Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻ ԱՆԴՈՐՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ…

Նոյեմբեր 18,2008 00:00

\"\"Արտաշես Գեղամյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Բաց նախագիծ» հաղորդաշարի հեղինակ Ռուզան Խաչատրյանի հետ (կրճատումներով), 14 նոյեմբերի 2008թ.

Երանի նորանց՝ որ արդարության համար հալածված են, որ նորանցն է երկնքի արքայությունը:

Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ Ե, 10

ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Բաց նախագիծ» հաղորդաշարն այսօր հյուրընկալել է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանին: Պարոն Գեղամյան, այսօր Երեւան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն հանդիպել են արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, ծրագրված է հանդիպել երկրի նախագահի հետ, այնուհետեւ մեկնելու են Ստեփանակերտ: Ուզում եմ Ձեզ հարցնել՝ դիվանագիտական այս արշավի արագացման արդյունքը ի՞նչ է լինելու՝ խաղաղության վերջնական հաստատո՞ւմ, պայմանագի՞ր, պատերա՞զմ, թե՞ մի այլ բան:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ- Նախ՝ շնորհակալություն հրավերի համար, Ձեր դիտարկումը միանգամայն տեղին է եւ ճիշտ: Վերջին ժամանակաշրջանում, հատկապես վրաց-օսական 5-օրյա պատերազմից հետո, դիվանագիտական առանձնահատուկ աշխուժություն է տիրում մեր տարածաշրջանում եւ, թերեւս, դա ունի իր խոր արմատները: Մասնավորապես, հիշենք այն հռչակագիրը, որը ստորագրվեց նոյեմբերի 2-ին երեք երկրների նախագահների՝ Ռուսաստանի՝ Դմիտրի Մեդվեդեւի, Ադրբեջանի՝ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի՝ Սերժ Սարգսյանի կողմից: Մայենդորֆյան հռչակագիրը որակական նոր մակարդակի վրա բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման խնդիրը: Նշեմ նաեւ, որ դեռ փոքր-ինչ ավելի վաղ, եթե հիշում եք, Թուրքիայի նախագահը եւ վարչապետը՝ Աբդուլա Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկան Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմով, որը ենթադրում է Թուրքիայի դերակատարության շեշտակի ակտիվացում մեր տարածաշրջանում: Արդյոք դիվանագիտական այս արագընթաց գործերը կհանգեցնե՞ն հանգուցալուծման, թե՞ ոչ…

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Կամ ինչպիսի՞ հանգուցալուծման:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Կամ ինչպիսի՞ հանգուցալուծում կլինի: Այդ հարցին պատասխանելու համար հասկանանք, թե ի՞նչ է կատարվում մեր տարածաշրջանում ու աշխարհում, ինչպիսի՞ զարգացումներ են ընթանում: Աշխարհը հայտնվել է ֆինանսական եւ տնտեսական խորը ճգնաժամի մեջ, արդեն իսկ միայն ծույլերը չեն արձանագրում, որ դա տեւական բնույթ է կրելու, եւ համաշխարհային էկոնոմիկայի առաջատարներին, ինչպիսիք են, նախեւառաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, արեւմտաեվրոպական երկրներին, Ճապոնիային, ինչու չէ, նաեւ Ռուսաստանին, այդ բոլոր երկրներին սպասվում են դժվար օրեր: Հատկապես բարդ է իրավիճակը Միացյալ Նահանգներում, որովհետեւ այդ երկրի ներքին ու արտաքին պարտքը կազմում է ոչ ավել, ոչ պակաս՝ քան շուրջ 100 տրիլիոն դոլար, մինչդեռ համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով կազմում է 14-15 տրիլիոն դոլար: [ԱՄՆ-ի տրաստային ֆոնդերի պարտավորությունները կազմում են 53 տրիլիոն դոլար, յուրաքանչյուր տնային տնտեսության արտաքին պարտքը կազմում է 400.000 դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի 135%-ը՝ շուրջ 17 տրիլիոն դոլար (տե՛ս Պիտեր Պիտերսոնի՝ Ռ. Նիքսոնի նախագահության օրոք ԱՄՆ առեւտրի նախարարի հոդվածը «կՐՏՒՌսՖ» ժուռնալում՝ 28.VII.2008, N29), ԱՄՆ ֆեդերալ պարտքերը գերազանցում են 11 տրիլիոն դոլարը, ֆոնդային արժեթղթերի գծով՝ 16.4 տրիլիոն դոլարը, հիպոթեքային պարտքերը՝ 6 տրիլիոն դոլարը]: Այս ամենից դուրս գալու համար ընդամենը երկու եղանակ կա. մի եղանակն այն է, որ հարկ է ամեն գնով փորձել խթանել էկոնոմիկան՝ պայմաններ ստեղծելով հնարավորինս արագ մարել կուտակված պարտքերը, երկրորդ եղանակը՝ անընդմեջ դեւալվացիայի ենթարկել ամերիկյան դոլարը՝ այդ բեռը բաժանել աշխարհի բոլոր երկրների վրա (հարկ է նշել, որ կուտակված պարտքերը ենթակա են ԱՄՆ դոլարով մարման): Ստեղծված իրավիճակում էլ տնտեսությունը խթանելու ամենադյուրին ճանապարհը, ավա՜ղ, պատերազմական գործողությունների ծավալումն է: Ուրիշ ճանապարհ, կարծում եմ, չկա: Եթե մենք ուշադիր հետադարձ հայացք գցենք Մեծ դեպրեսիայի տարիներին, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, ապա կտեսնենք, որ դեպրեսիայի հաղթահարումը վերջնականապես պայմանավորվեց երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբով եւ ավարտով: Ամերիկյան տնտեսությունը վերակենդանացավ այն աստիճանի, որ 1944 թ., դեռ պատերազմը չավարտված, Ամերիկայի Միացյալ Նահանգները Նյու Հեմբշիրի Բրետտոն Վուդ քաղաքում գումարեց աշխարհիս հզորների ֆինանսական համաժողով, որտեղ ԱՄՆ դոլարը ոսկու հետ զուգահեռ ճանաչվեց համաշխարհային տարադրամ եւ այդտեղից էլ սկսվեց ամերիկյան գերիշխանությունը, որը շարունակվում էր մինչ օրս: Ուստիեւ, ճանապարհը մեկն է՝ կամ կարողանալ ԱՄՆ դոլարային պարտքերը բարդել բոլոր երկրների վրա, կամ խթանել սեփական տնտեսությունը: Սեփական տնտեսությունը խթանելու ճանապարհներից մեկն էլ այն է, ինչի ականատեսն ենք մենք այսօր, երբ Ամերիկան փորձում է, այնուամենայնիվ, իր գերիշխանությունը տարածել բնական ռեսուրսներով հարուստ տարածաշրջաններում, իսկ քայքայված ֆինանսների պայմաններում գերիշխանությունը կտարածվի այն ժամանակ, երբ ռազմական ուժը ներխուժի տվյալ տարածաշրջաններ: Իսկ այդ ուժը կարող է հիմնավորված ներխուժել, եթե ապակայունանա իրավիճակը այդ տարածաշրջաններում, մասնավորապես՝ նաեւ Հարավային Կովկասում: Վրաց-հարավօսական պատերազմի ժամանակ, ասես թե, ռուս ստրատեգները՝ ռազմագետները, շատ ճիշտ հաշվարկեցին եւ կարողացան ճշգրիտ, արագ գործողություններով կանխել վերը նշված հնարավոր զարգացումները:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Պարոն Գեղամյան, ընդհատեմ Ձեզ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Ավարտեմ միտքս: Հիմա ինչպիսի՞ շարունակություն կարելի է ակնկալել մեր տարածաշրջանում, ի՞նչ միջոցներ կարող են գործի դրվել: Միջամտելու երկու հանգամանք ունեն, ըստ որում՝ ոչ միայն ամերիկացիները, այլեւ Եվրամիությունը ու Ռուսաստանի Դաշնությունը. մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատրվակով, եւ երկրորդը՝ Իրանի շուրջ ծավալվող զարգացումներով: Բարեբախտաբար, ԱՄՆ-ում իշխանության եկավ Բարակ Խուսեյնովիչ Օբաման, որը, թվում է, թե փոփոխությունների կողմնակից է եւ Ամերիկայի դերակատարության որակական փոփոխության ջատագով: Ահա այսպիսին են մեր տարածաշրջանում առկա բարդությունների հիմքերը:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Պարոն Գեղամյան, Դուք խոսեցիք Ամերիկայի մասին, բայց հենց նույն ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում տված հարցազրույցում նույնիսկ հույս է հայտնել, ես բառացիորեն մեջբերեմ, եթե թարգմանությունը ճիշտ է, որ նա զգում է, որ հաջորդ տարվա ընթացքում կարող է լուծվել Ղարաբաղի հարցը: Նա այնքան էլ հոռետես չէ:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Երբեք ու երբեք պետք չէ գերագնահատել ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ասածները: Նա իրարամերժ հայտարարություններ անելու մեծ վարպետ է, որը դիվանագիտության մեջ հայտնի հնարք է: Այն է՝ շոշափել, թե ինչպիսին կլինի հասարակական կարծիքը այս կամ այն հայտարարության դեպքում, լինի դա ոչ հայանպաստ, ոչ ադրբեջանանպաստ…

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Լավ, Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է, ե՞րբ կլուծվի հարցը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Հարցը մոտ ժամանակներում ենթակա չէ լուծման:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Նույնիսկ հաջո՞րդ տարում…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Իհարկե, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պայմանավորված է, դժբախտաբար, թե բարեբախտաբար (ժամանակը ցույց կտա), թե ինչ պայմանավորվածությունների կգան Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչու չէ, նաեւ Եվրամիությունը՝ կապված տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Մասնավորապես, նկատի ունեմ, որ Բարակ Օբաման արդեն իսկ քանիցս հայտարարել է՝ 16 ամսվա ընթացքում ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Իրաքից: Իսկ դա նշանակում է, որ Իրաքում կմեծանա քրդական գործոնը, քանի որ ամենակազմակերպված, պետականության տարրեր կրող եզակի տարածքը այսօրվա Իրաքում դա Հյուսիսային Իրաքն է, որը բնակեցված է բացառապես քրդերով: Քրդական գործոնի բարձրացման պայմաններում Թուրքիան, անշուշտ, գիտակցում է, որ դա կարող է արթնացնել արդեն իր երկրի հյուսիսարեւելյան շրջաններում բնակվող քրդերին: Քրդեր, որոնք ապրում են Հայաստանի սահմանամերձ տարածքներում՝ մեր պատմական հողերում, լինի դա Էրզրումը, լինի դա Ղարսը, լինի դա Վանը, լինի դա Դիարբեքիրը: Կրկնեմ, որ ազգաբնակչությունը այնտեղ հիմնականում, ոչ թե հիմնականում, այլ ճնշող մեծամասնությամբ քրդեր են: Գիտակցելով, որ առկա «սեպարատիստական» շարժումը կարող է հանգեցնել տարածաշրջանում քրդական մեծ պետության կազմավորմանը, Թուրքիան վերջերս դրսեւորեց դիվանագիտական աննախադեպ ակտիվություն: Նպատակը՝ կանխել նման զարգացումները եւ դրա համար էլ ցանկացավ գոնե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելով՝ սահմանը բացել, հյուսիսարեւելյան Թուրքիայում բնակվող քրդերի էկոնոմիկական կյանքը աշխուժացնլ, մեղմել սոցիալական լարվածությունը այդ տարածաշրջանում: Նշենք, որ Թուրքիան փորձում է իրեն դաշնակից դարձնել նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, որը, անշուշտ, շահագրգռված չէ, որպեսզի իր հարավում, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններում լարված իրավիճակ ստեղծվի: Ահա այս ամենի մեջ պետք է տեսնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հնարավոր ճանապարհները: Եվ դա միայն եւ միայն հնարավոր է Ռուսաստան-ԱՄՆ-Եվրամիություն պայմանավորվածությունների շրջանակում, ինչու չէ, նաեւ տեսակետ կա՝ մասամբ ներգրավելով Թուրքիային: Ինքնին հասկանալի է, որ դուրս գալով Իրաքից, Միացյալ Նահանգները միաժամանակ կգիտակցի, որ Թուրքիայի դերակատարությունն այստեղ՝ տարածաշրջանում պետք է մեծանա: Դա հնարավորություն կտա Թուրքիայի սահմանից վերահսկել Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող զարգացումները:

Խնդրո առարկայի շուրջ նշեմ նաեւ. Ռուսաստան-Թուրքիա մերձեցման պարագայում մենք արդեն ձեզ հետ միասին ականատեսը կլինենք մեր տարածաշրջանում Վրաստանի գործոնի շեշտակի անկման: Ռուսաստանը, ցամաքային կապ հաստատելով Հայաստանի միջոցով Թուրքիայի հետ, կկարողանա շրջանցել Վրաստանը: Դա հնարավորություն կտա, մասնավորապես, էներգետիկ բնագավառում լուրջ համագործակցություն ծավալել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր էներգահամակարգը մեծամասնությամբ պատկանում է Ռուսաստանին, իսկ Ատոմակայանն էլ տեւական ժամանակով տրված է ռուսական կազմակերպությունների կառավարմանը:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Պարոն Գեղամյան, ճշտենք, Դուք, կարծեք թե, ասացիք, որ ներգրավեն Թուրքիային Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ի՞նչ աստիճանի եք դա պատկերացնում:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Ես նման միտք չեմ արտահայտել, ուրիշ բան, որ օդում այդ պնդումը կա:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Այդ դեպքում ի՞նչ կարծիքի եք Թուրքիայի վարչապետ պարոն Էրդողանի հայտարարության մասին. օրերս լրագրողները նրան հարց են ուղղել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ դառնալով՝ Թուրքիան որքանո՞վ կարող է նպաստել, ասենք, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Պարոն Էրդողանը պատասխանել է, որ կարող է արագացնել այդ: Դուք այդտեղ որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Ես այդտեղ միայն դրական միտում եմ տեսնում այն կտրվածքով, որ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա բավական մեծ է, իսկ Հայաստանի վրա՝ զրոյական: Ուստի արագացումը պետք է դիտարկել միայն այն տեսանկյունից, որ Թուրքիան իր ողջ ազդեցությունը կնպատակամղի, որպեսզի Ադրբեջանը գնա զիջումների: Զիջումներ, որոնց շրջանակը հստակ է եւ այս էլ որերորդ անգամ դրանց մասին ասում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հրապարակված են հայտնի սկզբունքները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող ենք…

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Ձեզ հայտնի՞ են այդ սկզբունքները:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Այդ սկզբունքները քանիցս կրկնվել են, առաջին սկզբունքը Լեռնային Ղարաբաղի…

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Նկատի ունեք երեք սկզբունքնե՞րը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Այո:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Ինձ թվաց մադրիդյան, ներողություն: Այստեղ մի կոնկրետացնող հարց, շատ հետաքրքիր է: Պարոն Բրայզան Բաքվում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները տարածաշրջան խաղաղարարներ չպետք է ուղարկեն, այդ թվում նաեւ բախման մեջ եղած, հակամարտության մեջ գտնվող երկրների հարեւանները: Այդ դեպքում Դուք պատկերացնո՞ւմ եք, թե խաղաղարարները ո՞ր երկրից կամ ի՞նչ մանդատ պետք է ունենան:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Հարգելի Ռուզաննա, ես նախ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք այդքան լուրջ ընդունում պարոն Բրայզայի ասածները, ասես թե՝ մի սուրբ ասել է, մենք էլ ինչպես Ավետարանին ենք վերաբերվում, այդպես էլ Բրայզայի ասածների՞ն վերաբերվենք:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Դա ասել է Մինսկի խմբի համանախագահներից մեկը:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Է՜, բան է, ասել է: ծց Ռ փՑՏ Ջպ?. Ինչքան կարեւորենք պարոն Բրայզայի ասածները, ինչքան դրա շուրջ մենք սկսենք բանավիճել, միմյանց նկատմամբ հարձակողական դրսեւորումներ ունենալ, այդքանով մենք կդառնանք գերտերությունների խաղալիքները՝ լինի դա Միացյալ Նահանգները, լինի դա Ռուսաստանը, լինի դա Եվրամիությունը:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Դա տեղեկատվություն է, որի շուրջ մեկնաբանություն եմ խնդրում:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Ոչ մի տեղեկատվություն պատահական չի եթեր սփռվում: Թող բոլորիս համար մեկընդմիշտ պարզ լինի, որ լինի դա ԱՄՆ-ն, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, լինի Եվրամիությունը, նրանք բոլորն էլ հետապնդում են միայն եւ միայն սեփական երկրների շահերը: Եվ կարեւոր է, որ հանկարծ չստացվի՝ բանակցային գործընթացում մենք դառնանք իրենց խաղերում օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն, իրավաբանական սուբյեկտ: Այ, ինչքան մենք շատ քննարկենք Բրայզայի ասածները, ինչու չէ, Մերզլյակովի, Բերնառ Ֆասյեի ասածները, այնքան մենք տանուլ կտանք: Այն պահից, երբ մեր քաղաքական ընտրանին հասկանա, որ բանավեճերը պետք է գնան միայն եւ միայն մի ուղղությամբ, այն է՝ յուրաքանչյուրս ի՞նչ անենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով ամրագրված երեք հայտնի սկզբունքները կյանքի կոչենք, ահա, այդ պահից էլ մեր գործողությունները կլինեն նպաստավոր: Վերստին հիշեցնեմ այդ երեք սկզբունքները. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հաստատումը Ադրբեջանի կազմից դուրս, միջազգային ատյանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ ԼՂ Հանրապետության անվտանգության փաստի ամրագրումը եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության միջեւ ցամաքային կապի հաստատումն ու երաշխիքների ամրագրումը: Ահա, այ, սրա շուրջ է պետք բանավիճել:

Եվ եթե մի թագավորություն իր միջումը բաժանվի, այն թագավորությունը կարող չէ կենալ: Եվ եթե մի տուն իր միջումը բաժանվի, այն տունը կարող չէ կենալ:

Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ Գ, 24-25

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Պարոն Գեղամյան, ներքաղաքական իրավիճակից գուցե փոքր-ինչ խոսենք:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Սիրով:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Դուք լուծումներ ունե՞ք բեւեռացումից եւ, որակումներ չեմ ուզում տալ, այս իրավիճակից դուրս գալու համար:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Անտարակույս, ունեմ, ուրիշ բան, թե որքանով է դա ընդունելի իմ գործընկերների կողմից՝ լինի դա արմատական ընդդիմություն, լինի դա իշխանություն: Ես պատահական չէ, որ օգտագործեցի այդ բառը՝ գործընկերներ. երբ վտանգված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, արդեն չկա դիմություն, ընդդիմություն, կա արտաքին վտանգին դիմակայող խելամիտ ազգ, որը պետք է առաջնորդվի իր միակամ, միաբանված քաղաքական ընտրանիով: Իհարկե, ես տեսնում եմ լուծումներ եւ այդ լուծումների մասին եկեք մտքեր փոխանակենք: Դեռ Մոսկվայում պաշտոնական այցի ընթացքում, հայազգի գործարար եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարոն Սերժ Սարգսյանը հայտ ներկայացրեց համախմբել հայկական ողջ ներուժը՝ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Դա իր բավականին լուրջ զարգացումը գտավ ՄԱԿ-ի 63-րդ նստաշրջանի օրերին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ինչու չէ, նույնաբովանդակ խնդիրները իրենց զարգացումը գտան նաեւ վերջերս Բրյուսելում, կրկին հայ համայնքի հետ ՀՀ նախագահի հանդիպման ժամանակ:

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ- Ձեր առաջարկած լուծումները:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ- Ասում եմ իմ առաջարկները: Սերժ Սարգսյանը հիշատակածս հանդիպումներում հայտ ներկայացրեց համազգային լիդեր դառնալու համար: Համազգային լիդեր դառնալու մեծագույն առաքելությունը, ըստ իս, ազգը կոնսոլիդացնելն է: Այսօր ազգի կոնսոլիդացիայի ապահովման գործում առաջին քայլը ես տեսնում եմ նրանում, երբ մեր գործընկերները, միաժամանակ Սերժ Սարգսյանի մարտական ընկերները, որոնք այսօր քրեական համապատասխան հոդվածներով կամ դատարանի վճռին են սպասում, կամ էլ վճիռը կայացել է՝ պետք է ազատ արձակվեն: Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր անպայմանորեն պետք է վարվի այնպես, ինչպես վարվեց պարոն Ռոբերտ Քոչարյանը՝ իշխանության գալով: Հիշո՞ւմ եք, երբ Վահան Հովհաննիսյան+30, թե 31 գործով գնացող մարդկանց Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակեց՝ կիրառելով ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 74-ի՝ «իրադրության փոփոխության հետեւանքով կարճել քրեական գործը կամ դադարեցնել հետապնդումը»: Կյանքը ցույց տվեց, որ նա ճիշտ վարվեց, որովհետեւ այդ գործով գնացող Վահան Հովհաննիսյանը եւ Արմեն Ռուստամյանը հետագայում իրենց գերազանց դրսեւորեցին, մասնավորապես՝ ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովներում հայանպաստ իրենց ելույթներով: Հիմա նույնը եթե կիրառվի Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի, Աշոտ Զաքարյանի նկատմամբ, բոլորին չթվարկեմ, ես կարծում եմ, որ, այո, լուրջ քայլ արած կլինի պարոն Սերժ Սարգսյանը վերահաս վտանգի առաջ ազգը կոնսոլիդացնելու, համազգային լիդեր դառնալու ճանապարհին: Իրողություն, որն այսօր օդի ու ջրի պես պետք է ոչ այնքան տվյալ անձին, որքան երկրում ստեղծված իրավիճակն առողջացնելու համար: Համոզված կարող եմ ասել, որ այդ քայլից հետո իրավիճակը հանրապետությունում շեշտակիորեն կլիցքաթափվի: Իսկ ինձ համար առավել կարեւոր է, որ Հայաստանն արդեն հանդես կգա համաշխարհային հանրության առաջ որպես միատարր, որպես միաբանված քաղաքական հասարակություն եւ այսօր ոմանք չեն հեգնի՝ ասելով, որ արտաքին քաղաքականության հաջողությունները դեռեւս բավարար չեն Հայաստանի Հանրապետության նախագահի համար, քանի որ երկրի ներսում անկայունություն կա:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել