երկրների հավաքականների կազմում: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող 57 կգ քաշային Արայիկ Համբարձումովը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, հասավ մինչեւ եզրափակիչ եւ միայն այնտեղ տանուլ տվեց Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն ուկրաինացի Վասիլ Լոմաչենկոյին, որը ճանաչվեց նաեւ որպես լավագույն բռնցքամարտիկ: Բելառուսի հավաքականի անդամ, Եվրոպայի 2006 թվականի չեմպիոն Վազգեն Սաֆարյանցը (60 կգ) նույնպես վերջին օրը պարտվեց ռուսաստանցի Լեոնիդ Կոստիլյովին:Երկու հայ բռնցքամարտիկներն էլ արժանացան արծաթե մեդալի:

Հայաստանի դրոշը շքերթին չի եղել

Դրեզդենում շախմատի համաշխարհային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, երբ ընթացել է ՖԻԴԵ-ի անդամ երկրների ազգային դրոշների շքերթը, բացակայել է հայոց Եռագույնը: Զարմանալին այն է, որ կազմակերպիչները չեն հիշել 2006 թվականին Թուրինի շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ առայժմ գործող չեմպիոն երկրին: Այդ առիթով երեկ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը մեզ տեղեկացրեց, որ Դրեզդենում գտնվող Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչները տեղի ունեցածի համար նույն օրը պաշտոնապես իրենց վրդովմունքն են հայտնել կազմակերպիչներին:

Տղաներն առաջատարների շարքում են

Դրեզդենում շարունակվում են շախմատի տղամարդկանց 38-րդ եւ կանանց 23-րդ համաշխարհային օլիմպիադաները:

Երեկ 5-րդ տուրում մեր տղաների հավաքականն ուժերը չափելու էր Հոլանդիայի, իսկ աղջիկներինը՝ Ֆրանսիայի հավաքականների հետ:

Նախորդ օրը կայացած 4-րդ տուրում տղամարդկանց պայքարում Ուկրաինա-Հայաստան դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 (Վասիլի Իվանչուկ-Լեւոն Արոնյան, Սերգեյ Կարյակին-Վլադիմիր Հակոբյան, Սախար Եֆիմենկո-Գաբրիել Սարգսյան, Անդրեյ Վոլոկիտին-Տիգրան Լ. Պետրոսյան պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ), իսկ մեր աղջիկները կրեցին առաջին պարտությունը՝ 0,5:3,5 հաշվով զիջելով չինուհիներին (Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը իրենց պարտիաները տանուլ տվեցին եւ միայն Լիլիթ Մկրտչյանը մեր թիմին կես միավոր պարգեւեց):

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակները գլխավորում էին հետեւյալ հավաքականները:

Տղամարդիկ (146 թիմ)

1. Գերմանիա-1՝ 8,0 թիմային միավոր,

2. Ռուսաստան՝ 8,0,

3. Հայաստան՝ 7,0:

Կանայք (112 թիմ)

1. Չինաստան՝ 8,0 թիմային միավոր,

2. Լեհաստան՝ 8,0

3. Ռուսաստան՝ 7,0,

16. Հայաստան՝ 6,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել